«ԻՀԱՐԿԵ, ԽՆԴԻՐԸ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԷՐ, ԲԱՅՑ...»
Արխիվ 12-16«ԻՀԱՐԿԵ, ԽՆԴԻՐԸ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԷՐ, ԲԱՅՑ...»
Երեկ Ազգային ժողովում 67 կողմ, 18 դեմ եւ 29 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու կառավարության նոր օրինագիծը: Բացի ՀՅԴ-ից, ընդդիմությունը` ՕԵԿ-ը, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», օրինագծին դեմ քվեարկեցին: Իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն մնացին ձեռնպահ: Եվ ըստ էության, մի քանի ամիս հանրության առաջ ծառացած խնդիրը լուծվեց բացառապես ՀՀԿ-ի շնորհիվ: Հիշեցնենք, որ օրենքի այս փոփոխությամբ, այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում, որպեսզի պարտադիր կերպով իրենց աշխատավարձերից հինգ տոկոս պահվի, սեփական դիմումի համաձայն` կարող են հրաժարվել դրանից: Խնդրի լուծման այս տարբերակին, կարծես թե, դեմ չեն նույնիսկ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները, մինչդեռ զարմանալիորեն նորաթուխ ընդդիմադիր «Օրինաց երկիր» խմբակցությունը համառորեն շարունակում է դեմ լինել, ինչն էլ արտահայտեց քվեարկությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ.
-Մենք ի սկզբանե ասել էինք, որ «պարտադիր» բաղադրիչը պետք է դուրս գա: Վերջին ժամանակահատվածում այդ մասին ասացինք նաեւ հրապարակային եւ դրանից առաջ էլ բազմաթիվ անգամ մեր դիրքորոշումն արտահայտել ենք: Այս դեպքում, երբ կառավարությունը բերեց օրենքի փոփոխության նախագիծ, այդտեղ համապատասխան հոդվածում նշվում է, որ քաղաքացին կարող է դիմում գրել, որպեսզի իրենից չգանձվի հարկադիր պարտադիր կուտակայինը, իսկ մեր դիրքորոշումը այլ է: Ելնելով այն մոտեցումներից, որոնք արդեն իսկ արտահայտել ենք, առաջարկում ենք օրենքի մեջ կատարել փոփոխություն, որպեսզի քաղաքացուց կուտակային հիմնադրամում գանձում կատարվի իր դիմումի համաձայն, եւ սա ավելի մեծ չափով է համապատասխանում սկզբունքին: Այսինքն` սրանք տարբեր մոտեցումներ են, մի դեպքում խոսքը վերաբերում է բացասական մոտեցման, որին քաղաքացին ասում է` ոչ, իսկ երկրորդ դեպքում գանձումը թողնվում է քաղաքացու կամքին: Սա է մեր մոտեցման հիմքերը: Եվ մենք ներկայացրինք օրենքում փոփոխության մեր առաջարկությունը, մինչ այդ էլ, առաջին ընթերցման ժամանակ քվեարկել էինք ձեռնպահ` ներկայացնելով մեր դիրքորոշումները: Սակայն կառավարության կողմից մեր առաջարկությունները չընդունվեց:
- Ինչպես օրենքի փոփոխության քննարկման ժամանակ պարզվեց, ՕԵԿ-ի առաջարկությունը ուշացումով էր ընդգրկվել եւ զուտ տեխնիկական խնդիր էր:
- Ամեն դեպքում, գործադիր իշխանությունը իր դիրքորոշումը արտահայտեց, իսկ թե տեխնիկապես ինչն էր պատճառը, ես չեմ ուզում այդ խնդրին անդրադառնալ: Մեր մոտեցումը սա էր, որովհետեւ դա շատ ավելի ճիշտ է: Մենք ի սկզբանե այդ մոտեցումն արտահայտել էինք եւ ասել, որ ներկայացնում ենք օրենքում փոփոխություն: Մեր առաջարկած փոփոխությունը չընդունվեց, համապատասխան եղավ նաեւ մեր դիրքորոշումը:
- Այս դեպքում կարեւորը հարցի լուծումը չէր, թե ՕԵԿ-ի առաջարկն ընդունելը սկզբունքի հարց էր:
- Նախեւառաջ այստեղ փոխկապակցված երեւույթներ են: Իհարկե, խնդիրը հարցի լուծումն էր, բայց միաժամանակ ի՞նչ մեխանիզմով հարցի լուծումը: Մենք կարծում ենք, որ այստեղ դիմում գրելը բազմաթիվ, այդ թվում եւ հոգեբանական գործոնների հետ է առնչվում: Այսինքն` երեւույթը շատ ավելի խորն է, քան զուտ մեխանիկական ընկալումը, եւ սրանից ելնելով` մենք արձանագրեցինք մեր մոտեցումները, որը եւ դրանից առաջ էլ էինք արտահայտել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

