ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՆԱԽՈՐԴԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեկ ԱԺ-ին կառավարությունը ներկայացրեց օրինագիծ, որով առաջարկվում է օրենսդրությունից հանել հիմնարկ-ձեռնարկությունների պարտադիր աուդիտի դրույթը:
Կառավարությունը իր առաջարկը հիմնավորում է նրանով, որ պարտադիր աուդիտը չի կրում պատասխանատվություն` ձեռնարկության հարկային պարտականությունները կատարելու առումով, հետեւաբար դառնում է լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության աղբյուր: Ըստ էության, այս օրինագիծը նոր կառավարության նոր քաղաքականության արտահայտությունն է, ըստ որի` բիզնեսը ազատվում է շատ անգամ անիմաստ պարտականություններից, եւ բիզնեսի զարգացման համար ստեղծվում են հնարավորինս ազատ պայմաններ: Ինչպես հայտնի է, նախորդ կառավարությունը հովանավորում էր ոչ թե բիզնեսը, այլ` ֆինանսական համակարգը, եւ պարտադիր աուդիտի ինստիտուտը երաշխավորված եկամուտ էր տալիս ֆինանսական ֆիրմաներին: Այսպիսով, նախկին վարչապետի եւս մի ժառանգությունից ազատվում է ներկայիս կառավարությունը: Ինչքան էլ զարմանալի լինի, առաջարկությանը դեմ արտահայտվեց ընդդիմությունը, եւ այդ կապակցությամբ Վարդան Այվազյանը ելույթում ասաց, թե մի դեպքում պարտադիրին դեմ եք, մյուս դեպքում` կողմ: