Համայնքի ղեկավար. «ՉԻՆԱՐԻՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՆՈՒԿ ԹՇՆԱՄՈՒՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՁԵՎԸ ԳԻՏԻ» (Տեսանյութ)
Արխիվ 12-16Համայնքի ղեկավար. «ՉԻՆԱՐԻՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՆՈՒԿ ԹՇՆԱՄՈՒՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՁԵՎԸ ԳԻՏԻ» (Տեսանյութ)
Սահմանամերձ Չինարի համայնքում հաճախ թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտումով տեղացող կրակոցները խեղդվում են երգ ու պարով: Չինարեցին, որքան էլ տուժում է հակառակորդի կրակոցներից, բայց չի կորցնում իր աննկուն կամքը եւ իր տանն ու հողին տեր կանգնելու հզոր ոգին: Այսօր արդեն մեծանում է նույն կրակոցների տակ օրորոցում քնած, երբեմն հայրական քնքշանք չտեսած նոր սերունդը, որը ոչ պակաս իր հայրերից ու մայրերից, առավել հայրենասեր ու ազգասեր է: Բոլորն էլ սիրում են Չինարին ու արհամարում են այն կրակոցները, որոնք ոչ թե ուղղվում են հավասարը հավասարին, այլ մանկապարտեզի, դպրոցի, հողի վրա աշխատող մշակի ուղղությամբ…
Վերջերս Մայր Աթոռի նախաձեռնությամբ, Վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շուրջ 140 ուխտավոր ու լրագրող, այդ թվում նաեւ «Իրավունքը», այցելեցին Տավուշի սահամանամերձ գյուղեր: Առիթ ունեցանք նաեւ զրուցել Չինարի համայնքի ղեկավար ՍԱՄՎԵԼ ՍԱՂՈՅԱՆԻ հետ:
- Պարոն Սաղոյան, հակառակորդի անդադար կրակոցներին անգամ երկօրյա այցի ընթացքում ինքներս
ականատես եղանք: Ինչպե՞ս է այս պայմաններում գոյատեւում չինարեցին:
- Չինարիում սկսած հրադադարից հետո` 1994 թվականից առ այսօր, կրակոցները չեն դադարել: Ամեն ամիս, եթե ոչ ամեն օր, միշտ էլ, չգիտեմ ինչու, թշնամին իր հենակետերից կրակի տակ է վերցրել գյուղում հողի վրա աշխատողին եւ երբեք չի թողել, որպեսզի մենք խաղաղ կերպով աշխատենք: Արոտավայրերը եւ վարելահողերը գտնվում են թշնամու վերահսկողության տակ, որոնք, ցավոք սրտի, չեն մշակվում: Մշակվում են միայն ներքեւի հատվածը, որտեղ մի քիչ ապահով է եւ հեռավորությունը թույլ է տալիս, որպեսզի կարողանանք զբաղվել հողագործությամբ: Չէ՞ որ բնական է, այստեղ հիմնական ժողովրդի զբաղվածությունը հողագործությունն է եւ անասնապահությունը:
- Հաճախ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, թե Չինարիում կամ ողջ տարածաշրջանում լարվածությունը մեծացել է, խուճապ է…
- Ոչ, երբեք նման բան չի եղել: Չինարին արդեն սովորել է, ցանկացած մանուկ թշնամուց պաշտպանվելու ձեւը գիտի: Այստեղ միակ վտանգավորությունն առաջին գնդակներն են, որոնք անակնկալ պահի կարող են ուղղվել ցանկացած մարդու վրա, իսկ դրանից հետո արդեն բոլորը գիտեն պաշտպանվելու ձեւերը: Հուրախություն մեզ, մեր բնակարանների 80 տոկոսը մեջքով դեպի հենակետերն են, 20 տոկոսն է դիմային, եւ, ցավոք սրտի, այդ թաղամասերը հաճախակի հակառակորդը վերցնում է նշանառության տակ: Այո, թեպետ հակառակորդի հենակետերից մի քանի հարյուր մետրի վրա են գտնվում գերեզմանատունը, մանկապարտեզը, դպրոցը, բայց մենք կարողանում ենք ապրել, արարել: Վերջին ամիսներին նրանք չթողեցին անգամ, որ մենք մեր հանգուցյալներին հուղարկավորենք եւ երկու միջադեպ եղավ, որ կրակեցին հուղարկավորության թափորի վրա: Մենք ստիպված էինք գիշերը հուղարկավորել:
- Իսկ մանկապարտեզ ու դպրոց հաճախող վաղվա սահմանապահ չինարեցինները ի՞նչ թիվ են կազմում:
- Մանկապարտեզում ունենք 28 երեխա, դպրոցում` 119 երեխա: Այս տարի ունենք 12 շրջանավարտ, իսկ առաջին
դասարանում` 10 երեխա: Ցավոք սրտի, պակասել են, բայց չինարեցիները երբեք պատերազմի ժամանակ վախից չեն փախել: Պարզապես, գյուղում ապրում են մարդիկ եւ չունեն աշխատանք, այսինքն` գյուղի մարդը պետք է լինի կա՛մ հողի մշակ, կա՛մ անասնապահ, եթե չի կարողանում ռեալ կերպով հոգա իր ընտանիքի սոցիալ-տնտեսական հարցերը, հողատարածքները գտնվում են թշնամու հենակետերի հսկողության ներքո, ստիպված հեռանում է: Բայց անցած տարի մենք գնացինք համարձակության եւ վերեւի տարածքներում ցորեն ցանեցինք: Պատկերացրեք, որ կոմբայնավարը «բրոնեժիլետով եւ կասկով» էր, ես էլ կողքը կանգնած, որպեսզի կարողանանք մեր հացը վերցնել թշնամուց:
- Գյուղն ի՞նչ հրատապ խնդիր ունի:
- Խաղաղություն եւ միայն խաղաղություն, եթե դա լինի, մենք էլ խնդիրներ չենք ունենա: Այսօր մենք գտնվում ենք կառավարության ուշադրության կենտրոնում: Պատշաճ ուշադրություն է դարձվել մեր համայնքին եւ վերջին հինգ տարվա ընթացքում ե՛ւ միջհամայնքային ճանապարհն է
ասֆալտապատվել, ե՛ւ համայնքն ամբողջությամբ գազաֆիկացվել է: Ամբողջությամբ կառուցվել են խմելու եւ ոռոգման ջրագծերը: Բայց մարդիկ պետք է այնպիսի վստահություն ձեռք բերեն, որպեսզի նորից կպնեն իրենց հողին, ես դա իմ անձնական օրինակով եմ ցույց տալիս իմ գյուղացիներին:
- Զարմանալիորեն այն քիչ գյուղապետերից եք, որ կառավարությունից պահանջներ չունի…
- Ես վեց տարի է աշխատում եմ եւ այդ ընթացքում Պաշտպանության նախարարը երեւի մի 11 անգամ եղել է համայնքում, իմ գյուղացիների կեսից ավելին ճանաչում են նրան անձնապես: Ամեն անգամ նա գալիս է, ժամերով շփվում ժողովրդի հետ ու բավականին ե՛ւ անձնական, ե՛ւ կառավարության կողմից ներդրումներ է կատարում: Նա ցանկացած հարցով կանգնած է մեր կողքին` որպես կառավարության անդամ պաշտպանության նախարարը մեր ձայնը կարողանում է հասցնել կառավարությանը եւ մեր խնդիրներին լուծում տալ:
Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

