ԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՅ ԲԵՄՈՒՄ
Արխիվ 12-16ԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՅ ԲԵՄՈՒՄ
Մայիսի 13-ին «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հանդես եկավ Բեռլինի պետական նվագախումբը` գլխավոր դիրիժոր ԴԱՆԻԵԼ ԲԱՐԵՆԲՈՅՄԻ գլխավորությամբ: Գրեթե 450 տարվա ավանդույթներով Բեռլինի պետական նվագախումբը, աշխարհի հնագույն նվագախմբերից է, որը հիմնադրվել է 1570 թվականին:
Ըստ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ, սա բացառիկ երևույթ է. «Փառատոնի ընթացքում սա ամենադժվար կայացած երևույթներից մեկն է, քանի որ ամբողջ աշխարհում դասական երաժշտության մեջ ավելի նվիրական անուն, քան Դանիել Բարենբոյմի անունն է« անհար է գտնել: Բոլոր բառերն արդեն ասվել են, այսօր այստեղ է մի մարդ, ով ստացել է բազմաթիվ մրցանակներ թե՛ երաժշտական ոլորտում, թե՛ տարբեր երկրների նախագահների կողմից շնորհված: Մեր դասական երաժշտության համար այս ամենը պատմական երևույթ է»:
«Իմ ստեղծագործական գործունեության ընթացքում հանդես եմ եկել տարբեր երկրներում, ունեմ հայ ծանոթներ և ընկերներ, որոնց հետ շփվում եմ: Շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ մի երկրում, որն աշխարհին այդքան մեծ անհատականություններ է տվել»,-հուրախությամբ նշեց ԴԱՆԻԵԼ ԲԱՐԵՆԲՈՅՄԸ ընդգծելով, որ Բեռլինի պետական նվագախումբը աշխարհի թվով երկրորդ հին նվագախումբն է, որն ունի հզոր անցյալ. «Սակայն, անցյալը պետք է ներկա լինի, հակառակ դեպքում այն դառնում է մեխանիկական հիշողություն»,-հավելեց Դ.Բարենբոյմը:
Մեծանուն դիրիժորը իրեն համարում է ազատ երաժիտ և հավաստիացնում, որ երաժշտությունը մարդուն ստիպում է առանձին երևույթներն ապրել միասին: Նա համախմբվածության կողմնակից է, չնայած համոզված է, որ երաժշտությունը պահանջում է անհատականություն: Մեծ երաժիշտը դժվարացավ նշել իր երազանքներից որևէ մեկը, քանի որ դրանք շատ են:
Նշենք, որ 2000 թվականին« Բեռլինի պետական նվագախումբը նրան ընտրել է ցմահ գլխավոր դիրիժոր:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

