Մովսեսի գյուղապետ.«ԱՅՍՊԵՍ, ԹԵ ԱՅՆՊԵՍ ԱՅՍ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԵՌԱՆԱԼՈՒ, ԻԶՈՒՐ Է ԹՈՒՐՔԸ ԽԱՂԵՐ ՏԱԼԻՍ
Արխիվ 12-16Մովսեսի գյուղապետ. «ԱՅՍՊԵՍ, ԹԵ ԱՅՆՊԵՍ ԱՅՍ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԵՌԱՆԱԼՈՒ, ԻԶՈՒՐ Է ԹՈՒՐՔԸ ԽԱՂԵՐ ՏԱԼԻՍ»
Մովսես գյուղում ամեն մի բնակիչ իր հերոսական պատմությունն ունի: Եթե մայրաքաղաքում ՀՀ քաղաքացին հանգիստ գլուխը բարձին է դնում, ապա մովսեսցին մշտարթուն է, որովհետեւ չգիտի, թե օրվա որ ժամին թուրքն իր սեւ գործին կանցնի ու հերթական կրակոցները կտեղան խաղաղ բնակչության տների վրա: Մինչ տեղին ու անտեղին երբեմն շահարկվում է արտագաղթի թեման, շուրջ 1400 մովսեսցի բաց ճակատով, ամուր կառչած մնալով իր հողից ու տնից, շարունակում է սահմանամերձ գյուղում ապրել ու արարել եւ իր վտանգներով լի կյանքով ապահովել ոչ սահմանամերձ գյուղերի ու քաղաքների անվտանգ եւ բնականոն առօրյան: Լինելով սահմանամերձ գյուղում` հերոս բնակչության եւ առկա խնդիրների մասին զրուցեցինք Մովսեսի
գյուղապետ ԱՐԱՐԱՏ ԱՎԱԼՅԱՆԻ հետ:
- Պարոն Ավալյան, ինչպես գիտենք Մովսեսի հողատարածքները ամենավտանգավորներից է ու հաճախ է հայտնվում թշնամու թիրախում: Փաստորեն, գյուղացին զրկվա՞ծ է հող մշակելուց:
- Հիմնական սահմանի վրա մեր այգետարածքներն են, որը վտանգավոր գոտում է, բայց էլի որոշակի հատված մշակում են մարդիկ: Երեւի այգիների 20-25 տոկոսն է մշակվում, որը թեպետ վտանգավոր գոտում է, բայց ոչ այդքան: Իսկ մնացած տարածքները լրիվ թիրախի տակ են: Բայց ցանքատարածքների աճի միտում կա: Անցած տարի 142 հեկտար աշնանացան ենք ունեցել, այս տարի արդեն մոտավորապես 210 հեկտար աշնանացան ունենք: Ուղղակի, գյուղը կոմբայնի խնդիր ունի, որ այդ հարցը լուծվի, ընդհանուր ցանքատարածքները կավելանան:
- Բացի ամենակարեւորից` խաղաղությունից, ի՞նչ սոցիալական խնդիրներ ունի այսօր մովսեսցին:
- Եթե խաղաղություն լինի, ուրեմն` հաստատ իմացեք, որ այս ժողովուրդը իր սոցիալական խնդիրները կապահովի: Այսօր էլ թեկուզ իր սոցիալական խնդիրների մինիմումն է կարողանում լուծել, բայց չի բողոքում:
- Զարմանալիորեն Դուք ասում եք չեն բողոքում, բայց մամուլում ամեն օր այլ հրապարակումներ են գրվում:
- Երբ նման բաներ են գրում, ես նույն վայրկյանին նրանց զանգահարում ու ասում եմ, որ այդպես չէ: Աշնանը ութ տոննա ցորենի սերմ ենք գնել ու ոչ մեկը չի դժգոհել, գարնանը 16 տոննա 856 կգ ազոտական պարարտանյութ ենք գնել եւ կրկին դժգոհություն չի եղել: Փառք Աստծո, այն մովսեսցիները, ովքեր դրսում են, իրենց ընտանիքներին պահում են ու մարդիկ գոյատեւում են: Այնպես որ, ժողովուրդը բարոյալքված չէ, որ իր վիճակից ելնելով թողնի գնա իր տնից, ամեն մեկն իրենց օջախները շենացնում են:
- Իսկ ընդհանրապես գյուղում աշխատանք կա՞:
- Իմ աշխատակազմն է 20 հոգի, 10 հոգի մանկապարտեզում են աշխատում, մեկ էլ դպրոցի անձնակազմն է, ուրիշ աշխատատեղ չկա: Եվ, իհարկե, կան մասնավոր շինարարությամբ զբաղվող մարդիկ:
- Լավ, ինչպե՞ս է գոյատեւում մովսեսցին:
- Դրսի մովսեսցիներից ֆինանասական աջակցություն կա, առանց դրա մենք չենք կարող գոյատեւել: Այսօր սոցիալական վիճակն է մարդկանց թելադրում ապագան, ով հնարավորություն ունի ներսում գոյատեւելու գոյատեւում է, իսկ ով` ոչ, դրսի հետ է կապում իր կյանքը: Բայց հաստատակամ բոլորի ուշադրությունն էլ գյուղի վրա է: Օրինակ, աղբահանություն ենք կազմակերպել եւ ֆինանսավորումը մովսեսցի մոսկվաբնակների կողմից է: Ամսական 90 հազար դրամ տալիս են եւ տասնօրյակը մեկ աղբահանություն է կազմակերպվում: Ընդհանրապես, շատ աշխատանքներ ենք կատարում այնտեղի գումարների հաշվին, որովհետեւ բյուջեն այսօր սուղ է, հազիվ աշխատավարձի է հերիքում եւ մի քանի բերակարգման աշխատանքների:
- Վերջին անգամ դեպի Մովսես գյուղն ուղղված կրակոցներով ե՞րբ է արձանագրվել թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտում:
- Շուրջ 24 տարի այդ կրակոցները երբեւէ չեն էլ դադարել: Տան պատերը, պատուհանները, դռները հաճախ են վնասվում այդ կրակոցներից:
- Ի վերջո, խնդրի լուծում տեսնո՞ւմ եք:
- Լուծումն այն է, որ թուրքը մի քիչ խելք ունենա, հասկանա ու չկրակի, որովհետեւ մեկ է, մենք հողերը չենք տալու: Այսպես, թե այնպես այս տարածքներից մենք չենք հեռանալու, իզուր է թուրքը խաղեր տալիս:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ. Գ.- Նշենք, որ Մայր Աթոռի նախաձեռնությամբ, Վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ օրերս շուրջ 140 ուխտավոր, այդ թվում լրագրողներ, այցելեցին Տավուշի սահամանամերձ գյուղեր:

