ԼՈՌԻ ԱՆՏՈՆՅԱՆ.ՙՕՏԱՐ ՀՈՂՈՒՄ ՀԱՅ ՄՆԱԼԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է՚
Արխիվ 12-16ԼՈՌԻ ԱՆՏՈՆՅԱՆ.ՙՕՏԱՐ ՀՈՂՈՒՄ
ՀԱՅ ՄՆԱԼԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է՚
Աշխարհի որ ծայրում էլ ապրի հայը, երբեք չի մոռանում իր հայրենիքը, իր արմատները, ավելին` կարողանում է հայ մշակույթն ու արվեստը պահպանել եւ ներկայացնել օտարներին, այսպիսով հավատարիմ մնալով իր ինքնությանը: Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու` Արգենտինայի Մոնրեալ քաղաքում ապրող դաշնակահարուհի եւ երգչուհի ԼՈՌԻ ԱՆՏՈՆՅԱՆՆ այդ մարդկանցից մեկն է, ով ընդամենը 22 տարեկան էր, երբ հիմնադրեց իր նվագախումբը եւ երգչախումբը:Նպատակը մեկն էր` տարածել եւ ներկայացնել հայկական հարուստ երաժշտությունն ու երգարվեստն օտարներին: 15 տարեկանում առաջին անգամ Լ. Անտոնյանը հանդես եկավ որպես կամերային նվագախմբի ղեկավար, եւ այդ օրվանից էլ նրա մեջ հասունացավ գաղափար` ուրիշների նվագախումբը ղեկավարելու փոխարեն ստեղծել իրենը: Որոշ ժամանակ անց, Լոռին իրականացրեց իր գաղափարը եւ ստեղծեց ՙԻՄՊԵՐԻԱԼ՚ նվագախումբը, քանզի երաժշտությունը նրա համար մի ամբողջ կայսրություն է: Նախապես նվագախմբում հանդես էին գալիս տարբեր ազգերի 25 երաժիշտներ, այնուհետեւ նրանց թիվը հասնում է 50-ի: Այս նվագախմբի հետ երիտասարդ խմբավարուհին հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում եւ ներկայացրել հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս օրերին Լոռի Անտոնյանն առաջին անգամ հայրենիքում է: Ուսման եւ բազմաթիվ համերգների պատճառով Լոռին տարիներ շարունակ հեռու է ապրել այն երկրից, որի մասին յուրաքանչյուր համերգի ժամանակ պատմել է օտար հանդիսատեսին` հայկական երաժշտության միջոցով:
ՙՀԱՅ ԱԶԳԸ ԱՐՎԵՍՏՈՎ ԵՎ ՏԱՂԱՆԴՆԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ Է՚
-Տպավորություններս հրաշալի են, Հայաստանը հրաշք երկիր է, նման վայր Եվրոպայում չկա: Իսկ հայ ազգը արվեստով եւ տաղանդներով լեցուն ազնիվ ազգ է: Ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում եւ հասկանում, որ իսկապես տանն եմ: Հայությունն իմ արյան, սրտի մեջ է, դեռ մանկուց օտարության մեջ իմ տանը լսել եմ միայն հայկական երաժշտություն եւ խոսել միայն հայերեն: Այստեղ ես լսեցի Կոմիտասի անվան քառյակին եւ հասկացա, որ լինելով հայրենիքից հեռու, միեւնույն է` մենք նույն տեսակով ենք նվագում եւ նույն ոգին կա մեր նվագի մեջ` կարեւորը ոգին է եւ այդ երաժշտությունն զգալը:
ՙՕՏԱՐՆԵՐԸ ԼԱՎ ԶԳՈՒՄ ԵՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՚
-Հեշտ է ղեկավարել մի ամբողջ նվագախումբ, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կան:
- Դժվարություններ շատ կան. երիտասարդ աղջիկ եմ, ինչը նորություն է, քանի որ իգական սեռի ներկայացուցիչ դիրիժորներ քիչ կան: Այդ ասպարեզում առաջ գնալ շատ դժվար է, քանի որ ոչ բոլորն են ընդունում աղջիկ դիրժորներին: Ինձ միշտ Աստված օգնել է եւ իմ առջեւ բացել դռներ, որպեսզի կարողանամ հայկական երաժշտությունը եւ մշակույթը ներկայացնել օտարներին: Այս առումով քիչ-քիչ իրականացնում եմ իմ նպատակները, դրանցից մեկն էլ հենց այն էր, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներին սովորեցրի հայկական երգերի բառեր, որպեսզի նրանք կատարեն մեր երգերը: Այսպես ավելի լավ է, ուստի երգելուց հետո նրանք զգում են այդ երգերի հզորությունը: Տարբեր երկրներում համերգների ժամանակ ունեմ մեկ սկզբունք` համերգը սկսել եւ ավարտել Էրեբունի-Երեւան երգով: Անկախ իրենց մաշկի գույնից եւ անկախ այն հանգամանքից` հասկանո±ւմ են հայերեն, թե ոչ, մարդիկ համերգի վերջում մոտենում են ինձ եւ ասում, որ մեր հայկական երաժշտությունը շատ գեղեցիկ է: Այս ամենից ես պարզապես հաճույք եմ ստանում, որ մեր երաժշտությունը դիպել է օտար հանդիսատեսի սրտին: Համերգներից մեկի ժամանակ շատ էի ուզում, որ բոլորը` անկախ ազգությունից, երգեն ՙԿիլիկիան՚ եւ հասա իմ նպատակին: 175 հոգանոց երգչախմբին սովորեցրի երգել հայերեն, նրանցից շատերն ինձ հարցնում էին, թե` Լոռի, ինչո±ւ պետք է երգենք հայերեն, այլ ոչ թե ֆրանսերեն: Նրանց մեկ պատասխան տվեցի. ՙԴուք երգում եք ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ինչո±ւ չպետք է երգեք նաեւ հայերեն, ո±րն է տարբերությունը՚: Դրանից հետո նրանց ներկայացրի, թե երգն ինչի մասին է եւ ասեմ, որ մեծ ոգեւորությամբ եւ զգացումով երգեցին:
ՙՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԿԱՆ ՄԵԾ
ՆԱԽԱԳԾԵՐ՚
-Այս այցելության ընթացքում նախատեսե±լ եք համերգային ծրագրեր:
- Այս անգամ` ոչ, սակայն հասցրել եմ հանդիպել շատ կոմպոզիտորների եւ դիրիժորների հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի հաջորդ տարի միասին իրականացնենք համերգային մեծ ծրագիր: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Մոնրեալ քաղաքում նույնպես պետք է իրականացնենք համերգային նախագիծ: Կան նաեւ նախագծեր` կապված Հայաստանի հետ: Համերգային ծրագրեր Մոնրեալում միշտ ենք իրականացնում, եւ բոլորին բացատրում, թե ինչ օր է մեզ համար ապրիլի 24-ը, ինչ է տեղի ունեցել այդ օրը: Այլ երկրներում հայկական երաժշտության նկատմամբ մարդիկ անտարբեր չեն, սակայն քիչ մարդիկ կան, որ այդ երաժշտությունը եւ մեր պատմությունը ներկայացնում են օտարներին: Իմ նվագախմբի միջոցով ամեն կերպ աշխատում եմ հրամցնել այդ ամենը: Աշխարհը պետք է իմանա, որ մենք զորավոր եւ հաղթանակած ազգ ենք: Երազանքս է, իմ նվագախմբով մի օր հանդես գալ Հայաստանում եւ հայ հանդիսատեսի համար համերգ ունենալ, հայերին ասել, որ օտարները հայկական երաժշտությունը հասկանում եւ զգում են, ինչպես` մենք: Միշտ պատրաստ եմ Հայաստան գալու համար, մեծ փափագ ունեմ հանդես գալ ՙԱրամ Խաչատրյան՚ եւ այլ համերգասրահներում, որպեսզի զգամ, թե հայ խմբավարը այդ բեմերում ինչպես է իրեն զգում, ես էլ ինձ իմ տան մեջ զգամ:
ՙԱՄԵՆ ԱԶԳ ՉԷ, ՈՐ ԳԻՏԻ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՚
-Չտեսնելով հայրենիքը, Ձեր ամբողջ գործունեությունը ուղղված է եղել հայ մշակույթի պահպանմանը եւ տարածմանը: Ինչպես է հաջողվել օտար հողում այդքան հայ մնալ:
- Օտար հողում հայ մնալը շատ դժվար է, բայց պետք է ասեմ, որ Մոնրեալում հայերը շատ միասնական են, հայկական մշակութային շատ ակումբներ ու եկեղեցիներ ունենք, որոնք էլ մեզ օգնում են պահպանել մեր ինքնությունը: Ամեն ազգ չէ, որ գիտի մեր ով լինելը, ամեն մարդ չէ, որ հասկանում է, թե ինչ խելացի ազգ ենք: Պետք է անընդհատ պայքարենք, որպեսզի մեր ցանկությունները տեղ հասցնենք: Ուրախալի է, որ այստեղի երիտասարդները նույնպես պայքարող են եւ հայրենասեր, նրանք պարզապես սիրահարված են մեր երկրին: Այստեղից ինձ հետ կտանեմ նրանց սերը, որպեսզի օտարության մեջ, որպես հայ, ինձ միայնակ չզգամ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

