ՙԹՇՆԱՄԻՆ ՄԵԶ ԱՅՆՔԱՆ ՄՈՏ Է, ՈՐ ԱՆԳԱՄ ԱՉՔԵՐԻ ԳՈՒՅՆՆ ԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԹՇՆԱՄԻՆ ՄԵԶ ԱՅՆՔԱՆ ՄՈՏ Է,
ՈՐ ԱՆԳԱՄ ԱՉՔԵՐԻ ԳՈՒՅՆՆ ԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ՚
Մեզ են մոտենում երկու ժամկետային զինծառայող: Երկուսն էլ, համեմատած մեր առաջին զրուցակցի հետ, ավելի հաղթանդամ են, երկուսի դեմքն էլ արեւահար է եւ հողմահարված, համազգեստները` մի փոքր ավելի խունացած: Պարզ է` արեւի տակ ավելի շատ են լինում: Ինչպես քիչ հետո պարզվեց, երկուսն էլ հենակետի ավագ են, երկուսն էլ դիրքապահ են:Հնչում է հարց, զրուցակիցդ պատասխանում է, հնչում է հաջորդ հարցը, կրկին` պատասխան, բայց երկխոսության շղթան նույնքան սահուն չի շարունակվում, քանզի ստացված պատասխաններից հուզմունքն այլեւս խեղդում է կոկորդդ, հոգիդ լցվում հպարտությամբ, ազգային ուժով, հայրենասիրական նորովի շնչով, ու չես կարողանում հնչեցնել հաջորդ հարցդ… Զրուցակիցներս հայոց բանակի հայ զինվորներն են…
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՍԽԱԼ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆ ՏԱ
ՙ
Հերոսություն է հայոց բանակում ծառայելը. միգուցե հնարավորություն ստանաս փրկելու մարդկային կյանքեր, ազատագրելու տարածքներ, ուստի կոչ եմ անում ոչ ոքի չխուսափել ծառայությունից կամ այլ հանգամանքներով ազատման ելքեր փնտրել: Բանակը տալիս է այն հողը, որը սնում է միտքդ, այստեղ տեսածի ու զգացածի համեմատ քաղաքացիական կյանքն այնքան չնչին է… Զինվորական ծառայությունը միայն մարմնի կոփվածություն չէ, այն ավելի շուտ մտքի դաստիարակություն է: Հայ զինվորականն առաջին հերթին պետք է մտավորական լինի, նոր միայն մարտնչող մարտիկ՚,- ասում է ժամկետային զինծառայող վարդենիսցի ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ով զինվորական մասնագիտությամբ մոտոհրաձիգ է, բարեխիղճ եւ օրինակելի ծառայության համար պարգեւատրվել է կրծքանշանով, հենակետի ավագ է եւ իր պատասխանատվության տակ ունի 15 զինվոր: Որպես հենակետի ավագ` Արթուրի պատասխանատվությունը ընկերների նկատմամբ մեծանում է հատկապես առաջնագծում, քանի որ այնտեղ ավելի մոտ են թշնամուն ու առաջին բանը, որ զինակիցներին փորձում է հասկացնել` ՙդուխով՚ լինելն է. ՙԹշնամին մեզ այնքան մոտ է, որ անգամ աչքերի գույնն ենք տեսնում, բայց չկա մտավախության ոչ մի կաթիլ… Ինքնավստահ ենք, ու ամենակարեւորը վստահում ենք ե°ւ իրար, վստահում ենք ե°ւ մեր հրամանատարությանը: Ու նաեւ հույս ու սպասում ունենք, որ մի օր առաջ գնալու ու նոր տարածքներ ազատագրելու հրաման կստանանք. ամենքս ունենք այդ սպասումը…՚:
Արթուրը, խոսելով ծառայության ընթացքում իր լավ ու վատ օրերի մասին, ժպիտով առանձնացրեց հատկապես բանակային KBH-ում ունեցած իրենց հաղթանակի օրը, իսկ ամենավատ օր այդպես էլ չմտաբերեց, կամ, ով գիտե, միգուցե, որպես իսկական հայ տղամարդ, չցանկացավ բարձրաձայնել. ՙՄինչ ծառայությանս անցնելը` քաղաքացիական կյանքում` բանակի մասին շատ էի բացասականը լսել, խստություն ասելով` հասկանում էի մարդկային փոխհարաբերություններից զուրկ, առանց հոգու բովանդակության մի բան, կարծում էի այն այնքան բարդ ու խիստ համակարգ է, որում ամենքը չէ, որ կարող են ՙտեղավորվել՚, բայց իրականում պատկերն այլ է, այստեղ եւս գրագետ, դաստիարակված ու ասելիք ունեցող շերտ կա՚:
Արթուրը պայմանագրային ծառայության մնալ չի ցանկանում, քանի որ հեռուստառեժիսորի իր մասնագիտությունն առավել է սիրում, բայց վաղվա իր կրտսեր զինծառայող եղբայրներին խորհուրդ է տալիս լսել հրամանատարներին, քանզի նրանք երբեք սխալ խորհուրդ չեն տա ու որպես վերջաբան հավելում է. ՙԲանակում հաստատվել, տեղը գտնել կարող է միայն բարոյապես կայացած մարդը, ով քաջ է ու ազնիվ... Ու… ընկերուհուս եմ շատ կարոտել, մտովի զրուցում եմ նրա հետ, բայց անհանգիստ չեմ. գիտեմ` սպասում է ինձ…՚:
ՙԲԱՆԱԿԸ ԿՅԱՆՔԻ ԽՏԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է՚
Զրուցելով նաեւ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ ՀԱՅԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ հետ, անդրադարձանք 2014 թվականի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի թեմային. ՙՓողոցային բարքերը բանակ, իսկապես, դրսից են գալիս, չէ± որ զինվորը հասարակության մի մասնիկ է: Այդ բարքերից միանգամից անջատվել հնարավոր չէ, դրանք կամաց-կամաց պետք է նահանջեն, ի դեպ, նախորդ տարիների համեմատ բավականին առաջընթաց կա: Արատավոր բարքերն են, որ բարդացնում են մարդկային ճիշտ փոխհարաբերությունները, հարցի լուծման ուժային եղանակներ ի հայտ բերում: Բայց նշենք, որ կան նաեւ մի շարք այլ խնդիրներ, որոնցում զինվորն ինքն իր կամքով է հայտնվում. նախնական մեկնարկային հնարավորություններ բոլորին են տրվում, ընտրողը դու ես, եւ անկախ նրանից` բանակում ես, թե մի այլ տեղ, կատարում ես այն, ինչ ինքդ ես ուզում: Բանակը կյանքի խտացված տարբերակն է` ունի ե°ւ դրական, ե°ւ բացասական կողմեր, պարզապես այստեղ ամեն ինչ վառ գույներով է ներկայանում. քաղաքացիական կյանքի վարդագույնն այստեղ կարմիր է, մոխրագույնը` սեւ…՚:
Իր ենթակայության տակ ունենալով զինվորական խումբ` Հայկը կարծում է, որ լավ հրամանատարը պետք է առաջին հերթին զինվոր լինի եւ իր ենթակայի մեջ սերմանի այն միտքը, որ իրենք մեկը մյուսի շարունակությունն ու լրացումն են:
Հայկն իր խոսքն ավարտեց նժդեհյան հետեւյալ մտքով. ՙԱպրել ու գործել այն բանի համար, ինչի համար արժե մեռնել եւ մեռնել այն բանի համար, ինչի համար արժե ապրել…՚:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

