ՓԱՅԾԱՂԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է
Արխիվ 12-16Այդպես են համարում հանցագործ աջիկների ազգականները, որոնք վճռական են բողոքարկելու Մոսկվայի Նարո-Ֆոմինսկի դատարանի դատավճիռը: Գազանները յոթն էին, այդ թվումª անչափահաս աղջիկներ: Տարիուկես առաջ նրանք դաժանաբար ծեծել էին անչափահաս հաշմանդամ մի աղջնակի եւ խլել էին հեռախոսը: ՙԱվարը՚ հանձնվել էր գրավատուն (հասկանալի էª առանց հետ վերադարձնելու նպատակի), իսկ զոհը հայտնվել էր հիվանդանոցում, որտեղ հեռացրել էին նրա փայծաղը: Հաշմանդամ աղջկան լկտի ՙընկերուհիները՚ նախ ծեծել էին փողոցում, հետո շարունակել են դաժան հաշվեհարդարը անտառում:
Դատարանը զարմանալիորեն մեղմ էր վերաբերվել մեղադրյալների հանդեպ. անչափահաս մասնակիցներին նշանակվել էր պայմանական պատիժ: Ամբողջությամբ չէր բավարարվել նաեւ տուժող կողմիª պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ պահանջը: Սակայն մեղադրյալները եւ նրանց ազգականները հայտարարել են, որ նշանակված մեկ միլիոն ռուբլի փոխհատուցումն էլ շատ է` հեռացված փայծաղի դիմաց:
ԱՇԽԱՏԵՔ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ
ՙԱվազակային հարձակումների ժամանակ չբղավել, չվիճել, ընդհանրապես որեւէ կերպ չարձագանքել տեղի ունեցող իրադարձությանը՚:
Այդ թվում այսպիսի խորհուրդներ պարունակող բուկլետներ հրատարակելովª Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի ոստիկանները նախապատրաստվում են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Հանցագործության բարձր ցուցանիշ ունեցող այդ երկրում համոզված են, որ իրենց երկիր հիմնականում այցելելու են զբոսաշրջիկները ԱՄՆ-ից եւ Եվրոպայից, եւ քանի որ նրանք ծանոթ չեն տեղական հանցագործների գործելակերպին, նրանց անհրաժեշտ է տպագիր զգուշացնել դիմադրություն ցուցաբերելու հետեւանքներին. կարող են առանց հապաղելու սպանել...
ԲՌՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸª ԱՆՓՈՓՈԽ
Վաղուց արդեն բոլորին հայտնի է, որ քրեական աշխարհի առավել կարկառուն գործիչներին պետք է որսալ ռեստորաններում: Այս անգամ իրավապահների համար որսավայր էր հանդիսացել Մոսկվայի ՙԱրարատ՚ ռեստորանը:
51-ամյա ՙօրենքով գող՚ Ալեքսանդր Օկունեւին` Օգոնյոկին, կալանավորելու համար այդ ռեստորան մեկնած ոստիկանները այնտեղ ՙձեռի հետ՚, բռնել էին նաեւ ՙօրենքով գող՚ Անդրեյ Բելյաեւին` Խոբոտին: Հասկանալի է, որ գողերը խուզարկվել էին, հասկանալի է նաեւ, որ Օգոնյոկի մոտ հայտնաբերվել էր ՙառանձնապես խոշոր չափի՚ թմրանյութ:
Գողական պատմության մեջ չխորացած լրագրողները չեն կարողացել պարզել, թե քանի դատվածություն է ունեցել կամ ունի Օգոնյոկը, եւ գրել են, որ ՙնախկինում մի քանի անգամ դատվածություն ունեցող՚ Ալեքսանդր Օկունեւը լենինգրադցի է, թագադրվել է 1994-ին Վլադիմիրի բանտում... վրացի ՙօրենքով գողերի՚ կողմից: Այդպես էլ կազմվել է ՙվրացական՚ քրեական խմբավորում, որին անդամակցել են հայտնի գողեր Ռեւազ Ցիցիշվիլին, Էդուարդ Ասատրյանը, Ալեքսանդր Սեւերովը եւ Սերգեյ Բոյցովը:
ՍՐԱՆԻՑ ԷԼ ԼԱՎ ԳՈՎԱԶԴ...
Այն, որ բռնվելուց անգամ փորձված հանցագործները ջանք, եռանդ ու փող չեն խնայում, որպեսզի հերթական անգամ չհայտնվեն բանտում, հայտնի է բոլորին: Կներեք, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Օլեգ Միխեեւին դա հայտնի չէ: Այդ օրենսդիրը առաջարկել է մի օրինագիծ, որը համարվում է ՙբանտային կյանքի ու մտածելակերպի պրոպագանդայի՚ դեմ ուղղված ազդեցիկ միջոց: Ոմանք էլ այն կարծիքի են, որ այդ օրինագիծը ազդեցիկ միջոց է բյուջեն լցնելու համար, քանի որ ՙհանցագործությունները պրոպագանդող՚ ցանկացած դեպք հանգեցնելու է ընդամենը դրամական տուգանքի:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

