ՙԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐԾԱՆԵՑ ԻՐ ԿՅԱՆՔԸ` ԵՐԿՈՒ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԻԶԸ ԾՈՒՌ ԹՈՂՆԵԼՈՎ՚
Արխիվ 12-16ՙԽԱՆԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈՐԾԱՆԵՑ ԻՐ ԿՅԱՆՔԸ`
ԵՐԿՈՒ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԻԶԸ ԾՈՒՌ ԹՈՂՆԵԼՈՎ՚
ՙԻրավունքը՚ նախօրեին անդրադարձել էր մայիսի 12-ին Տավուշի մարզի Իծաքար գյուղում կատարված ողբերգական դեպքին: Երբ նույն գյուղի բնակիչ 33-ամյա Մերուժան Հարությունյանը իր տան ննջասենյակում խեղդամահ էր արել կնոջը` 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին: Հիշեցնենք, որ տեղի գյուղապետը անդրադառնալով կատարվածին` մասնավորապես նշել էր. ՙՆախնական վարկածով, այսինքն` վերջերս, կնոջ պատմելով, ամուսինը սկսել է մի այլ կարգի խմել եւ խանդել կնոջը: Թե ում եւ ինչ պատճառով` տեղյակ չեմ, բայց, որ ընտանեկան վեճ էր եղել խանդի պատճառով, դա հաստատ է՚:
ՙԷՆՔԱՆ ԷՐ ԾԵԾԵԼ, ՈՐ ՎԵՐՋԸ ԽԵՂԴԱՄԱՀ ԷՐ ԱՐԵԼ՚
Դեպքի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք պարզել նաեւ նախ` Հերմինե Չիլինգարյանի հորեղբորից` Ռուբեն Չիլինգարյանից, ով մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց տարածված խոսակցություններն այն մասին, որ իր եղբոր դստերը ամուսինը խանդի հողի վրա է խեղդամահ արել.
- Սաղ սուտ խոսակցություններն են, իրականում եղել է հետեւյալը. Մերուժը պայմանագրային զինծառայող է, հինգ օր առաջ ժամը 11-ին ընկերների հետ ուտել-խմելուց հետո ավտոմատը վերցրել է եւ ժամը 1-ին տաքսիով եկել տուն: Կինը տեսնելով, որ ամուսինը հարբած է, նրան հորդորել է, որ պառկի-քնի: Առավոտյան Հերմինեն հարցրել է, թե ինչու է ավտոմատով եկել, սա էլ, թեª քո գործը չէ, դու հաց ու պանիր դիր, ես գնում եմ: Կնոջ դրած հաց ու պանիրը վերցրել է, տանը եղած օղին էլ հետը ու գնացել: Ամբողջ երկու օր անհայտ կորել էր, չէինք կարողանում գտնել: Դրանից հետո, երբ հայտնվեց գիշերով, գնացի իրենց տուն` ասացի, թե` Մերուժ ջան, էս ի±նչ ես անում: Ինքն էլ, թե. ՙԳիտես, ես հասկանում եմ` լակած եմ եղել, բան չեմ հիշում՚: Հաջորդ օրը էլի խմել էր, գիշերվա ժամը 10-ին էլ մեր էրեխուն սպանել է: Երբ մտանք, տեսանք կինն ամբողջությամբ մերկ, անշունչ պառկած էր, կողքն էլ օղու դատարկ շիշը: Ծեծել ու վերջը խեղդամահ էր արել էրեխուն:
- Մինչ այդ, նրանց միջեւ հաճախակի են վեճեր, ծեծեր եղել:
- Էս մի տարուց ավել է, որ Մերուժն իրեն խմելու էր տալիս, ամբողջ աշխատավարձը օղու վրա էր ծախսում: Հերմինեն միշտ ասում էր, որ իրեն չի ծեծում, բայց հաճախակի երեխաներին է անմարդկային ծեծերի ենթարկում:
ՙԳԻՇԵՐՈՎ` ԿՆՈՋ ԿՈՂՔԻՆ ՄԱՐԴ Է ԲՌՆԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ...՚
Մենք փորձեցինք զրուցել նաեւ Մերուժան Հարությունյանի ծնողերի` Արշակ եւ Ալվարդ Հարությունյանների հետ, ովքեր մեզ հետ զրույցում հաստատում էին շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ իրենց որդին հարբեցող, այնուհետեւ մարդասպան է դարձել` հենց կնոջ հանդեպ խանդի պատճառով: Մերուժանի հայրը` Արշակ Հարությունյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով որդու կատարած արարքին` նշեց.
- Իմ տղան ինձ իր արաքը բացատրել է հետեւյալ կերպ. ասել է, որ գիշերով եկել է, տանը կնոջ կողքին մարդ է բռնել, դրա համար էլ այդ գործողությունը կատարել է: Նա ափսոսում էր, որ չի հասցրել տեսնել, թե ով է եղել կնոջ կողքին, քանի որ նա, տեսնելով տղայիս, փախել է:
- Իսկ մինչ այդ խանդի պատճառ ունեցել է:
- Իհարկե ունեցել է, որ այդ քայլին է դիմել: Նույնիսկ հենց խանդի պատճառով էր տղաս հարբեցող դարձել: Դեպքից հետո տղայիս չեմ տեսել, ոչ ոք չգիտի, թե ուր է, ինչ վիճակում է: Իմ միակ հույսն այն է, որ ի վերջո կմտածի, կհասկանա, թե ինչ է արել ու կգնա, ինքնակամ կհանձնվի ոստիկանությանը, որ իր գործը չբարդացնի: Մենակ թե, ինքը գնա, հանձնվի:
- Իսկ Դուք անձամբ նման վարքագիծ նկատել եք Ձեր հարսի մոտ:
- Դե, բնականաբար, ինձ մոտ ինքը իրեն նման կերպ չէր պահի: Բայց կողքից ամեն օր ասեկոսեներ էին հասնում հարսիս դավաճանությունների մասին: Ճիշտն ասած, տղայիս մի քանի անգամ պատմել էին, բայց ինքը մինչեւ էս վերջերս ասում էր, որ իր կնոջից նման բան չի հավատում: Բայց էս քանի ժամանակում, կարծես թե, համոզվել էր, դրա պատճառով էր սկսել խմել: Էդ էլ վերջին կաթիլն էր` կնոջը ուրիշի կողքին տեսնելը: Տեսել է ու էլ չի դիմացել` կնոջը խեղդամահ էր արել:
Իսկ Մերուժանի մայրը` տիկին Ալվարդը, մեզ հետ զրույցում նշեց, որ տղան անընդհատ կասկածում էր կնոջը.
- Կնոջ պատճառով տղաս հարբեցող դարձավ: Երկու անգամ պոստերից ինձ է զանգել ու խնդրել, որպեսզի գնամ իրենց տուն: Ասում էր, թե իրեն զանգում եւ կնոջ վարքի վերաբերալ ինչ-ինչ բաներ են խոսում: Ախր, էդքանից հետո էլի չէր հավատում... Թե ինչ է տեսել, ոնց է տեսել, որ նման քայլի է գնացել, չգիտեմ: Ուշքս ու միտքս մենակ այն է, որ թոռներս անմայր մնացին, որդիս` խանդի պատճառով կործանեց իր կյանքը` երկու անչափահաս երեխաների վիզը ծուռ թողնելով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

