«ԴԵՄ ԼԻՆԵԻՆՔ` ԴՈՒՐՍ ԿԳԱՐ, ՈՐ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ԵՆՔ ԴԵՄ»
Արխիվ 12-16«ԴԵՄ ԼԻՆԵԻՆՔ` ԴՈՒՐՍ ԿԳԱՐ, ՈՐ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ԵՆՔ ԴԵՄ»
Երեկ 68 կողմ, 12 դեմ եւ 36 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս փոփոխությանը ձեռնպահ քվեարկեցին ԱԺ «Օրինաց երկիր», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունները, իսկ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը կրկին դեմ էին, իհարկե, բացի ԱԺ ՀԱԿ խբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից, ով նույնպես ձեռնպահ քվեարկեց: Այս իրավիճակի հետ կապված ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քայլերի մասին, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:
«ՊԵՏՔ Է ԱՍԵՄ, ՈՐ ՍԱ ԿԵՍ ՔԱՅԼ ԱՌԱՋ Է»
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությամբ արդյոք չե՞ք համարում, որ ՀՀ քաղաքացիների պահանջը բավարարվեց, եւ սա նաեւ հաղթանակ էր, մինչդեռ օրինագծին ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց:
- Բնականաբար, բոլոր ուժերի` ե՛ւ հանրային տարբեր շարժումների, ե՛ւ «Դեմ եմ» շարժման, ե՛ւ ՀՀ բոլոր քաղաքացիների ու նաեւ քառյակի քաղաքական ուժերի հաղթանակն էր, ովքեր հանդես են եկել այդ «պսեւդոռեֆորմի» դեմ: Եվ իհարկե, հարցը լուծվեց նոր վարչապետի, նոր կառավարության ձեւավորման ձեւաչափով: Պետք է ասեմ, որ սա արդեն կես քայլ առաջ է: Բայց ես իմ խմբակցության անունից ելույթում երեք հիմնական հարցադրում արեցի, որոնց պատասխանները չկան: Առաջինը, թե ինչ քաղաքական գնահատական է տրվում, այսինքն` ռեֆորմը առաջ է գնում, հետ է գնում, թե նույն տեղում է: Երկրորդը, որ շարունակվում է գործող օրենքով բյուջեից գումարներ գնալ, չնայած քաղաքացին դիմում է գրում եւ տարօրինակ կերպով իր սեփականությունը հետ ստանում, մինչդեռ հակասահմանադրական է` ես իմ սեփականությունը ինչո՞ւ պետք է դիմում գրելով հետ ստանամ, բայց` ոչինչ: Այսինքն` բյուջեից գնում է տարեկան մոտ 20,6 միլիարդ: Եվ երրորդ կարեւոր խնդիրն այն է, թե արդեն իսկ ֆոնդերում եղած գումարները` 127 հազար քաղաքացիների 1,4 միլիարդ դրամը ի՞նչ է լինելու: Ամեն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա բավական լիցքաթափում է իրավիճակը, բայց ամբողջական լուծում չէ, մենք, փաստորեն, ձեռնպահ քվեարկեցինք: Դա խմբակցության սկզբունքային դիրքորոշումն է, բայց մենք սպասում ենք նաեւ այս կոնտեքստում իշխող մեծամասնության քաղաքական գնահատականին, որովհետեւ չէ՞ որ մենք երկու-երեք ամիս առաջ կուրծք ծեծելով` այդ ռեֆորմը առաջ էինք տանում: Հիմա ի՞նչ եղավ, պետք է առաջին հերթին լուրջ քաղաքական գնահատական տալ սրա վերաբերյալ:
- Այս դեպքում ԲՀԿ-ի ձեռնպահ լինելը հավասարազոր չէ՞ր դեմ քվեարկելուն:
- Ոչ, սա ոչ թե դեմ լինելու տարբերակ էր, այլ մենք ասում ենք, որ եղածը որոշակի դրական արդյունք ունի եւ քաղաքացիները, փաստորեն, պարտադրված չեն տույժ ու տուգանքներ տալ, բայց մյուս կողմից էլ` սա ամբողջական հարցի լուծում չէ: Դրա համար էլ ձեռնպահ ենք, բնական է` կողմ չենք լինի, դեմ լինելն էլ դուրս կգար, որ խնդրի լուծմանն ենք դեմ: Ասելով դեմ ենք` կնշանակի, որ ուզում ենք շարունակվի հին օրենքը, ինչը տրամաբանական չէր լինի:
«ԱՄԵՆ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՎՅԱԼ ՓՈՒԼՈՒՄ ԼՈՒԾՈՒՄ Է
ԻՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ, ՆԱԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐԸ»
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությանը ոչ իշխանական քառյակը տարբեր կերպ քվեարկեց: Սա չի՞ նշանակում, որ քառյակ այլեւս գոյություն չունի:
- Իհարկե` ոչ: Քառյակում տարբեր կուսակցություններ են` տարբեր գաղափարական մոտեցումներով, եւ ամեն մի կուսակցություն տվյալ փուլում լուծում է իր ծրագրային, նաեւ ընթացիկ հարցերը: Քառյակի յուրաքանչյուր անդամ-կուսակցություն գիտակցում է, որ քառյակի գոյությունը բխում է իր շահերից, եւ եթե մի ձեւաչափ բխում է իր շահերից, նա պետք է գոյություն ունենա: Տարբեր տիպի հարցերում, որոնք չեն վնասում իրենց շահերին, կարելի է տարբեր դիրքորոշումներ ունենան, հատկապես մասնագիտական հարցերում, որոնք քաղաքական համընդհանուր հանրագումարային խնդիրներ չեն: Կրկնում եմ` մասնագիտական հարցում միշտ էլ կարող են տարբեր մոտեցումներ ունենալ, ինչպես օրինակ` «Ակցիզային հարկի» հետ կապված` նույնիսկ մեր կուսակցության ներսում ես ունեցա մի մոտեցում, իսկ կուսակցությունը` մեկ այլ: Դա նորմալ երեւույթ է, միասնական մոտեցում ինչպե՞ս կարող է լինել` տարբեր տնտեսական, սոցիալական խնդիրներ են, եւ տարբեր փուլերում տարբեր մոտեցումներ են որդեգրված: Լայն հարցերում, բնականաբար, քառյակը կաշխատի, որպեսզի միասնական դիրքերից հանդես գա:
- Քառյակը, կարծես թե, ձեւավորվեց հենց հասարակության շրջանում` «պարտադիր կուտակայինի» լայն հնչեղություն ստանալու ընթացքում: Խնդիրը լուծվեց, իսկ այսօր ինչի՞ շուրջ կարող է համախմբվել:
-Կարող է համախմբվել լայն հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ: Քառյակը նախ իր օրակարգը ունի ձեւավորած, եւ այլ հարց է, որ այս փուլում, նոր իրավիճակում քաղաքական օրակարգի նոր ձեւակերպում պետք է արվի: Կարծում եմ, որ դա ուշացնել չի տա, ու անպայման այդ օրակարգի ձեւավորումը կլինի, որովհետեւ միշտ էլ մեր երկրում չլուծված հարցերը բավարար են, որովհետեւ մի երկրում, որտեղ կա աղքատության այսպիսի տոկոս, այսպիսի նվազագույն աշխատավարձ, արտագաղթ, ուղղակի, անելիքները շատ-շատ են, եւ բնականաբար օրակարգը կձեւավորվի ու այն ընդհանրական առաջ կշարժվի` իր սուր անկյուններն ավելի մեղմելով եւ ավելի ընդհանրացնելով իր մոտեցումները: Բայց իհարկե, կարող է օրինակ ՀՅԴ-ում, որն ունի սոցիալիստական գաղափարախոսություն, ինչ-որ երեւույթի նկատմամբ իր գաղափարական սկզբունքներից հանդես գա, իսկ մենք ավելի ազատական ենք, թեպետ դա չի խանգարում, որպեսզի հանրային հնչեղություն ունեցող հարցերում միակարծիք լինենք: Ասենք, արտագաղթի հարցում ի՞նչ գնահատականեր տաս, երբ խնդիրը կուսակցական գաղափարներ չի ճանաչում:
- Ի վերջո, քառյակի գործունեության մեջ նորաթուխ ընդդիմադիր ՕԵԿ-ին տեսնո՞ւմ եք:
- Կյանքը ցույց կտա: Եթե ՕԵԿ-ը վարի այնպիսի քաղաքականություն, որը համահունչ է, հստակ է... Հիմա քառյակի մեջ կլինի, թե՛ ոչ, դա էական չեմ համարում: Ինքն էլ իր գիծն ունի եւ ես չէի ուզենա գնահատական տալ, թե տեսնում եմ կամ չեմ տեսնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

