ՕԼԱՆԴԸ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՙՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ՚ Է ՀԻՇԵԼ
Արխիվ 12-16Վաշինգտոնի համար Ուկրաինայի համար պայքարը բարդանում է նաեւ նրանով, որ գնալով անիրատեսական են դառնում ուկրաինական այս պարտվողական իրավիճակին աշխարհաքաղաքական այլ ուղղություններում պատասխան տալն ու ռուսների ուշադրությունը Ուկրաինայից թեկուզեւ մասամբ շեղելու ծրագրերը:
Նման փորձ, ինչպես հայտնի է, նախ տեղի ունեցավ Սիրիայում: Սակայն այստեղ Ասադը գործնականում իր ձեռքն է առել գրեթե ողջ երկրի նկատմամբ վերահսկողություն եւ հիմա հայտարարում է պատերազմը գրեթե ավարտված լինելու մասին:
Իսկ ահա հարավկովկասյան, ավելի կոնկրետª Հայաստան-Ղարաբաղի ուղղությամբ իրավիճակի սրման որոշ փորձեր դեռ նկատվում են: Բայց ակնհայտ է, որ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հայտնի վեց կետերով այդպես էլ լուրջ արդյունքների չի կարողանում հասնել: Այն պարզ պատճառով, որ ո°չ Ադրբեջանը եւ ո°չ էլ Հայաստանն այդպես էլ Ուորլիքի խաղի մեջ չներքաշվեցին: Իմաստն էլ հասկանալի է. Ուորլիքն առաջ է քաշում Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեի հարցը, որին Ադրբեջանը հազար անգամ դեմ է արտահայտվել: Մյուս կողմից էլª ազատագրված տարածքների հարցն է, որը հայկական կողմը կարող է քննարկել, բայց ինքնորոշման սկզբունքի հետ միասին: ՙԱյս սկզբունքն այլընտրանք չունի: Այս մասին բազմիցս հայտարարել են համանախագահող երկրների նախագահները, համանախագահները: Վերջին անգամ դրանք ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ու որեւէ նոր բան չասաց՚,- հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայաստանյան այցի շրջանակներում: Այսինքնª բոլորը կողմ են միջազգային սկզբունքների շրջանակներում հարցի կարգավորմանը, իսկ Ադրբեջանը ՙփորձում է յուրովի մեկնաբանել այդ սկզբունքները՚: Դե, ուրեմն, գնացեք ու նախ Ալիեւից հստակ համաձայնություն ստացեք: Ալիեւն էլ այն պահին, երբ հրապարակավ հաստատի, որ բանակցությունների ժամանակ քննարկում է նաեւ ինքնորոշման սկզբունքը, փաստորեն ջուրն է լցնելու իր բազմամյա ներքին քարոզչությունը, թե այսօր-վաղը Ղարաբաղը ետ ենք վերցնելու:
Արդյունքումª ԱՄՆ-ը ակնարկում է ճնշումների մասին, իսկ երկու կողմերը հանգիստ պատրաստակամություն են հայտնում բանակցել այդ առաջարկների շուրջ: Այդպիսովª ճնշումների մասին խոսակցությունները դառնում են անիմաստ, իսկ բանակցել, ինչ կա որ, Ղարաբաղի հետ կապված մինչ այս հազար ու մի առաջարկ է եղել ու հիմա կարելի է հանգիստ մի երկու-երեք տարի էլ քննարկել Ուորլիքի առաջարկները:
Իրավիճակը փորձեց փրկել Օլանդըª մի կողմից Թուրքիայից պահանջելով Ցեղասպանության ճանաչում, այսինքնª ենթատեքստում հայ-թուրքական սահմանների բացում: Մյուս կողմից էլ հիշեցնում է եվրոպական երազանքների մասին, թե կհամոզի ՙԵՄ-ին` Հայաստանում որոշակի ծրագրերի մասնակցել՚: Եվ, վերջապես, Ղարաբաղի հետ կապված առաջարկում է. ՙՖրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներինª փոխվստահության միջոցառումների ճանապարհներ գտնելու համար՚:
Ճիշտ է, Օլանդը պատկերը մի փոքր գեղեցկացնում էª խոստանալով գալիք ապրիլի 24-ին լինել Ծիծեռնակաբերդում, սակայն խորքային առումով առաջ է քաշում նույն ամերիկյան ծրագրերը. լուծել հայ-թուրքական եւ ղարաբաղյան հարցերը, Հայաստանին հրապուրել Եվրոպայով եւ պոկել ռուսներից: Բայց իրականությունն այն է, որ այդ բոլոր առաջարկները քանիցս անպտուղ բերվել-տարվել են: Օրինակª Ղարաբաղի թեման 13 տարի առաջ մեկ անգամ էլ է ԱՄՆ-ի խնդրանքով Ֆրանսիայի նախագահը` Ժակ Շիրակն առել իր անձնական վերահսկողության տակ: Այն ժամանակ էլ էր մոտավորապես նույն վիճակը. Արեւմուտքը Չեչնիայում ՙդեմոկրատական արժեքների պահպանման համար՚ ռուսներին մեղադրում էր բոլոր մահացու մեղքերի մեջª ձեռքի հետ էլ առաջ տանելով Մեղրին Լաչինի հետ փոխելու տարբերակով ղարաբաղյան հարցի ՙկարգավորման՚ միջոցով ՌԴ-ին հարավկովկասյան տարածաշրջանից հեռացնելու գերխնդիրը: Այն օրերին էր, որ Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո առաջ եկավ այսպես կոչված ՙՓարիզյան սկզբունքները՚, որոնք շատ չանցած դրվեցին Քի Վեսթի հայտնի հանդիպման բանակցային սեղանին:
Եվ ահա հիմա նորից Արեւմուտքը բախումների մեջ է ՌԴ-ի հետ, եւ արդեն ամենեւին էլ պատահական չի թվում, որ նորից ամերիկացիների ակտիվանալուց հետո Ֆրանսիայի նախագահը խոստանում է ղարաբաղյան բանակցություններն առնել իր անձնական վերահսկողության տակ: Պատմական այս համեմատությունը, համոզված ենք, որ միանգամայն տեղին է, միայն թե այս անգամ իրավիճակը բոլորովին այլ է: Համենայնդեպսª ՀՀ նախագահը Ֆրանսիայի իր գործընկերոջը հիշեցրեց. ՙՀայ-ռուսական ջերմ հարաբերություններ հիմքը դարավոր բարեկամությունն է: Մենք շատ երկար ժամանակ ապրել ենք մի պետության մեջ, կապված ենք մշակույթով, տնտեսական հարաբերություններով, եւ սա է այսօրվա մեր հարաբերությունների հիմքը: Կարծում եմ, որ ոչ մեկի համար տարօրինակ չէ ՀՀ ցանկությունըª անդամակցել Մաքսային միությանը, որովհետեւ տնտեսական փոխկապակցվածությունն այսօր շատ բարձր մակարդակի վրա է: Բացի դրանից մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ բարեկամության պայմանագիր, գտնվում ենք անվտանգության նույն համակարգում...՚:
Մի խոսքով այն, որ Մաքսային եւ Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցությունը էականորեն փոխում է հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական իրավիճակը, ակնհայտ է: Դրան հասնելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ Ղարաբաղի հարցում, կրկնում ենք, ամեն մի բանակցային առաջարկ կարող է տարիներով քննարկվել: Իսկ դա նշանակում է, որ Ուորլիքի առաջ բերած այս աժիոտաժից, ինչպես արդեն ենթադրելու առիթ ունեցել ենք, լուրջ բան սպասել պետք չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

