Դաշնակների միտքը Ազգային ժողովում գնում-գալիս է: Երկուշաբթի Ազգային ժողովում կուտակայինի օրենքի քննարկումների ժամանակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ դրական է գնահատում կուտակային կենսաթոշակների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, եւ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու կառավարության առաջադրած նախագծին:
Դրանից անմիջապես հետո Լեւոն Զուրաբյանը մեղադրեց նրանց` քառյակից առանձին, կառավարության հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու մեջ: Հավանաբար, ՀԱԿ-ի մեղադրանքները ՀՅԴ-ում ծանր տարան, եւ երեկ նույն Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագիծը թեեւ քայլ առաջ է եւ տվյալ դեպքում որոշ ժամանակով լուծում է կուտակայինի հետ կապված խնդիրները, այնուամենայնիվ, ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու: Այդ տարօրինակ փոփոխությանն արձագանքեց ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` նշելով, որ մի օր առաջ ավելի կառուցողական էր ՀՅԴ-ի մոտեցումը եւ հռետորական հարց հնչեցնելով, թե ինչ պատահեց ՀՅԴ-ին մեկ գիշերվա ընթացքում: Հակոբյանը մեղադրեց ընդդիմադիրներին` ՙԻնչքան վատ` այդքան լավ՚ սկզբունքով առաջնորդվելու մեջ: Պատասխանլով Հ.Հակոբյանի ՙգիշերային՚ հարցին եւ մեղադրանքին` դաշնակցական Աղվան Վարդանյանը փոխադարձ մեղադրանք ուղղեց ՀՀԿ-ին, թե ինչու էր պետք նախկինում ընդունել այսպիսի օրենք, որ հիմա էլ մտածեն, թե ինչպես այն բարելավել: Սակայն այստեղ էլ, հավանաբար պետք է հիշեցնել հենց Աղվան Վարդանյանին, կուտակայինի վրա քաղաքական կապիտալ հավաքողներին, որ երբ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին քվեարկվեց այսպիսի խնդիրների պատճառ դարձած կուտակային օրենքը, դեմ քվեարկեց միայն Զարուհի Փոստանջյանը: