Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկվում էր կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված` ՙԱռեւտրի եւ ծառայությունների մասին՚ ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԸ, ով մասնավորապես նշեց, որ վերջերս գույք-ապրանքատեսակների վրա ակցիզային դրոշմանիշների փակցման արդյունքում պետբյուջեն ունեցել է զգալի աճ. տարբեր ապրանքատեսակների գծով 130-260 տոկոս: Ներկայումս առաջարկվում է ակցիզային դրոշմանիշեր փակցնել նաեւ մի շարք այլ ապրանքատեսակների վրա, ինչը, կառավարության գնահատմամբ, ստվերից դուրս կբերի ապրանքների եւս մի զգալի շերտ:
Օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո որոշ պատգամավորներ մտահոգություններ հայտնեցին, որ օրենքի ընդունումից հետո հնարավոր է տվյալ ապրանքատեսակների թանկացում: Դրա հետ կապված` մեզ հետ զրույցում պարոն Միրումյանը նշեց. - Նախ ասեմ, որ օրենքի նախագծի ազդեցությունը շատ դրական է: Մեր նպատակներից մեկը ՀԴՄ-ների նկատմամբ հսկողությունն է: Ինչ վերաբերում է թանկացմանը, ապա պետք է ասեմ, որ օրենսդրական որեւէ հիմք չկա դրա հետ կապված: Դրոշմապիտակի արժեքը հարկային պարտավորություններից պետությունը նվազեցնում է, եւ այս հավասար պայմաններում որեւէ պատճառ չկա, որ նշված ապրանքատեսակների գինը բարձրանա: Մենք նախատեսում ենք գործընթացը փուլ առ փուլ իրականացնել, եւ հետագայում եւս այս ապրանքների ցանկը պետք է ընդլայնվի, աստիճանաբար ընդգրկվեն բոլոր այն ապրանքատեսակները, որոնք փաթեթավորվում, տարայավորվում են, որտեղ կան իրական ռիսկեր: ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ