Երկու օր Հայաստանում էր գտնվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նկատենք, որ նրա այցը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ, նաեւ այցի ընթացքում տեղի ունեցավ բախում` քաղաքացիական ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ: Թե ինչպես է գնահատում այցը մեր արեւմտամետ ընդդիմությունը, ճշտեցինք ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ. - Ցանկացած մեծ երկրի ներկայացուցչի այցը Հայաստան առաջ է քաշում Հայաստանն աշխարհի քարտեզի վրա երեւալը, քանի որ ոչ միայն հայկական մամուլն է այդ հանդիպումների մասին գրում, այլ նաեւ, բնականաբար, ֆրանսիականը: Գիտենք, որ եղան համապատասխան հայտարարություններ այն մասին, որ Հայաստան-Եվրոպա հարաբերությունները պետք է շարունակեն, պետք է գտնվի այն մեխանիզմը, որը կօգնի հարաբերությունների էլ ավելի խորացմանը:
Նկատենք նաեւ, որ Օլանդն իր հետ բերել է մի մեծ բանակ բիզնեսմենների, որոնք ներդրումային ծրագրեր են քննարկում: Շատ լավ կլինի, եթե այդ բիզնես ծրագրերը կյանքի կոչվեն: Եվ վերջին հաշվով Օլանդը խոսել է ԼՂ-ի հակամարտության հարցի խաղաղ կարգավորման մասին: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի հայտարարություն է, որն էլ պետք է հաշվի առնվի: ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ