ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ ԿԱՄՓՈՓՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՃՅՈՒՆԸ ԿԱՄՓՈՓՎԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 18:00-ից 20:00-ը՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ մայիսի 15-ին, ժամը 12:00-14:00-ը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Սվետլանա Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ Հիսունհինգ տարի խաղացել է հայ բեմի լեգենդ Կարպ Խաչվանքյանի հետ։ Խաղացել է հարյուրից ավելի դերեր։ Հեռուստաթատրոնի հիմնադիրներից է (1956 թ.)։
Երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվելով 1949 թ. Սվետլանա Գրիգորյանը անմիջապես ցուցադրել է իր ողջ տաղանդն ու հմայքը և դարձել հանդիսատեսի հոգու տիրակալը։ Իր անձնավորած կերպարներից շատերն ու գլխավորները դերասանուհին կերտել է մեծանուն Վարդան Աճեմյանի անմիջական աջակցությամբ, նրա ղեկավարությամբ ու խորհուրդներով։
Աշխատելով օպերետային ժանրի վարպետաց-վարպետների հետ, փոխառնելով նրանց փորձը՝ Սվետլանա Գրիգորյանը սկիզբ է դրել այդ ժանրի մի նոր տեսակի, ստեղծել իր վարվռուն, կենսախինդ, հանդիսատեսի սիրտն ալեկոծող, նրան հոգեկան զմայլելի պահեր պարգևող արվեստի գրիգորյանական տեսակը։
Բազմաթիվ դերակատարումներով Սվետլանա Գրիգորյանը դրսևորել է ստեղծագործական իր հնարավորությունները,քանդակային կերպարներ ստեղծելու իր կարողությունները, սակայն նրա բեկումնային դերը եղավ Ժիկվան՝ («Տիկին Միսիստրուին»)։ Թատրոնի պատմության ցայտուն կերպավորումներից են Ռոզը՝ («Տաքսի-տաքսի») և Սաթենիկը՝ («Իմ զոքանչը»)։
Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է միջազգային մրցանակների։
Երևանի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների և շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ.-ին Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը։ 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Վ.Մ.

