ՙՙՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ՓՐԿԵԼ ԼՃԱՑՈՒՄԻՑ
Արխիվ 12-16ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ՓՐԿԵԼ ԼՃԱՑՈՒՄԻՑ
Հայաստանի ազգային ընտրանու նորանշանակ մարզիչ ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴԸ իր աշխատանքը սկսել է թիմի ամենաթույլ կետից:
Ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղաժամանակի եւ դրսում հադես գալու փորձի պակասի մասին բազմիցս խոսվել է: Այս հարցը ամենակարեւորներից է, քանզի դրանից է կախված հավաքականի խաղամակարդակը եւ թիմի ընդհանուր որակը: Բացի ֆինանսական կողմից, գործնականում, տարբերությունը քիչ է, թե որ երկրի առաջնության պահեստայինների նստարանին կնստես` Հայաստանի՞, թե՞ մեկ այլ երկրի: Մինչդեռ մշտապես լավ մարզավիճակում լինելու եւ անհրաժեշտ պատրաստվածություն ունենալու համար հարկավոր է գոնե դուրս գալ խաղադաշտ:
Սակայն պակաս կարեւոր չէ, թե որտեղ ես ստանում այդ խաղաժամանակը: Հայաստանի ներքին առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստը, որքան էլ շատ խաղաժամանակ ստանա, միեւնույնն է՝ նրա պատրաստվածությունն ու որակները բավականացնելու են միայն ներքին առաջնությանը, իսկ հավաքականի առաջ դրված խնդիրներն այլ են: Ինչպես երեւում է, Բեռնար Շալանդը ցանկալի արդյունքի հասնելու ուղիներից մեկը համարում է այլ երկրների առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներին հավաքականի կազմ ներգրավելը: ՀՖՖ-ն 18 ակումբների պաշտոնական հրավերներ է ուղարկել Հայաստանի հավաքականիª արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների առաջիկա խաղերին մասնակցելու նպատակով: Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից ազգային թիմ է հրավիրել 19 խաղացողների, այդ թվում՝ պերուական ՙԱլիանսայի՚ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանին, Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանին, Ֆինլանդիայի ՙՅարոյի՚ հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանին եւ Դոնեցկի ՙՇախտյորի՚ երիտասարդական թիմի ավագ Արթուր Միրանյանին: Թեեւ հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից ոչ մեկն էլ հանդես չի գալիս որեւէ եվրոպական գրանդ ակումբի կազմում, բայց այս երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք որպես մարզիկ դաստիարակվել եւ կայացել են հայկական ֆուտբոլի շրջանակներից դուրս, կարող են թիմում ստեղծել մրցակցային դաշտ, ինչն այս պահին շատ կարեւոր է: Երբ թիմում չկա ներքին մրցակցություն, թիմի աճը ներսից դադարում է, արդյունքում ֆուտբոլիստների ձգտումները սահմանափակվում են, քանզի հավաքականում իրենց տեղը ՙապահովագրված՚ են համարում:
Իհարկե, ունենք ֆուտբոլիստներ, ովքեր անփոխարինելի են` գոնե այս պահին, բայց փոփոխություններն ու մրցակցային դաշտի ուժեղացումը կարող է հայկական ֆուտբոլը փրկել լճացումից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

