ՙՙՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿԱ, ՀԵՏՈ ԻՆՉ ԿԼԻՆԻ` ՉԳԻՏԵՄ՚
Արխիվ 12-16ՙՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԿԱ, ՀԵՏՈ ԻՆՉ ԿԼԻՆԻ` ՉԳԻՏԵՄ՚
Երեկ կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց աղմկահարույց կենսաթոշակայինի օրենքը. ԱԺ արտահերթ նիստը քննության առավ ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՙՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին՚ օրենքի նախագիծը: Այդ հոդվածը վերաբերում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում` պատասխանատվության միջոցներին, եւ այն կասեցնելու դեպքում տնտեսվարողները հնարավորություն են ստանում առանց սահմանված տուգանքներից վախենալուª չկատարել իրենց աշխատակիցների համար սահմանված կենսաթոշակային փոխանցումները: Բնականաբարª ժամանակավոր, մինչեւ որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշման համաձայն` օրենքն ամբողջությամբ կվերանայվի:
Մի խոսքով, թեեւ սա է այն միջանկյալ լուծումը, որի հետ կապված` առկա էր հանրային բնույթի պահանջ, սակայն երեկվա քննարկումներն այդպես էլ, առանց տրտնջոցների չանցան: Բայց փոխարենը` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ի պատասխան մեր հարցին, թե ինչպես է գնահատում նախագծի քննարկումները, նշեց.
- Կառուցողական, արդյունավետ: Ավելին` կարծում եմ, որ այս փուլի համար այս լուծումները տալուց հետո մենք կկարողանք ամբողջական փաթեթը ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը, որը կապահովի ամբողջական ռեֆորմի իրականացումը:
- Ինչ լուծումներ եք առաջարկել:
- ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվում է օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, իսկ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Եվ հաջորդ հիմնական առաջարկությունն օրենքի նախագծով այն էր, որ վարձու աշխատողը կարող է գործատուին ներկայացնել դիմումª եթե չի ցանկանում, որ կուտակային վճարները կատարվեն: Դրանից հետո գործատուն տվյալ վարձու աշխատողի համար կուտակային վճարների հաշվարկում եւ փոխանցում չի իրականացնի:
- Եթե սեպտեմբերի 30-ից հետո էլ պարտադիր բաղադրիչը կասեցվի, նրանք, ովքեր արդեն այդ գումարները փոխանցել են, հետագայում իրենց գումարները հետ ստանալո±ւ են:
- 127 000 քաղաքացիների համար բացվել են կենսաթոշակային հաշիվներ եւ կատարվել են վճարումներ` փոխադարձ համաձայնության պայմաններում: Պետք է նկատի ունենալ, որ այդ գումարներն այդ մարդկանց սեփականությունն են եւ լրացուցիչ եկամուտներ են բերում այդ անձանց: Ինչ վերաբերում է գումարների հետվերադարձի խնդրին, ապա կարծում եմ այս քննարկումների ընթացքում կգտնենք նաեւ այդ հարցի պատասխանը:
Անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությանը` նախարարը հավելեց.
- Գործող համակարգը, եթե չդիտարկենք պարտադիր բաղադրիչը, եւս պարտադիր է, քանի որ հիմա էլ քաղաքացիները վճարում են եկամտային հարկ, սակայն դրանք գնում են պետական բյուջե, իսկ անձը հետագայում տարբերակված թոշակ ստանալու հնարավորություն չունի, քանի որ բոլորի համար համակարգը նույնն է: Նոր համակարգի նոր բաղադրիչների ներդրումը նշանակում է լրացուցիչ խնայողություններ հետագա բարձր թոշակների համար: Համակարգային փոփոխություններն անհրաժեշտ են, եւ այս խնդիրը չի քննարկվում որեւէ կողմից: Այլ հարց է, որ կան խնդիրներ, որոնք պետք է համապատասխան լուծումներ ունենան, եւ համակարգն առավել ընդունելի լինի հանրության համար: Կենսաթոշակային համակարգն, ի վերջո, նպատակ է հետապնդում ապահովել մեր բոլորի բարեկեցիկ ծերությունը: Մենք պատրաստակամ ենք խնդիրը բոլոր կողմերի հետ քննարկելու հարցում, եւ այս նախաձեռնությունը առաջին քայլն է քննարկումների հետագա դաշտը ձեւավորելու համար: Հայաստանի ժողովրդագրական ռեսուրսները չեն բավարարի կենսաթոշակային հին մոդելի սպասարկման համար: Բարեփոխումների տրամաբանությունը պետք է բխի փաստից, որ Հայաստանի ժողովրդագրական ռեսուրսները` ոչ ներկա, ոչ էլ ապագա, չեն բավարարի կենսաթոշակային ներկայիս համակարգի կյանքի երկարացմանը` սերունդների համերաշխության սկզբունքով:
ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ, անդրադառնալով պարտադիր բաղադրիչին` նշեց.
- Օրենքում մինչեւ սեպտեմբերի 30-ը պարտադիր բաղադրիչը կա, հետո ինչ կլինի` չգիտեմ, բայց օրենքում այդ բառը կա: Քաղաքացին ինքը պետք է որոշի: Օրենքի նախագծից հետո մենք ունենալու ենք հետեւյալ իրավիճակը` այն քաղաքացիները, ովքեր ունեն հաշվարկված եւ փոխանցված գումարներ եւ այս նոր օրենքի համաձայն դիմում են գրում, նրանց գումարները չեն հաշվարկվում ու չեն փոխանցվում, բայց կառավարությունը փոխանցելու է: Կառավարությունն իր գործառույթն անելու է, եւ ամեն մասնակցի համար անհատական հաշվին հատկացումներ կանի մինչեւ ՍԴ որոշման վերջնական եզրակացությունը: Ինչ վերաբերում է այն գործատուներին, որոնք հաշվարկն արել էին, բայց գումարները չէին փոխանցել, աշխատողների դիմում գրելուց հետո կարող են այդ գումարները վերադարձնել աշխատողներին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

