ՙՔԱՋԱՐԱՆԸ ԱՅՆ ԵԶԱԿԻ ՀԱՄԱՅՆՔՆ Է, ՈՐՏԵՂԻՑ ԱՐՏԱԳԱՂԹ ՉԿԱ՚
Արխիվ 12-16ՙՔԱՋԱՐԱՆԸ ԱՅՆ ԵԶԱԿԻ ՀԱՄԱՅՆՔՆ Է, ՈՐՏԵՂԻՑ ԱՐՏԱԳԱՂԹ ՉԿԱ՚
Մայիսի ինը մեծ շուքով նշվեց Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Առավոտը Քաջարանում սկսվեց Արցախյան գոյապայքարում զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով: Հաղթանակի ու խաղաղության, ինչպես նաեւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորեցին Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը եւ ԶՊՄԿ արհմիության նախագահ Սամվել Ոսկանյանը: Առիթից օգտվելով, Քաջարան քաղաքի ձեռքբերումների, խնդիրների եւ առաջիկա անելիքների մասին փորձեցինք զրուցել Քաջարանի քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ում ի դեպ բոլոր քաջարանցիները անչափ հարգում են, եւ ինչպես իրենք են ասում. ՙՄեր քաղաքապետը մեր վստահությունն է, հավատն ու հույսը դեպի ապագան: Գեւորգյանն այն եզակի քաղաքապետներից է, ով սրտանց ուրախանում է մեր հաջողություններով, եւ տխրում մեր անհաջողություններից՚:
-Պարոն Գեւորգյան, Դուք 2002 թվականից Քաջարանի քաղաքապետն եք, ի±նչ տեսքով ընդունեցիք քաղաքը եւ ի±նչ ձեռքբերումներ ունեցավ քաղաքը այս տարիների ընթացքում:
- 2002 թվականին, թեեւ անկախացումից եւ Արցախյան ազատամարտից անցել էին տարիներ, սակայն անելիքներն ու խնդիրները բազմաթիվ էին, առկա էր ՏԻՄ-ի կայացման խնդիրը` որպես ինքնուրույն մարմին, որն ի զորու է լուծելու ներհամայնքային խնդիրները եւ ապահովելու համայնքի զարգացումն ու բարեկարգումը: Նշեմ, որ ես իմ հիմնական աշխատանքային գործունեությունը սկսել եմ կոմբինատում, որպես քաղաքապետ առաջադրվել եմ կոմբինատի կոլեկտիվի կողմից: Քաղաքապետ եմ ընտրվել 98 տոկոս ձայնով` գործող քաղաքապետի պարագայում: Առաջնահերթ խնդիրն այն էր, որպեսզի քաղաքում նախ ձեւավորվեր բարոյահոգեբանական մթնոլորտ, որը ձեւավորվեց: Սա եւս համարում եմ իմ աշխատանքային տասներկու տարիների ամենամեծ ձեռքբերումը: Դրա կողքին միլիարդների աշխատանք է արվել` ներհամայնքային լուսավորության, բակերի եւ փողոցների բարեկարգման աշխատանքներ, ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացում, ուսումնական հաստատությունների` դպրոց, մանկապարտեզներ, մշակութային եւ սպորտային դաստիարակության կենտրոններ, վերանորոգում, արդիականացում, նոր գույքի ապահովում եւ մի շարք այլ խնդիրներ: Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ Քաջարանի գազաֆիկացումը, որն իրականացվեց 2003 թվականին: Ձեռքբերումները բազում են, քաղաքի բարեկեցիկ եւ բարեկարգ տեսքը նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Բայց սրա հետ մեկտեղ, իհարկե, կան անելիքներ եւս, դրանք ծրագրային քայլեր են, որոնք իրականացնում ենք սահմանված ժամկետներում: Այս տարիների իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ կարողացա Քաջարանը դարձնել ընտանիք: Քաջարանն այսօր ես համարում եմ մեկ միասնական ընտանիք, որտեղ յուրաքանչյուրի հարգանքը մեծից փոքր ես փոխեցի:
- Որն է Ձեր հաջողության գրավականը, որ այսօր Դուք վայելում եք քաջարանցիների հարգանքն ու սերը:
- Դեռեւս երիտասարդ տարիներից հաղորդակից եմ եղել մեր քաղաքացիների խնդիրներին, ցանկություններին եւ նպաակներին, հնարավորություններիս ներածին չափով ձգտել աջակցել դրանց լուծմանն ու իրականացմանը: Բնակիչներն ինձ ճանաչում են, տարիների աշխատանքս հանրային ուշադրության կենտրոնում է եղել, դա է պատճառը, որ նրանք վստահում են ինձ: Իմ բախտը բերել է, որ ես եկել եմ կոմբինատից, եւ, փառք Աստծո, իմ գործունեություն, կոմբինատում զուգադիպեց Մաքսիմ Հակոբյանի տնօրեն նշանակվելու հետ: Սա ինձ համար շատ կարեւոր փաստ էր, որովհետեւ Մաքսիմ Հակոբյանի մեջ կան բոլոր այն դրական բնավորության գծերը, որոնք պարտավոր էի ընդօրինակել: Մաքսիմ Հակոբյանից ես շատ-շատ արժեքներ եմ վերցրել, քանի որ նա ոչ միայն լավագույն արտադրագետ է, լավագույն տնտեսվարող սուբյեկտի ղեկավար, այլեւ մարդկային այնպիսի հատկանիշներ ունի, որ ինքս խորհուրդ կտամ շատերին տեսնել եւ վերցնել իրենց համար: Դրանցից մեկը գործին, նպատակին հասնելու համառությունն է, բերեմ օրինակ, այն որ այսօր Քաջարանի կոմբինատն աշխատում է, ես դա համարում եմ ոչ միայն ընդերքի գոյությունը, այլեւ մարդու մտքի սլացքը, այս դեպքում կոնկրետ` Մաքսիմ Հակոբյանի մտքի թռիչքը: Մաքսիմ Հակոբյանից ոչ միայն ես, այլեւ շատշատերս վերցրել ենք մի շարք դրական հատկանիշներ, եւ այսօր եթե մեր քաջարանյան գնացքը ռելսի վրա է եւ շարժվում է, դա միայն Մաքսիմ Հակոբյանի շնորհքն է: Իսկ ընդհանուր առմամբ իմ աշխատանքում եւ, ընդհանրապես, համայնքային խնդիրների լուծման մեջ ես կարեւորում եմ կոլեգիալության սկզբունքի պահպանումը:
- Պարոն Գեւորգյան, կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, եթե առանձնացնենք երեք հիմնական խնդիրներ, որո±նք են դրանք:
- Այո, խնդիրներ ունենք` կան խնդիրներ, որոնք լուծվում են, բայց կան նաեւ խնդիրներ, որոնք խիստ լուծման անհրաժեշտություն ունեն: Վերջին բնակելի շենքը Քաջարանում կառուցվել է 1988 թվականին, իսկ Քաջարանը եղել է այն համայնքներից, որ երբեւէ բնակարանային կարիք որեւէ մեկը չի զգացել: Բայց այսօր Քաջարանում, նույնիսկ վարձով չես կարող բնակարան գտնել, եւ սա համարում եմ մեր ամենամեծ խնդիրը, որը առաջիկայում լուծման կարիք ունի: Քաջարանը այսօր այն եզակի համայնքն է, որտեղից արտագաղթ չկա` անընդհատ ներհոսք, արտադրական ծավալների ավելացումներ, բնական աճ, այսինքն Քաջարանն անընդհատ աճող քաղաք է եւ բնակարանային խնդիրը մեր առաջնային խնդիրներից մեկն է: Երկրորդ շատ կարեւոր խնդիրը, որ այսօր մեր առաջ ծառացած է` դա կանանց աշխատատեղերի խնդիրն է, ճիշտ է, կոմբինատը մասամբ խնդիրը լուծում է, բայց ամեն դեպքում այդ խնդիրը շատ կարեւոր է: Այսօր կարող ենք գտնել մանկավարժական կրթությամբ աղջիկ, կին, որն աշխատում է կոմբինատում, դա նորից եմ կրկնում, կոմբինատի ղեկավարության բարյացակամությունն է, երբ մարդուն անգործ չեն թողնում, բայց մասնագիտական աշխատանքի հարցը շատ լուրջ խնդիր է: Եվ երրորդ, շատ կարեւոր խնդիրը` համայնքի հեռանկարն է: Այսօր նույն բնակարանային խնդիրը լուծելու համար համայնքը խիստ սահմանափակ տարածք ունի, այսինքն Քաջարան քաղաքի վարչական տարածքի խնդիրը արդեն իսկ խնդիր է: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե իբր Քաջարանը էկոլոգիական առումով վնասակար է, նման բան չկա: Ճիշտ է, լեռնահանքային արդյունաբերությունն իր վնասակար հետեւանքները թողնում է, չի կարող չթողնել, բայց Քաջարանի կոմբինատի գործունեության հետեւանքները մարդկանց առողջության վրա` ես համարում եմ թույլատրելի սահմանների մեջ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամենայն պատասխանատվությամբ է աշխատում եւ լրջորեն հետեւում էկոհամակարգի բնական հավասարակշռությունը չխաթարելուն: Այս առումով շատ ամուր է քաղաքապետարան-ձեռնարկություն կապը` քաղաքապետարանը հետեւողականորեն հսկում է կոմբինատի գործունեությունը էկոհամակարգի չաղտոտման տեսանկյունից, իսկ կոմբինատն էլ ժամանակակից ֆիլտրերի, նորագույն սարքավորումների միջոցով նվազագույնի է հասցնում արտանետումները: Առհասարակ Քաջարան քաղաքը ԶՊՄԿ-ի մշտական ուշադրության եւ հոգածության կենտրոնում է: Դրա մասին են վկայում բազմաթիվ սոցիալական ծրագրերն ու բարեգործությունները, որոնք պարբերաբար նախաձեռնվում են կոմբինատի ղեկավարության կողմից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

