«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԻ ՎՆԱՍՈՒՄ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ»
Արխիվ 12-16«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ
ՉԻ ՎՆԱՍՈՒՄ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ»
Ազատության հրապարակում մայիսի 18-ին տեղի կունենա հանրահավաք, ապա երթ` Երեւանի կենտրոնական փողոցներով դեպի ՌԴ դեսպանատուն: Հանրահավաք-երթի նախաձեռնողները, որոնց թվում են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ, վայ-իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նպատակ ունեն իբրեւ Ռուսաստանի տարբեր քաղաքներում այդ օրը ցույցեր անցկացնող ռուսաստանյան դեմոկրատական ուժերի հետ, արտահայտել իրենց բողոքը` զարգացման միտում ունեցող «հակադեմոկրատական» երեւույթների եւ գործողությունների նկատմամբ, ինչպես նաեւ` հրապարակավ դատապարտել Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը` տեղական գրանտակեր ՀԿ-ների մասին: Հակառուսական եւ ընդդեմ Մաքսային միության ծրագրի հեղինակներն էլ, իրենց հանրահավաքն անվանում են «ընդդեմ պուտինիզմի»:
Նախաձեռնության մասին «Իրավունքը» զրուցեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ.
-Ինձ թվում է` պարոն Հայրիկյանը եւ նրա համախոհները, ովքեր նախաձեռնել են նման անցանկալի եւ ձախողված միջոցառում` անունն ինչպիսին ուզում են դնեն, ականատես եղան, թե ինչպես Հայաստանի Կոմկուսը եւ նրա համախոհները մեծաքանակ մարդկանցով մայիսի 1-ին անցնելով Մաշտոցի պողոտայով, հասնելով մինչեւ ռուսական դեսպանատուն, ապա Մանկական այգի, ինչպիսի բարձր տրամադրությամբ, կարմիր դրոշները ծածանելով` իրենց համախոհությունը հայտնեցին Ռուսաստանին եւ ռուս ժողովրդին: Եվ մեկ անգամ եւս ընդգծեցին, որ հայ ժողովուրդը եղել է, կա եւ պետք է լինի ռուս ժողովրդի հետ: Հայ ժողովրդի մեծամասնությունը կողմ է Մաքսային միության մեջ երկու հանրապետությունների կնքած պայմանագրին, որը կնպաստի առաջիկայում Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան միության ստեղծմանը: Եվ պատահական չէր, որ մենք` երթի մասնակիցներս, մեր հայտարարության տեքստը հանձնեցինք Ռուսաստանի դեսպանատանը` որպես ռուսաստանյան իշխանության ներկայացուցիչների` հավաստիացնելով, որ Հայաստանի կոմունիստները պատրաստ են նպաստել մեկ օր առաջ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու գործընթացին: Դա պայմանավորված է Հայաստանի պատմությամբ, աշխարհաքաղաքական դիրքով եւ այսօրվա վիճակով:
- Մինչդեռ հանրահավաքի նախաձեռնողները «գլուխները մտցրել են», որ Մաքսային միության անդամակցումը կվտանգի մեր անկախությանը...
- Մտնելով Մաքսային միություն` ոչ մի դեպքում չի վնասվում հանրապետության անկախությունը: Ընդհակառակը` ՄՄ-ի մեջ մտնելով` ավելի ամուր կլինեն հանրապետության սահմանները, թող նկատի ունենան, թե ինչպիսի հարեւաններով ենք շրջապատված: Բացի այդ, ՄՄ-ի մեջ մտնելով` կվերականգնենք խորհրդային նախկին հանրապետությունների հետ տնտեսական կապերը եւ, ինչու ոչ, կստեղծվեն նոր տնտեսական, մշակութային, սպորտային եւ այլ կապեր: Ինձ թվում է` յուրաքանչյուր բանիմաց հայ մտածում ու դատում է հայ ժողովրդի, իրենց երեխաների ապագայի մասին, եւ միայն ու միայն պետք է ողջունել Հայաստանի` ՄՄ անդամակցությանը:
- Ի վերջո, ըստ Ձեզ, հակառուսական կամ հակապուտինյան տրամադրությունները ի՞նչ ավարտ կունենան:
- Ինչպիսի միջոցառումներ էլ, որ իրականացնեն պարոն Հայրիկյանն ու իր համախոհները, դա կունենա շատ կարճ կյանք եւ շատ կարճ ճանապարհ:
- Իսկ Հայաստանի Կոմկուսը կոնկրետ մայիսի 18-ին պատրաստվո՞ւմ է հակընդդեմ ակցիա կամ հանրահավաք անցկացնել:
- Մենք պլանավորված, հետեւողական աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ: Նաեւ դատապարտող ակցիա արեցինք Ուկրաինայի դեսպանատան առջեւ` դատապարտելով այնտեղ տեղի ունեցածը` հատկապես Ուկրաինայի կոմունիստների նկատմամբ (Ուկրաինայում Կոմկուսի գրասենյակը վառել էին, իսկ քարտուղարին եւ նրա համախոհներին, մեղմ ասած, ոչ մարդկային կերպով էին վերաբերվել- Հ. Ս.): Այնպես որ, մենք ունենք մեր միջոցառումների պլանը ու մեր գործունեությունը հետեւողական, շատ հանգիստ, առանց աղմուկ բարձրացնելու ենք անում: Եվ, կարծում եմ, առաջիկայում կհասնենք մեր նպատակին: Իսկ մայիսի 18-ին մենք միջոցառում կանենք, թե` ոչ, դա արդեն մեր Կոմկուսի եւ նրա ղեկավարող օրգանի գործն է: Մենք հետեւողական ենք, դեռ կտեսնենք, անհրաժեշտության դեպքում կարձագանքենք, եթե` ոչ, կարհամարհենք եւ կանցնենք առաջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

