ՙՀԱԿ-Ը ԸՆԿԱԼՄԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ՚
Արխիվ 12-16ՙՀԱԿ-Ը ԸՆԿԱԼՄԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ՚
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսվեց պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքում կառավարության կողմից ներկայացված փոփոխությունների քննարկմամբ, ըստ որոնց` այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից այդ 5% պահումը կատարվի, իրենց դիմումի համաձայն` չի կատարվի: Այս որոշմանը ԱԺ-ի ոչ իշխանական խմբակցությունների կողմից բավականին տարբեր արձագանքներ հնչեցին. ՀՅԴ-ն կողմ արտահայտվեց, ՀԱԿ-ն ընդհանրապես դեմ էր` անկախ նրանից, թե ինչ է առաջարկվում, իսկ որ ամենահետաքրքիրն էր` ՕԵ խմբակցությունը` չնայած կողմ է քվեարկել այս նախագծին մինչ կոալիցիայից դուրս գալը եւ միշտ իր գոհունակությունը հայտնել, հիմա արդեն այլ հարթակից ընդդիմադիր առաջարկներով է հանդես գալիս: Ինչ խոսք, հարցը բավական խրթին է, ուստի` առավել հստակ պատկերացնելու համար զրուցեցինք Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
ՊԱՐՏԱԴԻՐԻ ՎԵՐՋԸ
-Կուտակային կենսաթոշակների օրենքում փոփոխությունները կատարելու մասին օրինագիծը, որը երեկ քննարկվեց ԱԺ-ում, Սահմանադրական դատարանի կողմից քննարկվող, վերջնական տեսքի բերվող օրենքի մի մասն է: Մենք փորձել ենք առավելագույնս հաշվի առնել քաղաքական ուժերի, քառյակի եւ ՕԵԿ-ի կողմից ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները: Մենք հիմա քաղաքացիներին տվել ենք ազատ իրավունք, որ մինչ օրենքի վերջնական տեքստը ստանալը, ովքեր չեն ցանկանում մասնակցել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր հանգամանքին մասնակցելու, ապա նրանք կարող են դիմում գրել եւ չմասնակցել դրան, ըստ որի` նրանցից գանձումներ չեն կատարվի: Բայց դա չի նշանակում, որ պետությունը ըստ այս նույն` կուտակային կենսաթոշակների օրենքի, տվյալ քաղաքացիներին ազատում է անվանական հաշիվներին գումարներ փոխանցելուց: Այսպիսով, մեզ մոտ ստացվում է հետեւյալը, որ այն քաղաքացիները, ում գումարները հունվարի 1-ից հաշվել եւ փոխանցել են, նրանց գումարներին կանդրադառնանք օրենքի վերջնական տեքստ ունենալիս` սեպտեմբերի 30-ին: Իսկ այն քաղաքացիները, ում գումարները հաշվել են եւ չեն փոխանցել, ապա դիմում տալուց հետո գործատուները նրանց գումարները պետք է հետ վերադարձնեն: Եվ վերջապես, այն քաղաքացիները, ում գումարները ոչ հաշվել են եւ ոչ էլ փոխանցում կատարել, ապա հունվարի 1-ից հետո նրանց գումարները ոչ կհաշվառվեն, ոչ էլ կփոխանցվեն: Բայց բոլոր դեպքերում ՀՀ կառավարությունը օրենքով սահմանված կարգով իր կողմից, պետության անունից, պետք է քաղաքացիների անձական հաշիվներին փոխանցի նրանց աշխատավարձի 5%-ը, բայց 25 հազար դրամից ոչ ավել:
- Դուք նշեցիք երեք տարբեր կատեգորիաներ, որոնցից կամ կգանձվեն կամ չեն գանձվի: Երեկվա քննարկումից հետո կարելի± Է ասել, որ այն կտարածվի այդ երեք չափանիշներով առաջնորդվողների վրա:
- Գործողությունը տարածվում է այս տարվա հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Այսինքն, երբ մենք խոսում ենք այս օրենքի մասին, խոսում ենք հունվարի 1-ից ծագած գործողությունների մասին: Պետք է այս օրենքը ընդունվի, նոր դիմում գրելու գաղափարը առաջանա: Ովքեր մինչեւ հիմա դիմում էին գրել, դա իրավական չէ, այն կմտնի ուժի մեջ, երբ օրենքը վերջնականապես կընդունվի:
- Ստացվում է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես մինչեւ հիմա± էր:
- Ոչ, մինչ այդ կընթանա այնպես, ինչպես այս օրենքի նախագծում նախատեսել ենք: Այսինքն` ներկայացված դիմումի հիման վրա կորոշվի` բոլոր քաղաքացիներից պե±տք է պահեն պարտադիր կերպով կենսաթոշակային գումարը, թե` ոչ:
- Կարելի է ասել, որ դառնում է կամավո±ր:
- Այո, այդպես է ստացվում, բայց մինչեւ սեպտեմբերի 30-ը չի կարելի ասել, որ պարտադիրը վերացել է, եւ միայն սեպտեմբերի 30-ին այդ հարցը կարող ենք որոշված համարել: Եթե պետությունը դեռ պարտադիր փոխանցում է կատարելու, ինչպե±ս կարող է մինչ այդ դա վերանա: Այո, երբ դիմում են գրում` կամավորության սկզբունքը պահում ենք, բայց օրենքի գործողության սահմաններում, ինչպես գիտեք, այն մինչեւ սեպտեմբերի 30-նն է, ապա մինչ այդ փոխված չէ եւ դեռ գործում է:
- Երեկ նաեւ կառավարության ծրագրով պարզ դարձավ, որ այդ 5% պահումները նաեւ հետ կվերադարձվեն:
- Այո, իհարկե: Ես արդեն ասացի, որ այդ ամենը կլինի սեպտեմբերի 30-ից հետո: Ես չէի ցանկանա առաջ անցնել կամ կանխորոշել, թե ինչ կլինի, բայց այն գումարները, որոնք պահվել ու փոխանցվել են, այդ հարցերի վերջնական պատասխանը կլինի այն ժամանակ, երբ օրենքի տեքստը կստանանք վերջնական ձեւով:
ՙՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚
-Պարոն Հակոբյան, սրա հետ կապված արձագանքները` ոչ իշխանական ուժերի կողմից երեկ տարբեր ձեւերով հնչեցին, ու կարծես ամենաընդդիմադիր ելույթը նկատվեց ՕԵԿ-ի կողմից: Դուք արձագանքեցիք` ասելով, որ այս օրենքի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը մասնակել են ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, ինչը կարծես դուր չեկավ հատկապես Հեղինե Բիշարյանին:
- Այո, երեկ ես հայտարարեցի` ասելով, որ հետաքրքիրն այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության կազմում են եղել, կուտակային կենսաթոշակի օրենքի պարտադիր բաղադրիչին կողմ են եղել, իսկ հիմա, երբ կոալիցիայի անդամ չեն, այդ թվում ՕԵԿ-ը, դեմ են արտահայտվում: Նաեւ ասացի, որ ՕԵԿ-ն էլ է առաջարկել օրենքի նախագիծ` պարտադիր կուտակայինին դեմ լինելու մասին, ինչը կա փաստացի: Պարզապես, երբ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց` ասելով, թե այլ օրենք ենք քննարկում, ապա կարծում եմ, որ նա պարզապես չի կարողացել հետեւել ընթացքին, քանի որ մենք կառավարությունից ստացել ենք նախագիծ, որը քննարկվել է մեր հանձնաժողովում, եւ հանձնաժողովից ԱԺ տեղափոխել էինք մեկ այլ օրենքի նախագիծ` մեկ այլ վերնագրով: Այստեղ պարզապես բացթողում է տեղի ունեցել, տեխնիկական սխալ, այս պարագայում ես քաղաքական միտումնավորություն չեմ տեսնում:
- Ինչպես նշեցիք, ԲՀԿ-ն եւս ժամանակին կողմ է արտահայտվել ու քվեարկել պարտադիրին, իսկ այսօր նոր առաջարկին ոչ կողմ է, ոչ` դեմ: Դեռ քվեարկությունը տեղի չի ունեցել, սպասենք տեսնենք ինչպես կընթանա, որից հետո ավելի պարզ կլինի շատ բան: Դե, իսկ ՀԱԿ-ին էլ լավ, թե վատ օրենք` միեւնույն է իրենց մոտ ամեն բան սեւ ակնոցներով է երեւում…
- Մենք քննարկում ենք կուտակային կենսաթոշակների մասին նախագիծը, որի մի դրույթն էլ պարտադիր բաղադրիչն է: Հետեւաբար, ես կարծում եմ, որ երբ մարդիկ լավ չեն ընկալում օրենքի նախագիծը, նրանք չպետք է արտահայտվեն:
- Դուք գտնում եք, որ ՀԱԿ-ը ընկալման խնդիր ունի:
- Այո, սա միայն վատ ընկալման արդյունք է:
- Նկատի ունեք բոլոր խմբակցություններին:
- Ոչ, հենց միայն ՀԱԿ-ին, սա վատ ընկալման արդյունք է:
- Չեք կարծում, որ վատ ընկալումները կարող են բերել բազում ձախողումների` շատ այլ հարցերում եւս:
- Եթե դուք հիշում եք, ես ամբիոնից հատուկ շնորհակալություն հայտնեցի քառյակին` ասելով, որ կուտակայինի մասնակիցների թիվն այս ընթացքում ավելացել է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ պարտադիրի մասնակիցների թիվը` թվաբանական պրոգրեսիայով: Ինչու, որովհետեւ, երբ նրանք որեւէ բան մեկնաբանում են իրենց տեսանկյունից, որից հետո հասարակությունը լսում է մեր տեսակետը, հետեւաբար հասարակությունը համադրելով` հասկանում է, թե ինչ է տեղի ունենում իրականում: Ես կարծում եմ, որ այս գործընթացը, պրոգրեսիան, մինչեւ սեպտեմբերի 30-ը ավելի կխորանա, եւ մեր հասարակությունը կհասկանա ամբողջ իսկությունը:
- Դուք գտնում եք, որ սա հատկապես ՀԱԿ-ի կողմից չհասկացվածություն է, թե միտումնավորություն` փորձել սեւ գիծ քաշել ՀՀԿ-ի վարած քաղաքականության վրա:
- Ոչ, ամեն դեպքում կարծում եմ, որ սա չընկալման արդյունք է, իսկ մնացածը դա անձի հետ է կապված, չեմ ցանկանում հոգու ներսը մտնել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

