«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է` «ՊԱՐՏԱԴԻՐԻ» ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՆՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՉԻ ՀԱՆՎՈՒՄ»
Արխիվ 12-16«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է` «ՊԱՐՏԱԴԻՐԻ» ԳԱՂԱՓԱՐԸ ՀԱՆՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՉԻ ՀԱՆՎՈՒՄ»
Շաբաթվա սկզբին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստը ի սկզբանե թեժ էր, քանի որ քննարկվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած օրենքի նախագիծը: Ըստ էության, օրենքի նոր նախագծով փաստացի «պարտադիր» բաղադրիչը կորցնում է իր ուժը, եւ քաղաքացին ընդամենը դիմում գրելով` կարող է չվճարել իր աշխատավարձի 5 տոկոսը: Սակայն խնդրի լուծման այս տարբերակն էլ չընդունվեց ԱԺ ընդդիմության կողմից, բացառությամբ` ՀՅԴ-ի: Օրենքի նախագծին դեմ էր ՀԱԿ-ը, նորաթուխ ընդդիմադիր ՕԵԿ-ը, իսկ «Ժառանգությունը» իր դիրքորոշումը դեռեւս չբարձրաձայնեց, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ժառանգություն՚» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ.
-Այս օրենքի նախագծին ես անձամբ դեմ եմ: Հերթական անգամ խնդրի կիսատ լուծման տարբերակ է առաջարկվում: Հիմա, որ հետ ենք նայում, վերջին մի երեք շաբաթվա մեջ երեք նախագիծ է եղել, որոնցից յուրաքանչյուրը կիսատ-կիսատ լուծումների շրջանակ են ներառել: Կարծես թե, մի բան են ուզում անել, առանց հիմնական հարցը լուծելու: Լավ, անհասկանալի է` «պարտադիրի» գաղափարը հանվո՞ւմ է, թե՞ չի հանվում , ո՞ւր է գնալու այս ամենը: Ինձ համար նաեւ անհասկանալի է, երբ մարդուն ասում են` դիմում գրի, որ քո սեփականություն չտանեն: Ես կարող եմ հասկանալ` դիմում գրի, եթե դու ուզում ես, որ մենք քո սեփականությունը ճիշտ ձեւով ներդնենք: Ընդհանրապես, դիմում են այդ իմաստով, ոչ թե մարդու մոտից սեփականությունը տանելու ժամանակ: Այստեղ հատկապես պետք է հաշվի առնենք, որ այդքան փաստաթղթերը եւ դիմումները մշակվելու են եւ դա, ի վերջո, ռեսուրս է պահանջում: Եթե մենք գիտենք, որ այսօրվա դրությամբ ավելի քիչ մարդ է մասնակցում պարտադիր կուտակայինին, եւ ավելի շատ մարդ է դեմ, ինչո՞ւ ենք հակառակ մոտեցումն անում: Դրա փոխարեն, մեր եղած ռեսուրսներով մարդիկ կարող են ավելի քիչ քանակի դիմումներ լրացնել: Ինձ թվում է` արդեն ժամանակն է եկել, որ հարցին նորմալ լուծում տանք, հատկապես, որ մեր առաջարկը եղել է, եւ այնտեղ շատ պարզ գրված է, որտեղ ուղղակի ավելի լավ լուծումներ են առաջարկվել:
- Բայց չէ որ այս նոր օրենքի նախագիծը, եթե ոչ լավագույնն է, ապա գոնե «չարյաց փոքրագույնն է», եւ սրանով հանրության պահանջը բավարարվում է:
- Եթե այս երկրում ամեն հարց լուծենք «չարյաց փոքրագույնով», ապա կունենանք այն երկիրը, ինչ ունենք: Դրա համար պետք է ճիշտ մոտեցմամբ առաջնորդվենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

