ՙԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ՆՐԱՆՑ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵԼՈՒ ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ՚
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում օրերս տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է Գառնիկ Արզումանյանը: Ըստ մամուլում տարածված տեղեկատվության` 45-50 տարեկան հայ տղամարդը քաշքշուկների մեջ է ընկել, եւ նրա գլխին հարվածել են, որի հետեւանքով մահացել է: Դեպքի վերաբերյալ ՙԻրավունքը՚ փորձեց մանրամասներ պարզել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ. -Այս պահին մենք դեռ ճշտում ենք փաստերն ու հանգամանքները: - Պարոն Մանուկյան, հայաստանյան մամուլում կա տեղեկատվություն, որ Գ. Արզումանյանը ՀՀ քաղաքացի է եղել: - Մենք այդ տեղեկատվությունը ստացել ենք, հիմա ճշտում ենք մանրամասները: - Իսկ ինչ քայլեր է ձեռնարկում դեսպանատունը, որպեսզի հայերը չհայտնվեն նման դեպքերի կիզակետում:
- Ուկրաինայում ապրում է շուրջ կես միլիոնից ավել հայ: Իհարկե, բոլոր հայերին մենք կոչ ենք անում, որ չխառնվեն եւ զերծ մնան նման հարցերից: Ապրում են, թող ապրեն: Բայց ամեն մարդ ունի իր քաղաքական հայացքները, իր դիրքորոշումը, եւ դեսպանատունը, դժբախտաբար, նրանց գիտակցության վրա ազդելու լծակներ չունի: Մարդիկ, ովքեր լսում են, նորմալ է լինում, իսկ մարդիկ, ովքեր ունեն իրենց կողմնորոշումը եւ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, շարժվում են այնպես, ինչպես կամենում են: Նրանց վրա որեւէ մեկը բռնանալու կամ ազդելու իրավունք չունի: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ