Երեկ ԱԺ նիստում խոսելով ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին` քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները հայտնեցին տարատեսակ կարծիքներ:
Օրինակ` ՀԱԿ-ը, ՙԺառանգությունը՚ դեմ են փոփոխություններին, սակայն ՀՅԴ-ն դրական է արձագանքել դրանց, դե, իսկ ԲՀԿ-ն, ինչպես միշտ, դեռ չի կողմնորոշվում: Թե ինչով է պայմանավորված այդ անկողմնորոշ վիճակը` ճշտեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ: - Եթե իրենք պատասխանեն իմ հարցադրումներին, մենք կկողմնորոշվենք: Առաջինը` խոսքը բյուջե գումար փոխանցելու մասին է, որն էլ, ըստ էության, ենթադրում է, որ պարտադիր բաղադրիչը պահպանվում է: Երկրորդն էլ, մոտ 1.3-1.4 միլիարդի ճակատագիրն է: Դրանք արդեն իսկ ֆոնդերին են փոխանցվել: Երրորդն էլ այն է, որ մենք պահանջում ենք իշխանություններից, որպեսզի նրանք քաղաքական գնահատական տան, թող ասեն` այդ ռեֆորմը ճիշտ է, թե` սխալ, նրանք նահանջում են, թե առաջ են գնում: ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ