Լ. ԱՆՏՈՆՅԱՆ. «ՈՐ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՌՆԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
Արխիվ 12-16Լ. ԱՆՏՈՆՅԱՆ. «ՈՐ ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՎԵԼԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՌՆԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ»
Վերջերս առաջին անգամ Հայաստանում էր մեր հայրենակից, խմբավար եւ դիրիժոր ԼՈՌԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ, ով բնակվում է Մոնրեալ քաղաքում: Մանկությունից Լոռին ծնողներից լսել է Հայաստանի մասին եւ երազել լինել Հայրենիքում: Նրա տպավորությունները Հայաստանի հետ կապված շատ մեծ են եւ իզուր չէ, որ «Իրավունքի» հետ զրույցում Լոռի Անտոնյանը խոստովանեց` եթե լինի առաջարկ մնալ եւ ստեղծագործել Հայաստանում` կմնա. «Ինձ այստեղ անհրաժեշտ է միայն գործ` ստեղծագործել եւ այն հասցնել հանդիսատեսին: Աշխարհում ոչ մի այլ տեղ չեմ ուզում ապրել: Ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչ, եթե ստեղծագործողը ցանկանա` կանի ամեն ինչ: Այդ ցանկությունը, կամքն ունեմ եւ պետք է պայքարեմ, որ հայ երաժշտությունն էլ ավելի ճանաչելի դառնա աշխարհում: Հայաստանում զարգացած է հայ երաժշտարվեստը, հայկական նվագարանները շատ յուրահատուկ են, այսպես յուրահատուկ եւ ներդաշնակ երաժշտություն չեմ լսել: Հայաստանի հոգին, շունչը ուրիշ է»:
Լոռի Անտոնյանի հայրը` Համբարձում Անտոնյանը, ով նույնպես երկար տարիներ
զբաղվում է խմբավարությամբ, այն գլխավոր "մեղավորն" է, ում հետեւելով` Լոռին ընտրեց իր ճանապարհը: «Լոռին ունի 6-ից ավելի ստեղծագործություններ, որոնք նվիրված են իր ազգին, որի մի մասնիկն է նա, այսօր ես շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա նրան բերել իմ եւ իր պապերի հայրենիքը: Սա մեր տունն, եւ այս անգամ եկանք որպես ուխտավոր, սակայն ցանկությունը մեծ է` վերադառնալ եւ ապրել այստեղ: Իմ երազանքն է, որ Լոռին կարողանա մի օր խմբավարել հայրենիքի մեջ, դրանով ապացուցել, որ եթե հայը օտարության մեջ է ապրում, չի շանակում, որ կորցնում է իր ինքնությունը»,-ասում է Համբարձում Անտոնյանը: Դեռ մանկուց նա իր զավակներին հորդորել է, եթե պետք է խոսեք` խոսեք միայն հայերեն, եթե ամուսնաք` ամուսնացեք միայն հայի հետ, ամեն բան պետք է լինի հայերեն:
Եվ այսպես էլ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու` Արգենտինայի Մոնրեալ քաղաքում այս ընտանիքն ապրում է ինչպես իսկական հայ, պահելով ու պահպանելով իր ինքնությունը, չձուլվելով եւ չխառնվելով օտարներին, մեկ բան հաստատ է` «Հայ լինելը նրանց արյան եւ սրտի մեջ է, անկախ այն հանգամանքից` Հայաստանո՞ւմ են ապրում, թե Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռու` Մոնրեալում:
Հ.Գ. Լոռի Անտոնյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

