ՌԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԻՄԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Արխիվ 12-16ՌԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԻՄԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՌԴ պետդումայի հասարակական միությունների և կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ին և Նոր Նախիջևանի ու Հայկական առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին` խնդրելով հրապարակայնորեն կոչ անել ուկրաինական իշխանություններին դադարեցնել բռնությունները և արյունահեղությունը:
Պատգամավորի խոսքերով, այս կոչը կարող է իր ազդեցությունն ունենալ, քանի որ Ուկրաինայում մարդկանց արյունը թափվում է այդ թվում նաև ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի որոշումներով, ով հայկական արմատներ ունի:
Նիլովը իր նամակում նշում է, որ ամբողջ աշխարհն է հիշում 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին, որպես մարդկության նկատմամբ հանցագործություն, և բազմաչարչար հայ ժողովուրդը դեռ մինչև վերջ չի ապաքինվել այդ ողբերգությունից, որի ընթացքում անգթորեն սպանել են բոլորին: Նա գրում է, որ մարդկությունը դաս չի քաղել կատարվածից, և այսօր մենք ականատես ենք Ուկրաինայում հումանիտար աղետի: Նիլովի խոսքերով, այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մասամբ կարելի է ցեղասպանություն անվանել:
«Հայտնի է, որ Ավակովը հայկական արմատներ ունի, դրա համար էլ ես խնդրում եմ ձեզ որպես հոգևոր առաջնորդներ, որ ունեք անվիճելի հեղինակություն հայկական համայնքում, օգտագործել ձեր ազդեցությունը արյունահեղության դադարեցման համար… Հնարավոր է, որ ձեր հրապարակային կոչը կկանգնեցնի արյունահեղությունը և բռնության ալիքը, որը բերում է միայն արցունք, ցավ և մահ»:
Նիլովը նշում է, որ բռնությունից այսօր Ուկրաինայում տուժում են բոլորը, այդ թվում նաև հայերը, ընդ որում, հենց Արսեն Ավակովի խոսքերով, ամենամեծ հայկական համայնքը գտնվում է Դոնեցկում. «Նրանք դեռ կարող են ետ կանգնել և վերջ տալ եղբայրասպանությանը: Հնարավոր է, որ հայ ժողովրդի զոհերի մասին հիշեցումը նույն հայ ժողովրդի զավակներից մեկի` Արսեն Ավակովի սրտում խիղճ կարթնացնի, ինչը կփրկի նրա ձեռքվ սպանվողներին»:
Հայտնվում է, որ նույն նամակից Նիլովը ուղարկել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

