ՈՒՈՐԼԻՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏՈՒԳԵԼ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ԼՍԱՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՒՈՐԼԻՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՍՏՈՒԳԵԼ ՆԵՐՔԻՆ ԵՒ ԱՐՏԱՔԻՆ ԼՍԱՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Ինչպես նա նշեց. «Օլանդի այցն ինչ խոսք հետաքրքրական էր, որովհետեւ Ֆրանսիայի նախագահը շրջայց է կատարում Կովկասյան տարածաշրջանում: Ըստ էության, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր Ֆրանսիան շահագրգռված է լուծել Ղարաբաղյան խնդիրը: Պետք է նշեմ, որ Արեւմուտքն ավելի շահագրգռված է, որ տվյալ խնդիրը լուծվի:
Պարզ է, որ Արեւմտյան տերություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ետ պահեն մեր տարածքը ռուսական ազդեցությունից: Սակայն միեւնույն ժամանակ նրանք քաջ գիտակցում են, որ Հայաստանը ետ չի կանգնի Ռուսաստանի հետ համագործակցելու գաղափարից»:
Չնայած Արեւմւոտքը շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի արագ կարգավորմանը, այնուամենայնիվ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենց համար հարցի լուծումն Ադրբեջանի շահերից է բխում: Այն հարցին, թե Ուորլիքի հայտարարության ֆոնի վրա Օլանդի այցը կարող է հանգեցնել հարցի այնպիսի լուծման, որն այդքան էլ ընդունելի չի լինի մեզ համար, բանախոսը նշեց. «Ես չեմ գտնում, որ հայաստանյան դիվանագիտությունն այնքան թույլ կարող է գտնվել, որ թույլ կտա հարցը լուվի ի օգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, որ ամեն ինչ կարվի, որ Ղարաբաղյան հարցը լուծվի այնպես, ինչպես պահանջում է պատմական արդարությունը եւ մենք: Բնական է, որ հարցի լուծումը չի կարող արագ լինել եւ հենց Արեւմուտքն էլ է դա շատ լավ հասկանում: Իմ կարծիքով, նման հայտարարություններով նրանք փորձում են ստուգել, թե ներքին եւ թե արտաքին լսարանի արձագանքները: Այդ արձագանքներից հետո նրանք կգծագրեն իրենց հերթական գործողությունները»:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

