ԱՐՎԵՍՏԻ ՎԵՑ ՃՅՈՒՂԵՐ ԿՄԵԿՏԵՂՎԵՆ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐՎԵՍՏԻ ՎԵՑ ՃՅՈՒՂԵՐ ԿՄԵԿՏԵՂՎԵՆ «ԱՐՏ ՖԵՍՏ»-ՈՒՄ
Մի քանի օր շարունակ Հայաստանի ստեղծագործող երիտասարդները հնարավորություն կունենան հանրությանը ներկայացնել իրենց ստեղծագործությունները: Նրանց նման հնարավորություն է տալիս «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնը, որը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Փառատոնը, որն իր մեջ ներառում է արվեստի 6 ճյուղ (թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, քանդակագործություն, լուսանկարչություն, գեղանկարչություն) այս տարի կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը և նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արտ ֆեստ» փառատոնի հիմնադիր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ հիշատակին:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մայիսի 10-ին, որն իր եզրագիծը կհատի մայիսի 22-ին: Փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ, այս տարի ընդունվել են բազմաթիվ հայտեր. «Այս տարի ունենք հայտերի աննախադեպ քանակ, սա ինձ համար որպես փառատոնի տնօրենի շատ կարևոր փաստ է: Նախորդ տարի ունեինք 132 հայտ, իսկ այս տարի` 155, ավելի քան 200 մասնակից: Շատ ակտիվ են մասնակցում Լոռու, Կոտայքի, Գյումրու, մարզերը, ինչպես նաև Երևանի մշակութային բուհերը: Մարզերի ակտիվությունը շատ գոհացուցիչ է: Ուրախալի է այն հանգամանքը, որ նախորդ տարվա մեր փորձը ցույց է տվել, որ փառատոնին մասնակցած երիտասարդները համախմբվում են մեկ տանիքի ներքո և նորանոր նախագծերի ծնունդ տալիս: Այս փառատոնում սահմանափակումներ չկան, մենք հնարավորություն ենք տալիս ստեղծագործող երիտասարդներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները»:
Ըստ ՀՀ մշակույթի փոխնախարար ՆԵՐՍԵՍ ՏԵՐ- ՎԱՐԴԱՆՅԱՆԻ այս փառատոնի շնորհիվ երիտասարդ ստեղծագործողները կարողանում են ցույց տալ իրենց հնարավորությունները. «Փառատոնի շնորհիվ այդ երիտասարդների համար բացվում է մի ճանապարհը, որը ստեղծագործողին տանում է մեծ հորիզոններ` միջազգային փառատոների և մրցույթների»:
Խոսելով «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի կարևորության մասին, Երևանի թատրոնի և
կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի (ԵԹԿՊԻ) ժամանակավոր պաշտոնակատար ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ փաստեց, որ արվեստը նորանում է նոր անունների շնորհիվ և այսօր այդ նոր անունների օրն է, ովքեր պետք է առաջ գան և հայտարարեն իրենց մասին: «Այստեղ լավն այն է, որ այդ երիտասարդներն ունեն սխալվելու իրավունք: Սա այն ժամանակն է, որ արվեստագետը կարող է հետաքրքիր, տաղանդավոր ու անսպասելի սխալվել, որը կարող է իր հետ մի նոր բան բերել: Արդեն երկրորդ տարին է նշում ենք այս փառատոնը, հույս ունեմ կլինի նաև 3-րդ…, 10-րդ փառատոնը և կդառնա լավագույն հասցեն երիտասարդ սերնդի համար»:
«Երիտասարդներին տրամադրում ենք հարթակ, որպեսզի նրանք կարողանան ինքաարտահայվել, միմյանց ճանաչել: Անցած տարվա փորձից մենք հասկացանք, որ կան բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք իրար հետ սկսեցին աշխատել, նախորդ փառատոնից հետո: Մեզ համար շատ կարևոր է մարզերի նրգրավվածությունը փառատոնում: Կարևոր է նաև, որ ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ ցուցադրվել են փառատոնի շրջանակներում, այնուհետև մասնակցել են միջազգային փառատոների, սա մեծ օգնություն է երիտասարդներին»,- «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ ԱՆՆԱ ՀԵՔԵՔՅԱՆԸ:
Նշենք, որ արվեստասեր հանրությունը մայիսի 10-ից մինչև 22 ը «Արտ Ֆեստի» թատերական ներկայացումներին` կինոարվեստի, կերպարվեստի ցուցադրությունները կարող է դիտել ԵԹԿՊԻ Ուսումնական Թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, ՀԹԳՄ-ում, Պետական երաժշտական կամերային թատրոնում, «Թատրոն 32»-ում: Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Նարեկացի» Արվեստի Միությունում: Իսկ գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի և լուսանկարչության ցուցադրությունները տեղի կունենան Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

