Սեքսոպաթոլոգ. ««ՍԵՔՍԱԲՈՒԽ» ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ` ԿԱՅՔԻ ԴԻՏԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ» (+Տեսանյութ)
Արխիվ 12-16Սեքսոպաթոլոգ. ««ՍԵՔՍԱԲՈՒԽ» ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ` ԿԱՅՔԻ ԴԻՏԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ» (+Տեսանյութ)
Մայիսի 10-ը սեքսոպաթոլոգների միջազգային օրն է: Օրվա խորհուրդի մասին եւ ոչ միայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Մասնագետը չհերքեց այն կարծիքը, թե տարիներ առաջ ավելի մեծ է եղել հետաքրքրությունը սեքսուալ թեմաների շուրջ: Այսօր մի տեսակ նվազել է այդ հետաքրքրությունը: Մասնագետին, ի դեպ, չեն գոհացնում սեռական առողջությանը վերաբերվող այն նյութերը, որոնցով այսօր ողողված է համացանցը: Ըստ Շահրամանյանի` մատուցած նյութերի մեծամասնությունը, ոչ ավել, ոչ պակաս, դատարկաբանություն է. ունեն կանչող վերնագրեր:
«Ցավալին այն է, որ հանրությունն արդեն հանգիստ է մոտենում յուրաքանչյուր առողջական խնդրին, քանի որ գիտի` լուծումը հաստատ կգտնի համացանցում»:
Վ. Շահրամանյանը նաեւ նկատեց, որ նյութերի մեծամասնությունը գրվում են` կայքում դիտումներ ապահովելու նպատակով: Խոսքը, այսպես ասած, անհեղինակ նյութերի, կծկտուր, երբեմն սխալ թարգմանությամբ մատուցած նյութերի մասին է: «Որպես մասնագետ` մտահոգությունս եմ հայտնում այս հարցի վերաբերյալ: Ի՞նչ ենք շահում արդյունքում, եթե փորձում ենք ապահովել նմանատիպ նյութերի դիտելիությունը: Չէ՞ որ բոլորիս էլ քաջ հայտնի է, որ այդ նյութերի զգալի մասը մասնագիտական գրչով չի գրված: Կարդում ես առաջին երկու տողերը եւ հասկանում, որ վերնագիրը բացարձակ կապ չունի բովանդակության հետ: Բովանդակությունն էլ, մեղմ ասած, հեռու է բժշկական սեքսոլոգիայից: Եվ ո՞րն է նպատակը: Ջանասիրաբար հրամցնել ապատեղեկացված եւ հաճախ վտանգավոր տեղեկատվությու՞ն: Այցելուն դառնա անգրագե՞տ... Իսկ ավելի լավ չի լինի, եթե նույն սկզբունքով առաջնորդվելով՝ լրագրողները չզլանան եւ նմանատիպ նյութեր պատրաստելիս դիմեն համապատասխան մասնագետի օգնությանը՝ աշխատանքը առավել գրագետ եւ օգտակար դարձնելու նպատակով: Արդյունքում եւ՛ դիտելիությունը կլինի ապահոված, եւ՛օգտակարությունը»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

