ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ Է (Տեսանյութ)
Արխիվ 12-16ԵՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ Է (Տեսանյութ)
Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածի սահմանապահ զորամասերից մեկը աչքի է ընկնում իր Սուրբ մատուռով, որտեղ առ Աստված զինվորները աղոթք են բարձրացնում, ապա խաղաղ հոգով ու հավատով, իրենց կյանքի գնով պահում հայրենիքի սահմանները: Մայր Աթոռի նախաձեռնությամբ եւ Վեհափառ հայրապետի օրհնությամբ օրերս կայացած ուխտագնացությունը դեպի Տավուշի սահամանամերձ գյուղեր, որին մասնակցում էին շուրջ 140 երիտասարդ ուխտավոր, այդ թվում` լրագրողներ, չէին կարող անտարբեր անցնել այս զորամասի կողքով եւ զինվորների հետ չմասնակցել Սուրբ Պատարագին: Ինչ խոսք, փշաքաղվել կարելի էր, երբ մեր հզոր զինվորները մեկ մարդու պես «Հայր մեր» էին ասում…
Լրագրողների հետ զրույցում զորամասի հոգեւոր սպասավոր բարեշնորհ ԱՐՍԵՆ սարկավագ ՀՄԱՅԱԿՅԱՆԸ անդրադառնալով զինվորների հոգեւոր կյանքին` նշեց.
- Մատուռում հոգեւոր ծիսական արարողություններ ենք անում, եկեղեցական տոնախոսական հանդիպումներ ենք ունենում զորքի
հետ: Չեմ ասի, շատ մոտ պարբերականությամբ, բայց հիմնականում մեծ տոներին աշխատում ենք կազմակերպել այդպիսի հանդիպումներ:
- Իսկ զինվորները որքանո՞վ են հաղորդակից դառնում հոգեւոր կյանքին:
- Հետաքրքրված են, գալիս են, մտնում են մատուռ, աղոթում են: Երեւի թե, մեր մեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ յուրաքանչյուր զինվոր անցնելով եկեղեցու կողքով`գլխարկը հանում է, խաչակնքվում է, հետո նոր անցնում իր ծառայությանը:
- Ճի՞շտ է, որ մատուռը զինծառայողներն են կառուցել:
- Բնականաբար մատուռի կառուցման գործում զինծառայողներն իրենց ներդրումն ունեցել են: Այն 2010 թվականից գործում է: Օրինակ, մատուռի խաչը երկու զինծառայող է պատրաստել: Եթե չեմ սխալվում, գյումրեցի եղբայրներ էին: Իսկ մատուռի քանդակները պատրաստել են նորից երկու գյումրեցի
եղբայրներ`Պետրոսյան եղբայրները, որոնք դեռ ծառայում են:
- Այսօր զինծառայողը հոգեւոր առումով ի՞նչ խնդիր ունի:
- Խոսում ենք զինվորի մասին, բայց ոչ միայն զինվորի մասին կարելի է ասել, այլ առհասարակ մարդը միշտ իր կյանքը ապրելով` զարգացման ընթացք է ապրում: Ու այդ զարգացման ընթացքը ավելիով է արտահայտվում զինվորական ծառայության ընթացքում, երբ մտնում են կարգուկանոնի մեջ ու իրենց հոգեւոր տեսակը զարգացնում` ամրապնդվելով հենց այդ կարգուկանոնի մեջ:
Խոսելով Արսեն սարկավագի հետ` ակամայից հիշեցինք մարտիկի երդում դարձած երգի բառերը. «Հրով լինի, սրով լինի, խաչով լինի, գրչով լինի, պիտի գնանք վաղ թե` ուշ…»:
Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

