ՙՙԴԱՎԹՅԱՆԸ ԼԱՎ ԳՈՏԵՄԱՐՏ ԱՆՑԿԱՑՐԵՑ, ԵՐԲ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏԻՆ՚
Արխիվ 12-16ՙԴԱՎԹՅԱՆԸ ԼԱՎ ԳՈՏԵՄԱՐՏ ԱՆՑԿԱՑՐԵՑ, ԵՐԲ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏԻՆ՚
Ապրիլի 24-27-ը Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում, որին 43 երկրի 321 մարզիկ էր մասնակցում, մասնակցում էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Փորձառու ձյուդոիստ, 30-ամյա Հովհաննես Դավթյանը փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի պատվիրակ Օրխան Սաֆարովի նկատմամբ եւ իր նվաճումներին ավելացրեց եւս մեկը: Դավթյանը մեկը մյուսի ետեւից առավելության հասավ բուլղարացի Յանիսլավ Գերչեւի, պորտուգալացի Նունո Կարվալյոյի նկատմամբ ու միայն քառորդ եզրափակչում զիջեց աշխարհամասի ապագա փոխչեմպիոն, վրաստանցի Ամիրան Պապինաշվիլուն: Սփոփիչ գոտեմարտում գյումրեցի ձյուդոիստի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանն էր, որը վնասվածքի պատճառով գոտեմարտից հրաժարվեց:
Իսկ երրորդ տեղի համար պայքարում Դավթյանը, հաստատելով իր բարձր կարգը` վստահ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Օրխան Սաֆարովի նկատմամբ ու իր պարգեւներին ավելացրեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանն այս անգամ Մոնպելյեում բավարարվեց 7-րդ տեղով: Առաջին օրը տատամի ելած Հայաստանի պատվիրակներից 7-րդ տեղ գրավեց կանանց 52 կգ քաշայինների մրցապայքարին մասնակցած Ժաննա Ստանկեւիչը: Նա 1/8-րդ եզրափակչում հաղթեց Գերմանիայի պատվիրակ Ռոմի Տարանգուլին, սակայն հետո քառորդ եզրափակչում զիջեց ապագա չեմպիոնուհուն` Մայլինդա Կելմենդիին: Ստանկեւիչը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ, բայց սփոփիչ գոտեմարտում զիջեց Գիլի Կոհենին ու բավարավեց 7-րդ տեղով: Մրցաշարում 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը: Ա. Չափարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց մոլդովացի Վալերիու Դումինիչային, իսկ Ռ. Դավթյանը դարձյալ մեկնարկում չկարողացավ հաղթահարել լատվիացի Կոնստանտինս Օվչինիկովսի արգելքը: Մրցաշարի արդյունքները ՙԻրավունքի՚ հետ ամփոփեց Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
- Գո՞հ եք Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ելույթներից: Մրցաշարին նախորդող փուլը մարզիկները լիարժե՞ք էին անցկացրել:
- Այո, մրցաշարի արդյունքներից, ընդհանուր առմամբ, գոհ եմ, եթե նախապատրաստական փուլը թերի եղած լիներ, մեդալ չէինք նվաճի...
- Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը պայքարից դուրս մնացին հենց մեկնարկում: Ի՞նչն էր ձախողման պատճառը:
- Նախ ասեմ, որ Ռաֆայել Դավթյանը փորձառու մարզիկ չէ, բացի այդ, նա պետական բյուջեի հաշվին չի մասնակցում մրցաշարերին, այլ՝ հովանավորի: Ես Ռաֆայելից ակնկալիքներ չունեի: Ինչ վերաբերում է Անդրանիկ Չափարյանին, նրանից սպասելիքներ կային, բայց նա կայուն մարզիկ չէ. կարող է մի մրցաշարի մասնակցի շատ լավ` իրենից ավելի ուժեղ մրցակիցների նկատմամբ առավելության հասնի, իսկ մեկ ուրիշ ավելի թույլ մրցաշարում կարող է պարտվել իրենից թույլին: Չափարյանի դեպքում խնդիրն ավելի շատ հոգեբանական էր:
- Բրոնզե մեդալակրի` Հովհաննես Դավթյանի մասին ի՞նչ կասեք:
- Հովհաննեսը լավ մասնակցեց, նա շատ լավ գոտեմարտեր անցկացրեց, ցավոք զիջեց Վրաստանի ներկայացուցչին, թեեւ, իմ անձնական կարծիքով` Դավթյանը վրացի մարզիկից ավելի ուժեղ էր: Դավթյանը նաեւ շատ լավ գոտեմարտ անցկացրեց` երրորդ տեղի համար պայքարում, երբ հաղթեց ադրբեջանցի ձյուդոիստին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

