ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ. ՙԹՈՂ ԳԱՆ, ՆԵՐԿԱՅԱՆԱՆ, ՍԽԱԼՎԵՆ, ԹՐԾՎԵՆ՚
Արխիվ 12-16Մայիսի 10-ին կմեկնարկի ՙԱրտ ֆեստ՚ երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը, որն այս տարի նվիրվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, ՙԱրտ ֆեստ՚ փառատոնի հիմնադիր` Արմեն Մազմանյանի հիշատակին: Ըստ փառատոնի հիմնադիր տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ` այն այս տարի լայն թափ է հավաքել. ՙԱյդ մասին է խոսում հայտերի աննախադեպ լիությունը` 155 հայտ, ավելի քան 200 մասնակից: Սա լավագույն խոսուն փաստն է, որ գալիս է ապացուցելու փառատոնի կարեւորությունը՚:
Է. Բարսեղյանի տեղեկացմամբ, այս տարի նույնպես շատ ակտիվ են մարզային ստեղծագործական միավորումներն ու անհատ ստեղծագործողները` հատկապես Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերը. ՙՙԱրտ ֆեստը՚ մի հարթակ է, որ հնարավորություն է ընձեռում երիտասարդ արվեստագետներին` ռեժիսորներին, դերասաններին, նկարիչներին, քանդակագործներին, պրոդյուսերներին մեկ տանիքի ներքո ներկայացնել սեփական ստեղծագործություններն ու ծանոթանալ իրենց հասակակիցների աշխատանքներին: Ինձ ուրախացնում է այն, որ փառատոնի ավարտից հետո մասնակիցների ծանոթությունների արդյունքում ծնվում են համատեղ աշխատանքներ: Երբ մեկ տանիքի ներքո են հավաքվում երիտասարդ արվեստագետները, մշակութային ԲՈՒՀ-երի ուսանողները, դա անպայման բերում է դրական արդյունքի՚:
Փառատոնի կազմակերպիչները հաշվի առնելով նախորդ տարվա փորձն ու այն հանգամանքը, որ այլ մասնագիտություններ ունեցող մարդիկ նույնպես ներկայացրել են գեղարվեստական արժեք ներկայացնող աշխատանքներ, որոշել են հնարավորություն ընձեռել ոչ միայն պրոֆեսիոնալներին, այլեւ նրանց, ովքեր քայլում են արվեստի հետքերով եւ փնտրում գեղեցիկը. ՙՙԱրտ ֆեստը՚ ներկայանալու հնարավորություն է տալիս բոլոր ստեղծագործող երիտասարդներին: Եթե մենք առաջնորդվեինք միայն կայացած արվեստագետներին հարթակ տրամադրելու սկզբունքով, ապա` չէինք բացահայտի նոր անուններ, ըստ իս, դա կլիներ մի տեսակ արարողակարգային բնույթի միջոցառում: Կարծում եմ` սկսնակ արվեստագետին հարկավոր է ներկայանալու հնարավորություն տալ եւ ոգեւորել: Ի դեպ, սա չի նշանակում, թե ՙԱրտ ֆեստի՚ բոլոր մասնակիցներն առաջին անգամ են մասնակցում նման փառատոների: Կան հայտատուներ, որոնք նույնիսկ միջազգային հարթակներում հիանալի հաջողություններ են արձանագրել: Բայցեւայնպես, մեր փառատոնի գերակա առաքելություններից մեկը երիտասարդին առաջին քայլ անելու, վախը հաղթահարելու հնարավորություն տալն է: Իմ ուսուցիչը` Արմեն Մազմանյանը, ուսանողական տարիներին մեզ տալիս էր սխալվելու եւ շտկվելու հնարավորություն: Մեծ մտածող Մահադմա Գանդին ասում էր. ՙԱրժեք չունի այն ազատությունը, որը սխալվելու իրավունք չի տալիս՚: ՙԱրտ ֆեստը՚ տալիս է համարձակորեն առաջին քայլ անելու հնարավորություն: Թող գան, ներկայանան, սխալվեն, թրծվեն: Միշտ պետք է երիտասարդ ստեղծագործողին ներկայանալու հնարավորություն տալ՚:
Կազմակերպիչները նպատակ ունեն փառատոնը դարձնել համահայկական, սակայն. ՙՏեխնիկական պատրաստվածության առումով այդ հնարավորությունը ժամանակն իր հետ կբերի: Իսկ մինչ այդ` ՙԱրտ ֆեստը՚ կբացահայտի մեր հանրապետության սահմաններում ստեղծագործող նոր անուններ: Հայաստանյան մշակութային կյանքում իսկապես փառատոների պակաս կարծես թե չկա, եւ ամեն փառատոն ունի իր կարեւորությունը: Կարծում եմ` ցանկացած տոնակատարություն արդեն դրական է: Վստահ եմ` քանի դեռ կան ներկայանալու ցանկություն ունեցող երիտասարդներ, արվեստագետներ` ՙԱրտ ֆեստն՚ իր կարեւորությունը կպահպանի՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

