ՙԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՆ՚
Ինչպես հայտնի է` ՀՀ ԱՆ-ն վերջին մի քանի օրերի ընթացքում SMS հաղորդագրությունների միջոցով զգուշացնում է ծնողներին, որպեսզի թե իրենք եւ թե իրենց բալիկները անպայման դիմեն մոտակա բուժկետ` պատվաստվելու համար:
Մեր ընթերցողներից ոմանց հետաքրքիր էր, թե ինչ պատվաստումների մասին է խոսքը, քանի որ SMS հաղորդագրությունների մեջ չի նշվում դրա մասին: Թե ինչ պատվաստումների մասին է խոսքը, պարզաբանում խնդրեցինք Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց. -Իմունիզացիայի շաբաթի շրջանակներում մենք փորձեցինք բնակչությանը մեկ անգամ եւս իրազեկել պատվաստումների մասին, եւ այդ SMS հաղորդագրության իմաստը հենց դրանում էր: Խոսքը սովորական պլանային պատվաստումների մասին է: - Հանրության շրջանում դեռեւս մտավախություններ կան պատվաստումների հետ կապված: Շատ ծնողներ նշում են, որ չեն տեղեկացվում, թե ինչ պատվաստանյութ է ստանում իր երեխան: - Այն ծնողները, ովքեր մտավախություն ունեն, կարող են մտնել պոլիկլինիկա եւ հենց այնտեղ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Մեր ունեցած բոլոր պատվաստանյութերը եվրոպական արտադրության են, բոլորի ժամկետները մինչեւ 2016 թվականն են: - Կարող եք պաշտոնապես հրապարակել այն բարձաստիճան պաշտոնատար անձանց երեխաների, թոռների անունները, ովքեր պատվաստվել են: - Անվանական ցուցակ ես այս պահին չեմ կարող հրապարակել, քանի որ դրա համար ես պետք է պահանջեմ բոլոր պոլիկլինիկաներից, որպեսզի ինձ այդպիսի ցուցակ ներկայացնեն: Բայց այն թվերը, որոնք մենք ներկայացնում ենք` մոտ իննսուն տոկոս ընդգրկում, նշանակում է, որ գրեթե բոլորը պատվաստվում են: Մեկ-երկու հրաժարումները չեն խոսում, որ պաշտոնատար անձինք չեն պատվաստվում: Չկա մի այնպիսի երկիր, որտեղ դժգոհողներ չլինեն. եթե համեմատենք հարեւան Վրաստանի հետ, այնտեղ պատվաստումների ընդգրկումը նույնիսկ յոթանասուն տոկոսի չի հասնում: