«ԲԵՐԴՈՒՄ ԷԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ»
Արխիվ 12-16«ԲԵՐԴՈՒՄ ԷԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ»
Մայր Աթոռի նախաձեռնությամբ օրերս կայացած երկօրյա այցելությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր ամփոփվեց մեծ համերգային ծրագրով Բերդ քաղաքում: «Իրավունքը» միջոցառման ավարտին զրուցեց Բերդի քաղաքապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:
- Ե՞րբ էր վերջին անգամ նման մեծ միջոցառում եղել Բերդում:
- Տեղական ուժերով փորձում ենք ամեն ինչ անել, որ ամիսը չանցնի: Իհարկե, լինում է, որ Երեւանից էլ են գալիս, բայց մենք բարձր որակի երեխաներ ունենք ու փորձում ենք իրենց ներուժը օգտագործել, որպեսզի մեր ժողովուրդն էլ տեսնի, որ քաղաքապետարանի կողմից արված ֆինանսավորումը ճիշտ նպատակին է ծառայում: Եվ, բնականաբար, մեր երեխաներին մի քայլ առաջ ենք գցում:
- Տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակչության գերխնդիրը խաղաղությունն է, իսկ Բերդում...
- Բերդ քաղաքում էլ խաղաղությունը չէր խանգարի: Ուղղակի, մենք, որ ունենք Չինարի, Այգեպար, Ներքին
Կարմիրաղբյուր,Մովսես, Բերդում մեզ չենք համարում սահմանամերձ: Իսկ պատերազմը այս քաղաքի կողքով անտարբեր չի անցել, այս քաղաքում էլ է պատերազմ եղել եւ, ցավոք սրտի, բավականին երկար ժամանակ: Բերդի քաղաքացիներն էլ են այդ պատերազմից տուժել, ընդհանրապես նախկին Շամշադինի շրջանում չկա մի գյուղ, որ պատերազմի ժամանակ իր ջոկատը, իր տղաները ունեցած չլինի: Եվ Բերդը այս շարքում ամենամեծ համայնքն է, ուստի` ամենամեծ ջոկատն էլ եղել է այստեղից:
- Բացի խաղաղությունից, Բերդի բնակչությունն էլ ի՞նչ խնդիրներ ունի այսօր:
- Չի տարբերվում Հայաստանի մնացած տարածքների խնդիրներից` աշխատանք, կառուցում եւ իհարկե` խաղաղություն:
- Իսկ վերջին մի քանի տարում որեւէ շինարարական աշխատանք իրականացվե՞լ է:
- Այո, մեկ-երկու ամիս առաջ մանկապարտեզը շահագործման հանձնեցինք, որը շատ բարձր մակարդակի է` ջեռուցումով, վերանորոգված սենյակներով: Մայիսի վերջին, Աստծո կամոք, ավարտին կհասցնենք եկեղեցու կառուցումը: Իսկ աշնանը
կավարտենք հիվանդանոցի շինարարությունը, որը նույնպես բարձր մակարդակի կառույց է լինելու:
- Արտագաղթի պատկերը ինչպիսի՞ն է Բերդում:
- Քաղաքի բնակչությունն այս վերջին երկու-երեք տարվա ընթացքում մեծ փոփոխության չի ենթարկվել: Չնայած, ցանկացած մարդ, ով հեռանում է, կարելի է համարել մեծ փոփոխություն: Բայց Բերդ քաղաքը այս առումով փոփոխության չի ենթարկվում` ընդամենը գյուղերի հաշվին:
- Նոր կառավարության ձեւավորումն ու սպասելիքները ի՞նչ կերպ անդրադարձան Բերդի տարածաշրջանի վրա:
- Բնականաբար, ցանկացած փոփոխության ժամանակ սպասում ենք, որ դրական անդրադարձ կունենա մեզ վրա, բայց քանի որ փոփոխությունը մի քանի օր առաջ է կատարվել, եկեք մի քանի ամիս սպասենք, եւ բոլորս էլ միասին կարտահայտվենք այդ մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

