ՙԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՎԱԾ՚ ԳՆԵՐԸ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂԻՆ
Արխիվ 12-16ՙԵՎՐՈՊԱԿԱՆԱՑՎԱԾ՚ ԳՆԵՐԸ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂԻՆ
Հայաստանյան մեծ սուպերմարկետներում հաճախ ենք հանդիպում ապրանքատեսակների, որոնց արժեքը հայ հասարակության համար այդքան էլ հասկանալի չէ, քանի որ գնապիտակներին գրված գնից նա մի քանի դրամ ավելի է վճարում: Օրինակª 145 դրամի փոխարեն` 150, 195 դրամի փոխարեն` 200 դրամ եւ այլն: Այսպիսի ՙհոգեբանական՚ գների օրինակները բազմաթիվ են եւ այդ բազմազանության արդյունքում էլ տուժողը միշտ սպառողն է. ապրանքի արժեքը կլորացվում է հօգուտ տնտեսվարողի: Թվում է, թե նման գնային քաղաքականություն Հայաստանում պետք է բացառվեր, քանի որ մեր երկրում չկան մանրադրամներ: Բայց հենց դա էլ դարձավ տնտեսվարողի համար ՙմեծ հնարավորություն՚, որպեսզի նա վնասելով սպառողին` հարստացնի իր բյուջեն: Այն, որ խախտվում են սպառողի իրավունքները ակնհայտ է, այդ մասին փաստում է նաեւ ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ Հ/Կ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ: Նրա խոսքով` այս ամենը մարկետինգային քաղաքականություն է, որը բավականին հեշտ է վարել մեր երկրում`տնտեսվարողը գրեթե վնաս չի կրում եւ մանրավաճառի անվան տակ մանրադրամ չունենալու պատճառով գները կլորացվում են ի վնաս սպառողի: ՙՍա ընդունված տարբերակ է այն երկրներում, որտեղ կա մանրադրամ, իսկ մեր երկրի համար խնդիր է` չունենք մանրադրամ եւ այդ 5 դրամները կլորացվում են ի վնաս սպառողի, այսինքն 415 դրամի փոխարեն սպառողը վճարում է 420 դրամ՚,- մեկնաբանեց է Բաբկեն Պիպոյանը:
Այն, որ սպառողից ավելի գումար է գանձվում, սա արդեն նրա իրավունքերի ոտնահարում է: Իսկ թե ի±նչ միջոցներ պետք է կիրառել, որպեսզի նման դեպքերում պաշտպանվեն սպառողի շահերը, պրն. Պիպոյանը նշեց. ՙՄեկուկես տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ այսպիսի գների հետ կապված, եւ այն խոշոր սուպերմարկետները, որոնք կարող են առաջացնել նման խնդիրներ, օգտվեցին առիթից եւ անվճար գովազդվեցին: Նրանք մամուլում հայտարարեցին, թե բարեխիղճ են աշխատում, նման երեւույթ գոյություն չունի, եւ իրենք աշխատում են հօգուտ սպառողի: Այս ամենից հետո բացի տնտեսվարողի գովազդից` ոչինչ չփոխվեց: Աղմուկ չեմ բարձրացնում այն պատճառով, որովհետեւ բացի տնտեսվարողի գովազդից` այլ արդյունքի չեմ հասնելու, իսկ ես երբեւէ նպատակ չեմ ունեցել զբաղվել տնտեսվարողի գովազդով: Անկեղծ ասած` ես այն կարծիքին եմ, որ պետք է մանրադրամ չունենաք, իսկ թե այդ 1, 2… 5 դրամը պետք է գանձվի հօգուտ սպառողի±, թե տնտեսվարողի, միանշանակ ասում եմ` հօգուտ սպառողի՚:
ՙԻրավունքը՚ զրուցեց նաեւ հոգեբան ԼԻԼԻԹ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետª պարզելու համար, թե արդյոք այսպիսի գները կարո±ղ են հոգեբանական ազդեցություն ունենալ մարդկանց վրա: ՙՄարդը շատ տարօրինակ հոգեբանություն ունի, նա մանր թվերը չի նկատում: Նրա ենթագիտակցության մեջ չի նստում, օրինակ, 7-8 տոկոս զեղչը, բայց փոխարենը մեծ ուշադրություն է դարձնում 10 տոկոս եւ ավելի զեղչերի վրա: Օրինակ, երբ ապրանքի վրա գրված է 1995 դրամ, մարդը չի նկատում վերջին փոքր թվերը, նրան միանգամից գրավում է սկզբի մեծ թիվըª 1000-ը, եւ գինը պատկերացնում է այդ եւ ոչ թե 2000-ի շրջանակում: Այսինքն այն, որ այդպիսի գները հոգեբանական խնդիր են, փաստ է, որովհետեւ շրջանառության մեջ մենք չունենք մանրադրամներ՚:
Ըստ մեր զրուցակցիª հայաստանյան սուպերմարկետները այդ գների վրա շատ լավ ՙխաղում են՚: Այսինքնª տնտեսվարողը սպառողին պարզապես ՙստիպում է՚ գնել տվյալ ապրանքները կամ էլ մնացորդի մի քանի դրամի պատճառով մտնել սուպերմարկետներում գործող բոնուսային համակարգի մեջ: ՙԽնդիրն այստեղ այն է, որ այս ճանապարհով մարդուն անկախ իր կամքից տանում են դեպի բոնուսային կամ կուտակային համակարգ: Վաճառողի խնդիրն է` գնորդին բերել իր խանութ, իսկ սպառողի խնդիրն էª մինիմալ գներով ձեռք բերել որակյալ ապրանք, սա աքսիոմա է: Սուպերմարկետների մենեջերներն էլ իմանալով նման նրբությունները, կիրառում են այսպիսի համակարգ եւ սպառողին ներգրավում իրենց կազմակերպած խաղի մեջ՚:
Իսկ թե ինչքան ժամանակ կշարունակվի այս խաղը, որը ձեռնտու եւ շահավետ է տնտեսվարողի համար, դեռեւս պարզ չէ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

