ՙՈՐՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ՙՀՐԱՇԱԼԻՆԵՐԸ՚ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ԿԼԻՆԻ՚
Արխիվ 12-16ՙՈՐՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ՙՀՐԱՇԱԼԻՆԵՐԸ՚
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ ԿԼԻՆԻ՚
Շուտով ԱԺ-ն կանցկացնի արտահերթ նստաշրջան: Արդեն հայտնի են այն նշանակումները, որոնք տեղի ունեցան ԱԺ-ում, ըստ որի, եթե ոչ կանոնակարգում, ապա նոր նշանակումների արդյունքում պառլամենտում տիրող մթնոլորտը փոքր-ինչ այլ ձեւով կլինի: Այս եւ այլ հարցերի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նորանշանակ ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ: -Երկար տարիներ Գալուստ Սահակյանը ղեկավարեց այս պաշտոնը, նրա որ մոտեցումները Դուք կշարունակեք եւ ինչ նոր մոտեցումներ կցուցաբերեք:
- Աշխատանքի բնույթը նույնն է, եւ տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներին տարբեր կերպ են վերաբերվում: Բոլոր տեսակի հարաբերությունների կարգավորումը ՀՀԿ-ում եղել է պատշաճ մակարդակի վրա, կարծում եմ, որ այն կպահպանվի, կաշխատենք ավելի բարձրացնել այն, քանի որ ամեն նոր եկող ցանկանում է մի նոր բան ավելացնել:
- Ինչպես եք պատկերացնում Ձեր հարաբերությունների կառուցումը այլ խմբակցությունների հետ արդեն ի պաշտոնե:
- Մինչեւ այժմ եղել է զուտ ընկերական եւ բարձր մակարդակի վրա, իսկ այժմ կաշխատեմ խորացնել նաեւ քաղաքական հարաբերությունները: Իսկ ընկերականից քաղաքականի անցնելը դժվարությունները թեթեւացնում է, այդ անցումը ավելի ներդաշնակ կլինի ու հեշտ:
ՙԵՐԲ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ՉԵՄ ԽՈՒՍԱՓԻ ԿՈՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ՚
-Երբեմն իրավիճակներ են լինում, որ պահանջվում է, որ խմբակցության ղեկավարը կոշտ ներկայանա կամ կոշտ ներկայացնի եղելությունը: Ձեր պարագայում դա պատկերացնում եք:
- Բնականաբար, երբ դրա անհրաժեշտությունը լինի, չեմ խուսափի կոշտությունից, բայց կաշխատենք միշտ լինել մեղմ ու հաշտեցնողի կարգավիճակում: Բայց եթե առիթ լինի կոշտի, ես դրանից չեմ խուսափի:
- Այս ամիս կառավարությունը ԱԺ-ի դատին կներկայացի իր ծրագիրը, իսկ ԲՀԿ-ն արդեն հայտարարել է իր չմասնակցության մասին: Ինչ է սա նշանակում:
- Առանց ծրագրին ծանոթանալու որոշումներ կայացնելը ճիշտ չեմ համարում, եւ պետք չէ շարժվել անձնական ամբիցիաներով, այլ պետք է շարժվել ծրագրի էությամբ եւ հեռանկարներով: Իսկ թե ինչու է ԲՀԿ-ն նման որոշում կայացրել, դա իրենց գործն է, չեմ ցանկանա մեկնաբանություն տալ մի կուսակցության, որը քաղաքական դաշտում երկրորդ տեղն է զբաղեցնում:
- Եթե դիտարկենք ամբիցիաների դաշտից, ապա ԱԺ նախագահի ընտրություններին ամբիցիաներ չկային:
- Դա նորից իրենց որոշումն էր, նրանք ազատ էին իրենց գործողություններում, ընտրություններում: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա կարծում եմ, որ դեռ ժամանակ կա, եւ ԲՀԿ-ն, հնարավոր է, վերանայի իր որոշումները, իսկ եթե որոշումը վերջնական է, ես դրան չեմ տիրապետում:
ՙՊԵՏՔ Է ԾԱՆՈԹԱՆԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ,
ՀԵՏՈ ԲՈՅԿՈՏԵԼ՚
-Ձեր կարծիքով` քվեարկության չմասնակցությունը արդյոք բոյկոտ չէ:
- Ես երբեք դեմ չեմ եղել բոյկոտի ձեւին, որովհետեւ դա քաղաքական արտահայտման մի ձեւ է: Այնպես որ, նորմալ է այդ տրամաբանությունը, եւ հարգանքով եմ վերաբերվում ցանկացած ուժի քաղաքական որոշումներին:
- Տվյալ պարագայում տեսնում եք բոյկոտի տրամաբանությունը:
- Առայժմ փաստացի չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել: Դեռ ծրագիրը ներկայացված չէ, դրա բուն իմաստը չկա: Երբ ես ինքս էլ ծանոթանամ, իմ մեջ պետք է հասկանամ` արդյոք այն բոյկոտի արժանի էր, թե ոչ:
- Դուք կարծում եք, որ կառավարության ծրագրերում լրջագույն փոփոխություններ են լինելու: Չէ որ դրանք ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերում ընդգրկված դրույթներն են լինելու:
- Նախ` ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերում բավականին առաջընթացի քայլեր կան, եւ այդ աստիճանական մոտեցումները պետք է լինեն: Այսինքն` կառավարության ծրագրերում անընդհատ պետք է լինեն առաջընթացներ: Ծրագրերում կարող են լիներ ոլորտներ, որտեղ ռոֆորմներ իրականացվեն, եւ աստիճանական ու ներդաշնակ փոփոխություններով պետք է հասնենք այն ծրագրերին, որը ներկայացրել է ՀՀ նախագահը:
- ՕԵԿ խմբակցությունը արդեն հանդիպում է ունեցել ՙհրաշալի քառյակի՚ հետ, եւ քառյակը կարծես վերածվում է հնգյակի: Այս կոնտեքստում ինչպիսի±ն կլինի ՕԵԿ-ի դերը կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ:
- Հրաշալի բառը դուք ասացիք` ես չասացի, եւ ՙհրաշալիները՚, որքան շատ լինեն, այնքան լավ է` չորսը, հինգը: Իմ ցանկությունն այն է, որ ձեւավորվի առողջ ու գաղափարական ընդդիմություն: Դրանք կլինեն չորսը, թե հինգը, կարեւորը քանակը չէ, այլ` որակը: Արդյոք դրանք միտված են առողջացնելու կառավարության ծրագրերը, թե± պարզապես ամբիցիաներ ունեն իշխանության գալու: Դրանք տարբեր բաներ են, պետք է ուսումնեսիրել ու հասկանալ` ով ինչ է ուզում:
- Եթե ՕԵԿ-ը դեմ քվեարկի կառավարության ծրագրին, չեք կարծում, որ այդ կերպ հակասում են իրենց` առ այն, որ 2,5 տարի աշխատել են այդ կառավարության ծրագրի ներքո, տվել են իրենց համաձայնությունը, ունեցել են նախարարներ եւ այլն:
- Դուք իրենց այդ հարցը տվել եք:
- Առայժմ` ոչ:
- Նրանց պատասխանից ելնելով` ես կտամ իմ պատասխանը` դրա հետ կապված:
- Պարոն Բաղդասարյան, ինչ կարող եք ասել ՀԱԿ եւ ՙԺառանգություն՚ խմբակցությունների խղճուկ վիճակի մասին:
- Ուրախ եմ, որ մյուս խմբակցությունների մասին հարցնում եք ՀՀԿ-ից, եւ եթե ընդունելի են մեր գնահատականները, ես ուրախ կլինեմ: Բայց նայած, խղճուկ ասելով` ինչ նկատի ունեք` քանակապես, թե որակապես:
- Պառակտվածության մասին է խոսքը:
- Կցանկանայի, որ այդպես չլիներ, եւ որ միասնական լինեին: Եթե ընտրությունների արդյունքում գալիս են Ազգային ժողով, ապա կցանկանայի, որ պառլամենտարիզմը կայանար, եւ խմբակցություններն էլ լինեին կայացած: Այդ իրավիճակի պատճառը պետք է իրենց մեջ փնտրեն ու գտնեն, բայց հիմնական պատճառն այն է, որ գաղափարական տարբեր տեսակի մարդիկ հավաքվում գալիս են ԱԺ, եւ արդյունքում ստացվում է լրիվ այլ արդյունք:
- Պարոն Բաղդասարյան, իշխանություններին համազոր ընդդիմություն տեսնում եք մեր երկրում:
- Ես ցանկանում եմ տեսնել:
ՙՇԱՏ ԴԺՎԱՐ Է ՈՐՈՇԵԼ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ՄԱՐԴՆ Է՚
-Չեք գտնում, որ մեր կառավարությունը ոչ ֆորմալ, բայց կոալիցիոն է:
- Իհարկե` ոչ, կասեի, որ այն ՀՀԿ-ից բաղկացած կառավարություն է եւ իմ ցանկությունն է եղել, որպեսզի կառավարությունը ապաքաղաքականացված լինի, լինեն պրոֆեսիոնալներ եւ մարդիկ, ովքեր դեմ չեն իշխող կուսակցության գաղափարախոսությանը: Իսկ այսօրվա կառավարությունը հենց այդպիսին է:
- Հաշվի առնենք, որ կան նախարարներ, որոնք ընդամենը մեկ ամսվա կտրվածքով այլեւս այլ կուակցությունից չեն, իսկ նորանշանակներից սպորտի նախարարի արմատները տանում են դեպի ԲՀԿ:
- Դե մինչեւ նախարար դառնալը արդեն նախկին ՕԵԿ-ական նախարարները ՕԵԿ-ից չեն եղել: Նրանք պարզապես կառավարության չինովնիկներ են:
- Այսօր կան եւ նշանակվեցին նախարարներ, որոնք իրենց գործունեությունը սկսել են դեռեւս ՀՀ 2-րդ նախագահի օրոք: Չի± զգացվում արդյոք նրա շունչը:
- 2-րդ նախագահի օրոք աշխատել է նաեւ 3-րդ նախագահը, ովքեր միասնական թիմ են կազմել: Քննադատաբար եմ վերաբերվում, որ քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները խոսում են, թե ով ում մարդն է: Չկա նման բան, եւ դա շատ բարդ է որոշել, թե ով ում մարդն է:
- Ինչ կասեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին:
- Չէի ցանկանա ավելին ասել, քան արդեն ասվել է, բայց դա պարզապես մեսիջ է, եւ պետք է այդքան չխորանանք դրա մեջ, բայց պետք է լինի ի գիտություն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

