ՙԱՄՆ-Ը ՈՒԶՈՒՄ Է ԶՈՐՔ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ը ՈՒԶՈՒՄ Է ԶՈՐՔ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
Այն, որ ԱՄՆ-ը ցանկություն ունի շեշտակիորեն ակտիվացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գարծընթացը, ակնհայտ դարձավ Ղրիմի հանրաքվեից անմիջապես հետո, էլ չասած, որ նման տարրեր նկատվում էին դեռ անցած տարեվերջիցª Ուկրաինայում իրավիճակի սրմանը զուգահեռ: Եվ հատկապես վերջին օրերին այս ամենն սկսեց ավելի տեսանելի դառնալ: Ամերիկյան այդ ցանկությունների ու դրանց հավանական պատճառների, այդ ամենից բխող մտավախությունների մասին ժամանակին ¥մասնավորապես մեր նախորդ համարում¤ քանիցս արտահայտվելու առիթներ ունեցել ենք: Եվ ահա նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատեց մեր բոլոր ենթադրությունները:
ՙՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ՚ ՎԱՏԹԱՐԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Այն վեց կետանոց սկզբունքները, որոնք նախօրեին ներկայացրեց Ուորլիքը, էությամբ գրեթե ՙՄադրիդյան սկզբունքների՚ կրկնությունն են, չնայած որոշ էական տարբերություններ կարելի է տեսնել: Այսպեսª նա առաջարկում է ազատագրված տարածքները վերադարձնել Ադրբեջանի վերահսկողությանը: Ընդ որում, խոսքն այստեղ ոչ թե 5 շրջանների ¥առանց Քելբաջարի եւ Լաչինի¤ մասին է, այլեւ Քելբաջարն ու Լաչինի մի մասը պետք է տալ Ադրբեջանին, հաշվի առնելով համանախագահի այն միտքը, թե. ՙՊետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց չի կարող ընդգրկել Լաչինի ամբողջ շրջանը՚: Դրանից հետո միայն Ղարաբաղի եւ մյուս տարածքների համար Ուորլիքը նախատեսում է ինչ-որ անհասկանալի միջանկյալ կարգավիճակ, փախստականների վերադարձ, որից հետո միայն. ՙՎերջնական իրավական կարգավիճակի հարցով հանրաքվե՚: Չէ, սա արդեն ՙՄադրիդյան սկզբունքներն՚ էլ չէ, քանի որ ակնհայտորեն հայկական կողմի համար շատ ավելի վատ ու անորոշ տարբերակ է առաջարկվում:
Իսկ Հայաստանում ամերիկյան դեսպան Ջոն Հեֆերնն էլ փաստում է, որ դա ոչ թե Ուորլիքի անձնական մոտեցումն է, այլ ԱՄՆ-ի պաշտոնական կարծիքը. ՙՀամանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը...՚, ինչը երեկ հաստատեց ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Այլ հարց է, թե այդ ինչու է ԱՄՆ-ը փորձում ՙՄադրիդյան սկզբունքները՚ բարելավել Ադրբեջանի օգտին: Պատճառը դժվար չէ կռահել. ժամանակին ՙՄադրիդյան սկզբունքների՚ վրա պայմանավորվածությունները ձախողվեցին հենց Ադրբեջանի կողմից: Վերջին ամիսներին էլ ԱՄՆ-ը բավականին թաքցված մեթոդներով փորձում էր Բաքվի համաձայնությունը կորզել: Դա ավարտվեց Ադրբեջանի կողմից Ուորլիքի հրաժարականի պահանջով, եւ դրանից հետո, երբ ամերիկյան քաղաքականությունը միանգամից շեշտակիորեն տեղաշարժվում է Բաքվի օգտին, մնում է ենթադրել, որ Վաշինգտոնում մտածում են, թե այդ կերպ կկարողանան ստանալ Ադրբեջանի համաձայնությունը: Կամ, ավելի հավանական է, որ արդեն ստացել են, քանի որ Ուորլիքն այդ առաջարկը տեղափոխեց հրապարակային հարթություն: Ադրբեջանն էլ, կռահելով, թե ինչ տեղի կունենա Ղարաբաղի հարցում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, թերեւս կցանկանա օգտվել գոնե ինչ-որ բան հետ բերելու այս վերջին շանսից: Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարեց, թե Ուորլիքի առաջարկները դեռ 2009-ին համաձայնեցված սկզբունքներն են, ինչը եւս խոսում է այն մասին, որ Բաքուն եւ Վաշինգտոնը որոշ պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, ունեն:
Բայց ամենակարեւորը. այդ ինչո±ւ ԱՄՆ-ն այսպես միանգամից սկսեց իրեն կոտորել Ղարաբաղի հարցով: Այն, որ նպատակը Ղարաբաղին զուգահեռ նաեւ հայ-թուրքական հաշտեցման թեմային ինչ-որ կերպ լուծում տալը, սահմանները բացելը, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ առանցքի նմանվող ինչ-որ համակարգ ստեղծելը եւ այդ կերպ ռուսներին Իրան-Սիրիա ցամաքային ուղուց կտրելն է, մինչ այս էլ ենթադրելի էր: Եվ ահա Ուորիլքի առաջարկած ծրագրի թերեւս ամենաառանցքայինª վեցերորդ կետը ցույց է տալիս, որ հենց այդ ծրագիրն է փորձում կյանքի կոչել ԱՄՆ-ը: Այսպեսª այդ չարաբաստիկ վեցերորդ կետը սահմանում է. ՙԿարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն...՚:
Երեւում է, որ ԱՄՆ-ին անպայման պետք է տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելը, ու մեծ հեռատեսություն պետք չէ` հասկանալու համար, որ ԱՄՆ-ը առաջինն իրեն է տեսնում այդ դերում: Ընդ որում, եթե այդտեղ ներառվեն նաեւ ռուսներ, դա բան չի փոխում. ՌԴ-ն առանց այդ էլ տարածաշրջանումª Հայաստանում ունի իր ռազմական ներկայացվածությունը, իսկ ԱՄՆ-ըª ոչ, եւ սա փայլուն հնարավորություն է Վաշինգտոնի համարª ղարաբաղյան պատրվակով հարավկովկասյան տարածաշրջան զորքեր տեղակայելու համար, ինչն առնվազն կդառնա ռուսական զինուժին լուրջ հակակշիռ, իսկ հետագայում էլ կարելի է մտածել առհասարակ ռուսներին տարածաշրջանից հեռացնելու մասին:
Իսկ թե ինչ վիճակում են հայտնվում այն տարածաշրջանները, որ մտնում են ամերիկյան ՙխաղաղարարները՚, դա այլ, սակայն ոչ պակաս մտահոգիչ հարց է:
ՆՊԱՏԱԿԸ ԱՄՆ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է
Մի խոսքովª հենց սա է արագ-արագ Ղարաբաղում հաշտություն կնքելու, հայերին եւ թուրքերին բարիշացնելու վաշինգտոնյան այս ՙհույժ մարդասիրական՚ ծրագրերի ողջ իմաստըª հարավկովկասյան տարածաշրջանում ամերիկյան զինուժի համար ոտնատեղ ստեղծել: Ընդ որում, դա դառնում է առաջնային խնդիր, քանի որ ուկրաինական դեպքերը ցույց տվեցին, որ Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու եւ այդ կերպ տարածաշրջան ամերիկյան զորքեր մտցնելու սխեման կարող է բոլորովին այլ արդյունք տալ: Դե իսկ խաղաղապահի դիմակով տարածաշրջան սողոսկելու տարբերակը, թերեւս, ամենաանվտանգն ու երաշխավորվածն է: Առավել եւս, որ Ադրբեջանն արդեն հասցրել է դրան կողմ արտահայտվել:
Այլ հարց է, թե ինչո±ւ պետք է Հայաստանը համաձայնի Ուորլիքի, ավելի ճիշտª Վաշինգտոնի այս նոր ծրագրերինª դրանց ադրբեջանական թեքմամբ հանդերձ:
Իհարկեª ԱՄՆ-ը կփորձի ՙհամոզել՚ Հայաստանին: Բայց այս դեպքում Վաշինգտոնը մեկ էական խնդրի է բախվելու. ձեւականորեն Ուորլիքը ներկայացրել է ընդամենը իր մոտեցումները, որոնք Մինսկի խմբի պաշտոնական դիրքորոշում չի կարող համարվել: Իսկ Մինսկի խմբում, դժվար չէ կռահել, որ այդ առաջարկը ներքին լուրջ բախումներ կառաջացնի:
Հաջորդը. օպերատիվ կերպով Ուորլիքին արձագանքեց նաեւ ԼՂՀ ԱԳՆ-նª տեղեկացնելով, որ. Ղարաբաղի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ՙԴեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող... ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որեւէ սակարկության՚: Եվ քանի որ Ուորլիքի եւ դեսպան Հեֆերնի ակնարկած վեցուկես շրջանները Սահմանադրությամբ ԼՂՀ մասն են կազմում, ապա հասկանալի է, որ ԼՂՀ ԱԳՆ-ի հայտարարությունը դրանց էլ է վերաբերում, ու այդ կերպ մերժվում է ամերիկյան այս առաջարկը: Իսկ հակառակը` Երեւանին եւ Ստեփանակերտին Վաշինգտոնը կարող է միայն մեկ ձեւով ՙհամոզել՚ª Ադրբեջանի միջոցով կամ իր ուժերով պատերազմ սկսել Ղարաբաղում: Բայց Հարավ-արեւելյան Ուկրաինայում ձախողվելուց հետո ո±րն է երաշխիքը, որ նույնը Բաքվին ավելի լավ կհաջողվի` ռազմական եղանակով առաջ տանել ամերիկյան քաղաքականությունը: Առավել եւս, որ նախահարձակ լինելու պարագայում արեւմտյան քարոզչամեքենային ոչ մի կերպ չի հաջողվի ՙմաքրել՚ Ադրբեջանին, եթե, առհասարակ, վերջինս կարողանա գոնե ղարաբաղյան պաշտպանության բնագծի առաջին խրամատներն անցնել: Էլ չասած, որ նման իրավիճակում, անշուշտ, անհրաժեշտության դեպքում կգործեն նաեւ ՀԱՊԿ մեխանիզմները ու միջազգային նորմերի տեսանկյունից շատ ավելի ազատորեն ու ամբողջական, քան Ուկրաինայում: Համենայնդեպսª դժվար չէ կռահել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա մոսկովյան այցի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացի Մաքսային միության Հայաստանի անդամակցության հարցից, ղարաբաղյան թեմայի շուրջ այս զարգացումները եւս ուշադրության կենտրոնից դուրս չեն մնացել:
Այսպիսով, թեեւ Վաշինգտոնում կա Ղարաբաղի միջոցով հարավկովկասյան տարածաշրջանին հակառուսական բնույթ հաղորդելու մեծ ցանկություն ու քաղաքական նախաձեռնություն, սակայն տեսանելի չեն այդ ամենն իրականացնելու կոնկրետ միջոցներն ու ուղիները: Իսկ եղած փոքր ու հիմնականում քաղաքական հնարավորություններն էլ ավելի կսեղմվեն Հայաստանի ՄՄ անդամ դառնալուն պես: Մի խոսքով, թեեւ ԱՄՆ-ը փորձում է հետեւողականորեն շոու սարքել Ղարաբաղի շուրջ, սակայն գոնե այս պահին դրանից լուրջ սպասելիքներ չկան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

