ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթով է հանդես եկել Քարնեգիի միջազգային հիմնադրամում: Վերջինս նշել է, որ արցախցիները պետք է Ադրբեջանին հանձնեն ազատագրված տարածքները: Տվյալ հայտարարության մեջ կոնկրետ շեշտադրման վերաբերյալ զրուցեցինք քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ. -Ուսումնասիրել եմ Ուորլիքի ամբողջ ելույթը, նրա կողմից օգտագործված էլեմենտները: Պետք է նշեմ, որ դա նույն մադրիդյան սկզբունքները չէ, ինչպես շատերն են այդպես կարծում: Իր խոսքը մադրիդյան սկզբունքների նոր խմբագրումն է, որը շատ ավելի անընդունելի է:
Այդ քայլը բավական հետաքրքիր մտածված ձեւով է արված, որն ունի տողատակ, որն էլ, իհարկե, չի իրականանալու: Իր հիմնական խնդիրն է մարդկանց իրենց հայրենքում` Արցախում, ապրելու իրավունքից զրկելը: Սա թշնամական վերաբերմունք է եւ ծրագիր: Դա ոչ թե Ուորլիքի, այլ ԱՄՆ-ի կարծիքն է: Կարող եմ մի օրինակ բերել մադրիդյան սկզբունքներից, հենց առաջին կետը, որտեղ ընդամենը մի բառ է ավելացվել, սակայն որն ամբողջությամբ փոխել է տվյալ կետի իմաստը: Կողմերն իրենց վրա պետք է վերցնեն պարտավորություն` որոշելու վերջնական իրավական կարգավիճակը, ԼՂՀ-ի փոխհամաձայնեցված պարտադիր ռեֆերենդումի միջոցով: Այդ փոխհամաձայնեցված բառը նշանակում է, որ Արցախը Ադրբեջանի հետ համաձայնեցնի ռեֆերենդումը, իսկ Ադրբեջանի օրենքը դա թույլ չի տալիս, այսինքն պետության առանձին մի հատվածում ռեֆերենդում կատարել: Այսինքն` սա նշանակում է, որ ռեֆերենդումը չի լինելու, այդ դեպքում չի իրականանալու նաեւ կարգավիճակի հարցը: Արցախը այդ ամենն արդեն մերժել է, բնականաբար Հայաստանն էլ կմերժի, սակայն այս պարագայում ԱՄՆ-ի մոտեցումն է կարեւոր, որն իրականացվում է Ուորլիքի շուրթերով: