ՙ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԵՊ ԽՐԵԼ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՍԵՊ ԽՐԵԼ, ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒ ԱՅԼԱՏԵՍԱԿ ԳՐԱՆՏՈՎ»
ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը օրերս իր տված հարցազրույցներից մեկում նշել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, պետք է զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերեւս հարկ եղած դեպքում օգտագործելով նաեւ այլ մեթոդներ»: Երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ դեսպանի հայտարարությանը` տեղին մատնանշելով շատ ավելի վտանգավոր մի մեկնաբանության մասին, որն արվել է ՀՀ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից:
«Եթե ճիշտ եմ ընկալում հասարակական, քաղաքացիական, լրագրողական անհանգստությունները, ոչ միայն դա պետք է հետաքրքրեր եւ մտահոգեր, այլ նաեւ` ԱՄՆ դեսպանի հայտարարությունը: Հատկապես այն, որ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի հայտարարութունից ԱՄՆ դեսպանը մեջբերեց այն հատվածը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանադրությամբ ամրագրված տարածքներին: Կարծում եմ` ոչ պակաս, եթե չասեմ շատ ավելի բուռն արձագանք պետք է առաջացներ», - նշեց Ա. Աշոտյանն ու հավելեց. «Ռուսաստանի դեսպանի հարցազրույցին արձագանք եղել է Արտգործնախարարությունից, եւ ես էլ եմ այդ կարծիքին, որ Հայաստանի Հանրապետությունում ՀԿ-ները գնալով ավելի մեծ դեր են ունենում: Այդ կազմակերպությունների մի զգալի մասը պետականամետ է եւ հայաստանամետ: Բայց ակնհայտ է, որ կան նաեւ տարբեր կազմակերպություններ, որոնք առաջնորդվում են ՙով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը՚ սկզբունքով, սակայն օրենսդրական դաշտի խախտումներով գործող ՀԿ ես այս պահին Հայաստանում չեմ տեսնում: Հետեւաբար, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ ոչ ոք չի կարող սեպ խրել եւ չի հաջողվի որեւէ մի ՀԿ-ի, անգամ դա անել ամենամեծ, այլատեսակ գրանտով»: Ինչ վերաբերում է ամերիկյան հայտարարություներին, ԿԳ նախարարը հայտնեց իր անձնական կարծիքը. «Կարծում եմ` Հայաստանի իշխանության եւ ընդդիմության թիվ մեկ խնդիրն այսօր պետք է լինի, որպեսզի թույլ չտանք Հայաստանը, մասնավորապես ԼՂ հակամարտությունը դարձնել գլոբալ աշխարհաքաղաքական պայքարի ինչ-որ նոր օջախ: Եվ Ռուսաստան-ԱՄՆ կամ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների ներկա սրված փուլում չպետք է թույլ տանք, որ այն տարածվի Ղարաբաղի վրա: Ղարաբաղը փորձադաշտ չէ աշխարհաքաղաքական պայքարի համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

