ՙՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ՚
Արխիվ 12-16
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Արցախյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին իր ՙմտքի գոհարներով՚ հանդես է եկել Քարնեգիի միջազգային հիմնադրամում: Արցախյան հակամարտության լուծմանը միտված վերջինիս ելույթում, մասնավորապես ասված է. ՙԼեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի՚: Ապա հավելել. ՙՊետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը՚:
Վերոնշյալ խայտառակ հայտարարությանն անդրադառնալով` երեկ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց.
-Մենք դրական ենք վերաբերում Մինսկի խմբի համանախագահների բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են եւ միտված են խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն, որպեսզի հասնենք խնդրի կարգավորմանը կամ մոտ լինենք դրան, մի բան պետք է գիտակցեն: Նախեւառաջ իսպառ պետք է վերացնեն ուժային մեթոդներով խնդրի լուծման ցանկությունները, թեկուզ տեսականորեն: Քանի դեռ Ադրբեջանի Հանրապետությունն ու քաղաքական վերնախավն իր պետության ազգային գաղափարախոսությունը դարձրել է հակահայկականությունը, ես մշուշոտ եմ համարում այս տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատումը: Ցանկացած բանակցությունների հաջող ընթացքի, էլ չեմ ասում ավարտի համար, առաջին գրավականն այն է, որ կողմերը պատրաստ են գնալ փոխզիջումների եւ կողմերը ոչ թե տուրք են տալիս ռազմատենչ հռետորաբանությանը, այլ գիտակցում են, որ ցանկացած պատերազմ պետք է ավարտվի բանակցությունների միջոցով: Եվ ոչ թե հեռացնում են իրենց կարծիքները կամ սկզբունքները, այլ մոտեցնում են: Գոնե վերջին երկու տարիների ընթացքում` Սաֆարովի արտահանձնումից հետո, Ադրբեջանի թե° քաղաքական գործիչների բառապաշարը, թե° նրանց գործողությունները հակասեցին Մինսկի խմբի ընդունած երեք սկզբունքների տրամաբանությանը:
Իսկ այդ սկզբունքներն են` ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Եվ հստակ բոլոր Մինսկի խմբի երեք համանախագահները բազմիցս նշել են, որ չի կարող մի սկզբունքն ավելի գերակա լինել, քան մյուսը: Ադրբեջանցիները վերցնում են մի սկզբունք` տարածքային ամբողջականություն, նույն սկզբունքով էլ հոխորտում են մեզ վրա:
- Ի վերջո, որն է հակամարտության լուծման բանալին:
- Հակամարտության բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Մոսկվայում կամ Փարիզում ու Բրյուսելում, այլ` Ստեփանակերտում: Որովհետեւ սա ոչ թե տարածքային վեճ է, այլ` ազգերի ինքնորոշման իրավունքի դասական օրինակ: Եվ միացյալ ազգերի կանոնադրության մեջ հստակ ամրագրված է` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը ընդամենը սկզբունք: Սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրականացմանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

