«ՄԵՐ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ՄԵՐ ԶԳԵՍՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՉԱՐՏԱՀԱՅՏՎԵՆ, ԱՅԼ ՄԵՐ ԳՈՐԾՈՎ, ՄԵՐ ՄՏՔՈՎ ...» (Տեսանյութ)
Արխիվ 12-16«ՄԵՐ ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ՄԵՐ ԶԳԵՍՏՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՉԱՐՏԱՀԱՅՏՎԵՆ, ԱՅԼ ՄԵՐ ԳՈՐԾՈՎ, ՄԵՐ ՄՏՔՈՎ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ» (Տեսանյութ)
Օրերս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ առաջնորդությամբ շուրջ 140 երիտասարդ ուխտավոր, այդ թվում` լրագրողներ, եղան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում: Ուխտագնացության ընթացքում երիտասարդները նաեւ այցելեցին հյուսիս-արևելյան հատվածի զորամասերից մեկը, որտեղ էլ հենց զորամասի եկեղեցում մատուցվեց կիրակնօրյա Սուրբ Պատարագը: Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ Ս. Պատարագի վերջում նախ շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առթիվ, ապա մայիսյան հաղթանակների. «Ուզում եմ բոլորիդ շնորհավորել զատկական այս` դեռ 40 օր շարունակվող մեծ հաղթանակի` Հարության եւ ճշմարտության տոնի առիթով, եւ մաղթել, որ նախեւառաջ դուք ապահովությամբ ծառայեք, խաղաղ ծառայություն ունենաք եւ խաղաղությամբ վերադառնաք ձեր անձնական ընտանիքները, որովհետեւ դուք այժմ ձեր մեծ ընտանիքի պաշտպանության եւ պահպանության մեծ առաքելության մեջ եք: Ես վստահ եմ, որ դուք դա պատվով, հպարտությամբ, առանց տրտնջալու, առանց հայհոյելու, առանց բամբասելու եք կրում,
առանց վախկոտության եք կրում, առանց երկչոտություն ունենալու եք կրում: Եվ ամբողջը ձեզ համար քաջության, հպարտության եւ վեհագույն հասկացողություն ունենալու պաշտպանի գիտակցությամբ է, որ դուք այսօր իրականացնում եք ձեր առաքելությունը: Ես ուզում եմ` բոլորիդ այսօր քաջալերելով, խրախուսելով այս մեծ հաղթանակի տոնի առթիվ` Սուրբ Հարության հաղթանակի, նաեւ առիթից օգտվելով շնորհավորել առաջիկա օրերի վրա տարածվող մեր հայրենիքի, մեր ժողովրդի այս պատմական օրերի` դեպի մեզ եկող մայիսի 8-ի, մայիսի 9-ի, մայիսի 22-ի, մայիսի 26-ի, մայիսի 28-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի հայ զինվորը միայն ասոցացվի հաղթանակի հետ: Հաղթանակի իր ապրած կյանքով, հաղթանակի իր բռնած գործով, հաղթանակի, երբ ժամանակը եւ պահը պահանջվի, նաեւ թշնամու դեմ պատերազմելով»: Ապա հավելեց. «Ուզում եմ նաեւ Սուրբ Էջմիածնից գալով` մեր Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու ողջույնները փոխանցել բոլոր ծառայողներին` մեր հրամկազմին, մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործի մեջ են: Ու նաեւ մեր շնորհակալությունը հայտնել մեր զինված ուժերի հոգեւոր հովվին` Տեր Վրթանես եպիսկոպոս
Աբրահամյանին, բանակում ծառայող մեր բոլոր հոգեւորականներին, Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին… Մաղթում եմ, որպեսզի Աստված մեր կյանքը կանաչ կյանքի վերածի: Տրտմություն չլինի մեր ճանապարհին, դժբախտություն չլինի մեր ճանապարհին, ինչպես ասացի, վախկոտություն չլինի մեր ճանապարհին: Մեր քաջությունը թող մեր զգեստների միջոցով չարտահայտվեն, այլ մեր գործով, մեր մտքով եւ ամբողջ գիտակցությամբ ու խոսքով: Կրկին եւ նորից Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Տեսանյութը դիտե՛ք ստորեւ.

