ՙ«ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾԽԱՄՈՐՃԸ, ՄԿՐԱՏՆ ՈՒ ՈՒՂԵԳՈՐԳԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆԻՆ»
Արխիվ 12-16«ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾԽԱՄՈՐՃԸ, ՄԿՐԱՏՆ
ՈՒ ՈՒՂԵԳՈՐԳԸ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆԻՆ»
1995 թվականին, երբ նշվում էր հայոց մեծ զորավար ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ծննդյան 130-ամյակը, Արշակունյաց 3 հասցեում բացվեց զորավարի անունը կրող թանգարան, որը որոշ ժամանակ անց փակվեց: Սակայն թանգարանի հիմնադիրը` տնտեսագետ, գրող, հրապարակախոս ԻԼՅԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, իր առջեւ հստակ նպատակ էր դրել` վերաբացել թանգարանը եւ սերունդներին ցույց տալ հայազգի նվիրյալ զորավար Անդրանիկին պատկանող իրերը: Բազմաթիվ խնդիրներ լուծելուց հետո, 2006 թվականի սեպտեմբերի 16-ից թանգարանը կրկին իր այցելուների առջեւ վերաբացեց դռները: Թանգարանում պահվում են ոչ միայն Անդրանիկի, այլեւ հայ նշանավոր ֆիդայիներին պատկանող իրեր, նրանց կյանքը եւ գործունեությունը ներկայացնող 300 հազարից ավելի ցուցանմուշներ: Վերաբացվելու հետ թանգարանում բացվեց երկրորդ ցուցադրությունը:
Թանգարան հիմնելու գաղափարը հիմնադրի մոտ առաջացել է դեռ ուսանողության տարիներին եւ այդ ժամանակվանից էլ Ի. Բեգլարյանը սկսել է հավաքել Անդրանիկին պատկանող իրեր: Մինչ կստեղծվեր թանգարանը, այդ նմուշները նա մասունքի նման պահել է իր մոտ, որոնք էլ տարիների ընթացքում համալրվել են: Այդ ամենի արդյունքում այժմ թանգարանի ցուցասրահները գերհագեցած են նմուշներով:
Թանգարանի ներկա վիճակի եւ խնդիրների մասին «Իրավունքը» զրուցեց թանգարանի տնօրեն ԺՈՐԺԵՏԱ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ:
«ՈՒՇԱՑԱԾ, ԲԱՅՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ»
-Յոթ տարի առաջ, երբ վերսկսեցինք թանգարանի վերաբացման աշխատանքները, բնավ կասկած չունեինք, որ թանգարաններով հարուստ
Հայաստան աշխարհին եւ հատկապես Երեւանին անհրաժեշտ է նաեւ հայ ազգային-ազատագրական շարժման պատմությունը եւ նրա գործիչների սխրանքը ներկայացնող այսպիսի մի օջախ: Դատելով մեր այցելուների թվից, համոզվում ենք, որ ուշացած, բայց, անհրաժեշտ էր թանգարանի ստեղծումը: Հպարտորեն կարող ենք ասել, որ թանգարանի ստեղծման նախաշեմին իրենց խորհուրդներով աջակել են մեր օջախի բարեկամները` Սիլվա Կապուտիկյանը, Գեւորգ Էմինը, Գոհար Գասպարյանը, Ֆադեյ Սարգսյանը, ով մեր գիտխորհրդի առաջին նախագահն է եղել: Այս մարդիկ մեզ ոչ միայն ոգեւորում, այլեւ իրենց անձնական արխիվներում պահվող անդրանիկյան նյութերով հարստացնում էին մեր ցուցադրությունները: Մեր նպատակն է` հայ հերոսների անձնական մասունքների ցուցադրումով կրկին վերհիշել հայ ազգի ազատության եւ անկախության համար պայքարի ելած ընտրյալների կյանքը եւ գործունեությունը:
«ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՄԻՇՏ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է
ԱՆԴՐԱՆԻԿԻ ԹՈՒՐԸ»
-Թանգարանն ունի երկու ցուցասրահ, առաջինում ներկայացված են մանրակերտներ` զորավար Անդրանիկի ծննդավայրը` Շապին-Գարահիսար գյուղաքաղաքը, Անդրանիկի տունը, որտեղ նա ապրել է: Մեզ մոտ Անդրանիկին պատկանող ցուցանմուշները բազմազան են, որոնք բերվել են Վառնայում գտնվող նրա բնակարանից: Անձնական իրերի հետ միասին կան նաեւ գյուղատնտեսական գործիքներ, որոնցով մշակել է իր այգին: Թանգարանն այսօր էլ համալրվում է ցուցանմուշներով: Վերջերս ԱՄՆ-ի Լինքոլն քաղաքից Արա Ղազարյանցը ամերիկահայ քույրեր Իդա եւ Վեռոնիկ Աղայանների խնդրով, թանգարանին նվիրաբերեց զորավարի ծխամորճը: Այն քույրերի մոտ է հայտնվել նրանց մորական պապիկի` բժիշկ Տեր-Ստեփանյանցի միջոցով, վերջինս եղել է Անդրանիկի բժիշկը: Թանգարանի ցուցանմուշները համալրվեցին նաեւ Անդրանիկի անձնական մկրատով, ուղեգորգով, որը ֆիդայիները օգտագործել են ճանապարհներին հանգստանալու համար: Ցուցանմուշներից ոչ բոլորն են ցուցադրվում, սակայն մենք այնպես ենք անում, որ դրանք պարբերաբար ցուցադրվեն: Մեր առաքելությունը համարում ենք կատարված, երբ յուրաքանչյուր այցելուի աչքերում տեսնում ենք առկայծող կրակ: Մեր այցելուներին միշտ հետաքրքրել է Անդրանիկի թուրը, որի վրա բարձր դասարանցիները երդվում են մինչ զինվորական ծառայության մեկնելը:
«ԹԱՆԳԱՐԱՆԸ ՈԳԵԿՈՉՈՒՄ Է ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ`
ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
-Թանգարանում պահվում են նշանավոր ֆիդայիներին պատկանող իրեր, նրանցից մեկը Մախլուտոն է (Սմբատ Բորոյան): Այստեղ է գտնվում նրա անձնական սունդուկը, որի մեջ հայտնաբերել ենք պատեֆոն, սկավառակի վրա Սմբատ Շահազիզի «Երազ» բանաստեղծությունն է` վերածված երգի` Հայկանուշ Դանիելյանի կատարմամբ: Նրան պատկանող սունդուկում եղել են նաեւ ձիու սմբակներ, լամպ: Աշխարհի տարբեր ծայրից եկած այցելուները ակնածանքով եւ խոնարհումով են մուտք գործում թանգարան, քանի որ ամեն անգամ տեսնում են մեր պատմության հերոսական դրվագներից մեկը եւ այդ դրվագները կերտող անձանց իրերը: Թանգարանը երբեք այցելուների պակաս չի ունենում, հիմնական այցելուները աշակերտներն ու ուսանողներն են, չնայած` սփյուռքահայերը եւ օտարերկրացիները նույնպես շատ են: Ուրախալի է, որ ունենում ենք նաեւ շրջաններից այցելուներ: Թանգարան այցելող աշակերտները, դպրոցի գրադարանները ամեն այցելության ժամանակ ստանում են թանգարանի հիմնադրի կողմից հրատարակված գրքեր, որոնք կրկին պատմում են հայդուկների եւ նրանց գործունեության մասին: Այս թանգարանը ոգեկոչում է մեր մատաղ սերնդին` սիրել Հայրենիքը, լծվել նրա հարստացման եւ հզորացման գործին:
ԱՆԴՐԱՆԻԿԻ 100-ԱՄՅԱԿԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
-Այս տարի «Թանգարանային գիշեր» միջոցառմանը թանգարանը կներկայանա «Զորավար Անդրանիկը եւ Առաջին համաշխարհային պատերազմը» թեմայով զեկույցով, հանդես կգա Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը: Կլինի նաեւ համերգային ծրագիր, որտեղ կհնչեն միայն ազգային-ազատագրական երգեր, հանդես կգան պարային խմբեր, որոնք նույնպես կկատարեն մեր ավանդական պարերը: Քանի որ 2015 թվականին լրանում է Անդրանիկի 150-ամյակը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ուստի թանգարանը նախապատրաստվում է իրականացնել ծրագրեր` կապված այդ նշանավոր իրադարձությունների հետ: Այս երկու տարելիցների կապակցությամբ նախատեսված է հրատարակել գիրք: Թանգարանում կա հատուկ անկյուն նվիրված Ցեղասպանությանը` գրքեր, արձանագրություններ եւ այլ նյութեր:
Նշենք, որ թանգարանին կից գործում է նաեւ փոքրիկ այգի, որտեղ տեղադրված են Անդրանիկի, սեւքարեցի Սաքոյի եւ այլ հայդուկների քանդակներ, որոնք կերտել եւ թանգարանին են նվիրել հայտնի քանդակագործներ Արա Շիրազը, Տարիել Հակոբյանը, Ռուբեն Նալբանդյանը եւ այլք:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

