ՙՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է՚
Արխիվ 12-16ՙՄեր նատուրոն բաշխո՚-ի ¥այսինքն` մենք ուրիշ ենք, ինչպես ասում են հաճընցիները¤ կարգախոսի ներքո օրերս ՙՆարեկացի՚ արվեստի միության սրահում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառումը` նվիրված Հաճընի ութամսյա հերոսամարտին: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի ՙՀաճըն՚ հայրենակցական միությունը` հանձին ատենապետ Հովհաննես Գրիգորյանի:
Միջոցառումը միտված էր եւս մեկ անգամ ինչպես մեզ, այնպես էլ աշխարհին ցույց տալու, որ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, եւ որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել: Վկան` աշխարհասփյուռ հայերն ու տվյալ դեպքում` հաճընցիների սերունդները:
ՙՀաճըն՚ միության հայաստանյան ատենապետ Հ. Գրիգորյանը վստահեցնում է. ՙՄեր միությունն ուժերի ներածին չափով փորձում է հավատարիմ մնալ հայրենակցական միությունների առաքելությանը: Այն է` ազգային խնդիրների լուծման շուրջ համատեղել ջանքերը ՙՀաճըն՚ հայրենակցական միության արտասահմանյան մասնաճյուղերի, ինչպես նաեւ` Արգենտինայի կենտրոնական վարչության հետª վառ պահելով հիշողությունը Հաճընի մասին եւ նոր սերունդներին հղելով հարազատ վայրերը մի օր անպայման վերադառնալու արդարացի պատգամը՚:
Ըստ այդմ էլ, Հ. Գրիգորյանը ՙՀաճըն՚ հայրենակցական միության ինչպես տեղական, այնպես էլ Սփյուռքի մասնաճյուղերի կողմից հանդես եկավ հայտարարությամբ. ՙՄոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արդեն 21-րդ դարն է, սակայն աշխարհում կան ոչ միայն այնպիսի երկրներ, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը, այլեւ այնպիսիք, որոնք ժխտում են այն` որպես իրողություն: Այդ երկրներից մեկը տարածքային առումով` Հայաստանի Հանրապետության հարեւան Թուրքիայի Հանրապետությունն է` մեկ դար առաջ Հայոց ցեղասպանությունը մանրամասն ծրագրած եւ իրագործած երկիրը:
Արգենտինայի ՙՀաճըն՚ հայրենակցական միության կենտրոնական վարչության, ինչպես նաեւ Հունաստանի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հայաստանի մեր միությունների կողմից խստագույնս դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունն ու դրա վերաբերյալ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը եւ կոչ անում ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Այսօր Թուրքիան, չնայած այլեւայլ ոլորտներում գրանցած առաջընթացին, միեւնույն է, իր վրայից չի ջնջի պատմության խարանն այնքան ժամանակ, մինչեւ չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, հիշողությունը հայի արյան մեջ է, եւ եթե Թուրքիան հետամուտ չլինի ճանաչման ու հատուցման գործընթացին, մենք մեր պահանջները` ինչպես բարոյական, այնպես էլ հողային, կտեղափոխենք իրավական հարթություն:
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան ժխտողական քաղաքականության ավելի կատարելագործված դրսեւորում: Պարոն Էրդողան, եթե խոսում եք Ցեղասպանության մասին, ապա բարի եղեք դեպքերը կոչել իրենց անունով. դրանք պարզապես 1915 թվականին տեղի ունեցած իրադարձություններ չեն, այլ ծրագրավորված կոտորածներ` հայ ազգի համար ունեցած կործանարար ու ողբերգական հետեւանքներով: Այս ամենի անունն է ցեղասպանություն, եւ նույն ձեռագրի շարունակությունն այսօր Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք եւս դատապարտելի են: Անշուշտ, Ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելն արդեն իսկ դրական քայլ է, սակայն խոսքը պիտի ճշմարիտ լինի:
Ուստի կոչ ենք անում թույլ տալ Ձեր երկրի ժողովրդին` թոթափել իրենց ուսերից ոճրագործություն իրականացրած ազգի ծանր լուծը, հատկապես, եթե որդեգրել եք քաղաքակիրթ երկրներին վայել ճանապարհով ընթանալու քաղաքականությունը:
Մենք ողջունում ենք ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից օրերս Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը եւ հուսով ենք, որ ԱՄՆ-ը չի բավարարվի դրանով, իսկ Հայոց ցեղասպանությունն առ այսօր չճանաչած երկրները, մասնավորապես` Հոլոքոստ տեսած Իսրայելը, օրինակ կվերցնեն եւ ճանաչմանն ուղղված քայլեր կձեռնարկեն, քանի որ Հայոց ցեղասպանության ժխումը կարող է հնարավորություն ստեղծել նորանոր ցեղասպանությունների համար:
Եվս մեկ անգամ ցանկանում ենք շեշտել, որ մենք պահանջատեր ենք, եւ որ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ: Կոտորածներին զոհ գնացած մոտ 35 հազար հաճընցիներից փրկված մոտ 400 հոգու` աշխարհով մեկ սփռված սերունդները պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում եւ հատուցում՚:

