ՍՈՒՊԵՐ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐª ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Արխիվ 12-16ՍՈՒՊԵՐ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐª ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
ՙԱրցախում սեղմված բնական գազի (ավտոմեքենաների լիցքավորման համար) գները (1խմ համար մինչեւ 390 դրամ) կրկնակի բարձր են` համեմատած Հայաստանի հետ: Ավելին Արցախում լիցքավորված գազով էլ ավելի քիչ ճանապարհ կարելի է անցնել, քան հայաստանյան գազալցակայաններում լիցքավորած գազով՚,- մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ-ի ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆԸ: Խոսքը, հասկանալի է, նաեւ ԼՂՀ-ի կազմում գտնվող, այսպես կոչված, ազատագրված տարածքների մասին է: Եվ այն իրավիճակում, երբ կա այդ տարածքները վերաբնակեցնելու հրամայականը, տրանսպորտի համար գազը կրկնակի թանկ վաճառելը էլ ավելի մտահոգիչ երանգ է ստանում: Ինչեւէ, շարունակելով իր խոսքըª մեր զրուցակիցը նկատեց.
-Արդյունքում` Արցախի վարորդների համար գրեթե կրկնակի գազը թանկ է նստում: Արցախի իշխանությունները դա պատճառաբանում են նրանով, որ արցախյան շուկան փոքր է: Սակայն Արցախին մերձակա հայաստանյան քաղաքներում, օրինակª Վարդենիսում, Գորիսում գազի գինը զգալիորեն է էժան է (180-200 դրամ), չնայած, վստահաբար կարող եմ ասել, որ այնտեղի գազ օգտագործողները Ստեփանակերտից շատ չեն: Մենք գտնում ենք, որ գազի գնի թանկ լինելը պայմանավորված է նաեւ Արցախի որոշ իշխանավորների անձնական շահագրգռվածությամբ: Այդ առումով, մենք` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի նախաձեռնությամբ ստորագրահավաք ենք անցկացնում` գազալցակայաններում գազի գները իջեցնելու նպատակով: Մոտ հազար ստորագրություն արդեն հավաքվել է. մասնակիցները հիմնականում տաքսիների, գյուղական երթուղիները սպասարկող ավտոբուսների վարորդներ են:
- Դուք նշեցիք, որ բավականին ժամանակ է, ինչ գազալցակայաններում կրկնակի բարձր է գազի գինը: Ինչո±ւ մինչ այս չէիք բարձրաձայնում:
- Բարձրաձայնել ենք, դրա մասին անընդհատ խոսվում էր նաեւ ԼՂՀ ԱԺ-ում: Այսինքնª ներկայումս քաղաքական ճանապարհով այդ հարցի լուծման բոլոր ուղիները սպառվել են: Մեզ մնացել է միայն հասարակական ճնշում գործադրելու ճանապարհը` ինչն էլ արվում է, քանի որ սա հերթական ոտնձգությունն է մեր ժողովրդի հանդեպ: Սա իշխանությունների կողմից որոշ մարդկանց համար գերշահույթ ապահովելու խնդիր է: Շրջաններում եւ ընդհանրապես ողջ Ղարաբաղի տարածքում գազի լցակայանները մենաշնորհային կամ գերակա վիճակում են: Արցախում, ճիշտ է, գոյություն ունի նման հարցերը կարգավորող համապատասխան պետական հանձնաժողովը, սակայն այն աչք է փակում խախտումների նկատմամբ, իսկ գործառույթների իրականացումն ավելի շատ շոուի է նմանվում:
ԼՂՀ-ի ԱԺ-ի ամբոնից խնդիրը բարձրաձայնած անկախ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆՆ էլ, համոզված է, որ հանրային ծառայությունների եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը աչքաթող է անում այս կարեւոր հարցը:
- Գազի այսպիսի թանկացումը տրամաբանությունից դուրս է. այստեղի եւ Հայաստանի գազալցակայանների գները պետք է լինեն նույնը, քանի որ նրանք գազը ստանում են նույն գնով: Սրա նպատակը, նորից եմ կրկնում, լցակայաններ տեղադրողների համար գերշահույթի ապահովումն է, որը համարում եմ ծանր հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ: Դժգոհությունների նոր ալիք է բարձրանալու: Ես չգիտեմ` ինչ ձեւով են արցախցիները արտահայտվելու այդ հարցի առթիվ, բայց ես` որպես պատգամավոր, որպես ժողովրդի ընտրյալ, որպես քաղաքացի իմ խորին հիասթափությունն ու դժգոհությունն եմ հայտնում այս հարցի առթիվ: Չի բացառվում, որ առաջիկայում բողոքի ակցիաներ, հանրահավաքներ կազմակերպենք` գազալցակայանատերերի գերշահույթի հետ կապված:
Խնդրի հետ կապված` փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՑ:
- ԼՂՀ-ում գործող մի շարք Հ/Կ-ներ, կուսակցություններ, պատգամավորներ պնդում են, որ Արցախի գազալցակայաններում գազի գինը կրկնակի թանկ է: Դրա դեմ նույնիսկ ստորագրահավաք է կազմակերվել: Տեղյա±կ եք խնդրին, եւ եթե, այո, ապա ի±նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունն այդ ուղղությամբ:
- Մինչ Բադասյանի ստորագրահավաքը դեռեւս փետրվար ամսին վարչապետը հանձարարական էր տվել, որպեսզի աշխատանքային խումբ ստեղծվեր եւ ուսումնասիրեր սեղմված գազի շուկայի գները: Դրանից հետո համապատասխան հանձնարարականը եղել է, հանձնաժողովը ստեղծվել է, եւ այս պահին ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: Ըստ իմ տեղեկությունների` արդյունքների մասին շուտով կտեղեկացվի հանրությանը: Այսինքնª կառավարությունն այդ խնդրին արձագանքել է պարոն Բադասյանի ստորագրահավաքից առաջ, քանի որ այն ժամանակ եւս խնդրի մասին բարձրաձայնողներ եղել են: Վարչապետը եւս հրապարակային խոսել է խնդրի մասին: Բայց մյուս կողմից էլ ե°ւ վարչապետը, ե°ւ արտադրական ենթակառուցվածքների նախարարը փաստել են, որ կառավարությունը մեծ լծակներ չունի այդ շուկայում, քանի որ այն ազատ է: Հանձնաժողովի ուսումնասիրություններից հետո պարզ կդառնա, թե կառավարությունը որքանով կարող է միջամտել սեղմված գազի շուկայում գնագոյացման վրա: Եթե պարզվի, որ խնդիրներ կան եւ այդ խնդիրները կարող են լուծվել կառավարության լծակներով, կառավարությունն անպայման կկիրառի իր բոլոր լծակները` խնդիրները լուծելու համար: Միայն այն փաստը, որ ԼՂՀ-ում շատ ավելի բարձր է սեղմված գազի գինը, քան ՀՀ-ում, դա արդեն մտահոգիչ է, բայց դրա պատճառները կարող են լինել մասամբ սուբյեկտիվ, մասամբ էլª օբյեկտիվ: Հենց դրա համար էլ հանձնաժողովը ստեղծվել է, որպեսզի հասկանանք, թե որ մասն է օբյեկտիվ, որ մասը` սուբյեկտիվ:
- Մոտավորապես, երբ կլինեն հանձանաժողովի ուսումնասիրությունների վերջնական արդյունքները:
- Չի բացառվում, որ մոտ օրերս միջանկյալ հայտարարություն լինի, այսինքն տեղեկացնելու համար, թե ինչ փուլում են ուսումնասիրությունները:
Ամեն դեպքում, առնվազն տարօրինակ է թվում այս հարցով ինչ-որ ուսումնասիրություններ անելու փաստը, առավել եւս, որ դրանով զբաղվում են փետրվարից ի վեր ու արդյունք չկա: Տարօրինակ է այն առումով, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում բնական գազի մոտավորապես նույն գներն են: Այսինքնª գազալցակայաններն ինչպես այստեղ, այնպես էլ Արցախում, գազը մատակարարից ձեռք են բերում մոտավորապես նույն գնով:
Գազալցակայանների ծախսերն էլ ¥էլեկտրաէներգիա, աշխատավարձեր, ներդրումներ եւ այլն¤ մոտավորապես նույնն են: Այսինքնª արցախյան ամեն մի գազալցակայան գազ վաճառելով հայաստանյան գներով, լիուլի կտեղավորվեին շահութաբերության նորմաների մեջª պատկառելի եկամուտներն էլ ներառված: Բացի այդ, Հայաստանում կան գազալցակայաններ, որոնք 1 խմ գազը արդեն վաճառում են 165 դրամով, այն էլª միանգամայն նորմալ լիցքավորելով ավտոմեքենաները: Դրա կողքին, ասենք Երեւանում, սահմանված մոտ 180-200 դրամ/խմ գինն արդեն իսկ գերշահութաբեր է: Իսկ երբ դրանից հետո արցախյան գազալցակայանները այդ նույն գազը վաճառում են էականորեն ավելի թանկ, նշանակում է, որ յուրաքանչյուր խմ-ից ստանում են ավելի շատ եկամուտ, քան այդ գազն արդյունահանողը, մինչեւ Հայաստան ու ԼՂՀ հասցնողը ու հարկահավաքման համակարգերը միասին վերցրած: Իսկ թե պատերազմական երկրից գազի, այսինքնª նաեւ տրանսպորտի, բեռնափոխադրումների եւ մնացած ամեն ինչի հաշվին գերշահույթներ քամելն ինչ տխուր հետեւանքներով է հղի, դժվար չէ ենթադրել: Առավել եւս, որ դրանից օգտվում են հատուկենտ մոնոպոլիստ-գազալցակայանատերեր: Եվ միանգամից այս պարզ իրողությունները տեսնելու փոխարեն` ինչ-որ հանձնաժողովներ ստեղծելն ու ամիսներով չգիտես ինչ ուսումնասիրելը միթե առնվազն տարօրինակ չէ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

