ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՙՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏՎԵԼ՚, ԲԱՅՑ... ՏՎԵԼ Է
Երեկ մամուլում լայնորեն շրջանառվում էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հրաժարականի դիմում է ներկայացրել կառավարությանը եւ առաջիկա կառավարության նիստում կստորագրվի նրա հրաժարականն ու Կոտայքի մարզպետ կնշանակվի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Թե որքանով է տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, եւ ինչն է հրաժարականի պատճառը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԻՑ. -Այս պահին մարզպետը հրաժարական չի տվել եւ որեւիցե դիմում չի ներկայացրել: Նման բան չկա:
- Այսինքն` չկա, թե դեռ նախատեսվում է: - Մարզպետ ընդունվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ ու նախագահի հետ համաձայնեցմամբ, իսկ այս պահին մարզպետի կողմից որեւիցե դիմում հրաժարականի կապակցությամբ կառավարությանը ներկայացված չէ: - Իսկ այս տեղեկատվությունը, ըստ Ձեզ, ինչով է պայմանավորված: - Չեմ կարող պատասխանել: Կարող եք գրողներից հարցնել, թե ինչպես կարող են չեղած բանը ներկայացնել որպես իրականություն: Երբ նման բան կլինի, մենք այն ժամանակ պաշտոնապես կմեկնաբանենք: Պատճառները կարող են լինել սուբյեկտիվ եւ օբյեկտիվ: Ուղղակի, մտածելակերպի խնդիր է, թե ինչու են շտապում լրատվամիջոցները ու չեղած բան գրում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ Հ.Գ.- Ավելի ուշ, այնուամենայնիվ, Կովալենկո Շահգալդյանը նույնպես հաստատել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: