ՙԱնշուշտ, բոլորի մոտ էլ լինում են գարնանային սրացումներ...
Արխիվ 12-16
Անշուշտ, բոլորի մոտ էլ լինում են գարնանային սրացումներ, սակայն որոշ քաղաքական գործիչների մոտ դրանք արտահայտվում են արդեն գարնանային տեսիլքների տեսքով: Այսպես, ըստ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ` ՙԵրեւանում Ռուսաստանի հատուկ ծառայությունները կազմակերպել էին մայիսմեկյան գործողություն` ուղղված Հայաստանի պետականության, Հայաստանի ինքնիշխանության դեմ: ԿԿԲ-ական այդ գործողությունն անցնում էր մայիսմեկյան կոմունիստական շքերթի անվան տակ` կարմիր դրոշներով, մուրճ ու մանգաղով եւ Կրեմլի այսօրվա նեոկայսերապետական գաղափարախոսությամբ: Իրականացնողները նույն կանաչ մարդուկներն էին, որոնք այսօր Ուկրաինայի արեւելքում իրագործում են Պուտինի ծրագիրը` տապալել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՚: Դե ինչ ասես, մեր բավականին սակավաթիվ կոմունիստները, ովքեր ամեն տարի համապատասխան առիթներով իրենց ավանդական ցույցն են անում, Շահնազարյանի աչքին երեւացել են ռուս հատուկ ջոկատայինների ահարկու տեսքով:
Դեռ լավ է, որ չի պնդում, թե կարմիր դրոշների մեջ ինքնաձիգեր եւ նռնականետեր էին փաթաթած: Դա այն դեպքն է, երբ թերեւս նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի ասած ՙուրիշ մասնագետը՚ չի օգնի: Իսկ քաղաքացիական մասնագիտությամբ ՙուրիշ մասնագետ՚, Հայաստանի միակ եւ անկրկնելի մարքսիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ աչքին թերեւս որոշ բաներ երեւացել են, բայց, այնուամենայնիվ, Շահնազարյանի նմանների համեմատությամբ նա ողջամտության եւ սթափ մտածողության գագաթնակետ է երեւում: Ահավասիկ, ՙպառլամենտական արտահերթ ընտրությունները ես տեսնում եմ իբրեւ պատմական անհրաժեշտություն, բայց հավանական եմ համարում, որ արտահերթ նախագահականն առաջ ընկնի արտահերթ պառլամենտականից՚: Դե, երազել արգելված չէ, իսկ ամենայն հայոց մարքսիստը պարզապես երազում է բարձրաձայն ու սեփական երազանքները ներկայացնում ոչ թե որպես գեղարվեստական հորինվածք, այլ` քաղաքական ելույթ: Դե ինչ, ներողամիտ լինենք, ի վերջո, ուրիշ մարքսիստ մեր երկրում պարզապես չունենք, եղածը պետք է պահպանենք ու փայփայենք:
Այս գարնանային սրացումների պահին հանկարծ հայտնաբերեցինք պարադոքսալ ճշմարտություն` որ ԱՐՏԱԳԱՂԹԻ մասին առկա համատարած տեսակետը, թե մարդիկ փախչում են աղքատությունից եւ անարդարությունից, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հայտնաբերել եւ ՙՖեյսբուքով՚ մեկ տարածել էր միգրացիայի մասին Համաշխարհային բանկի կազմած ամփոփ գրաֆիկը, ուր տրված են թվեր մի քանի երկրների, այդ թվում Հայաստանի համար, սկսած 1965 թվականից: Եվ ահա զարմանքով հայտնաբերում ենք, որ 1980 թվականին ներգաղթը կանգ է առել, իսկ 1980-87 թվականներին Հայաստանից արտագաղթի տեմպերը ճիշտ ու ճիշտ այնքան էին, ինչքան այսօր: Բայց չէ որ, գրողը տանի, 1980-87 թվականներին ոչ ոք էլ վատ չէր ապրում, ու բողոքներ չկան, թե համատարած անարդարություն էր տիրում Հայաստանում, ընդհակառակը, նույնիսկ մեծամասնությունը մեծ կարոտով են հիշում այդ տարիները: Հիմա ինչո±վ բացատրել այդ պարադոքսը, ուրեմն` իրականում աղքատությունն ու անարդարությունը չեն թիվ մեկ պատճառը, ուրեմն այլ մեխանիզմներ են մեր հայրենակիցներին մղում օտար ափեր: Ինչեւէ, արտագաղթի հարցը պահանջում է լուրջ, քաղաքականացումից, կարծրատիպերից եւ զգացմունքներից հեռու ուսումնասիրություն, այլապես այդ արատավոր երեւույթի վերջը տալու ճշգրիտ մեթոդաբանություն չենք գտնի:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

