ՙԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՎ LAMBORGHINI ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՎ LAMBORGHINI ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Բոլորովին վերջերս, Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ 67 կողմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց շքեղության մասին օրենքը, ըստ որի, այսուհետ 25 մլն դրամ եւ ավել գին ունեցող շքեղ մեքենաների ակցիզավորումը` շքեղության հարկը հանվում է: Այս օրենքի ընդունումից առավել ուրախ են այն անձինք ու հատկապես պատգամավորները, ովքեր անտարբեր չեն անցնում շքեղ կոչվող որեւէ բանի կողքից: Եվ այսպես, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ական պատգամավոր, ապակե տարաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության սեփականատեր Մելիք Մանուկյանը, նույն ինքը` շշի Մելոն, այս տարի իրեն առանձնահատուկ ճոխություն է թույլ տվել` ձեռք բերելով դեղին գույնի Lamborghini տեսակի ավտոմեքենա, որը բավականին թանկարժեք է եւ հենց այդ գույնից, 2013 թվականին թողարկվել է սահմանափակ քանակությամբ` ընդամենը 100 օրինակ: Այս շքեղ մակնիշը դասվում է աշխարհի ամենաթանկ մեքենաների շարքին, եւ նրա մոտավոր արժեքն է 1 մլն $: Իսկ թե ինչպես կարելի է պատգամավորական աշխատավարձով ձեռք բերել նմանատիպ արժողությամբ ավտոմեքենա, կարելի է միայն երազում պատկերացնել: Այնպես որ, ժողովրդի դարդ ու ցավի մասին խոսելը հեշտ է, սակայն նույն ժողովրդի հաշվին աշխարհի ամենաճոխ մեքենաներ ձեռք բերելը կարծես այդքան էլ դժվար չէ:
Ի դեպ, նշենք, որ պատգամավորը հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ` հարազատների պատճառով: Ըստ լուրերի` նրա եղբորորդի Մովսես Մանուկյանը հարբած վիճակում վիճաբանել է Աբովյան քաղաքի քաղաքացի Համազասպ Լալայանի հետ եւ բռնություն կիրառել նրա կնոջ` Մարինե Ասատրյանի նկատմամբ, զենքով դիտավորությամբ հարվածելով Մարինեի դեմքին ու կրծքավանդակին` պատճառելով արյունազեղում: Արդյունքում խուլիգանություն իրականացնողները այսօր կանգնած են դատարանի առաջ:
Սա էլ բավարար չէ, բոլորովին վերջերս հենց Մելոյի որդին է հայտնվել ոստիկանության ուշադրության կենտրոնում` կրկին վիճաբանություն կատարելու համար, չնայած պատգամավորը փորձել է հերքել` ասելով, որ իր տղան շատ խելոք գնում է համալսարան դասի եւ նույնչափ խելոք էլ տուն է վերադառնում: Սակայն կան տեղեկություններ այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավորը 18-ամյա որդու արարքները մաքրելու գործով հաճախակի է երեւացել ոստիկանության քննչական համապատասխան բաժնում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

