Վարդան Այվազյան. «ԿՆԵՐԵՔ, ԲԱՅՑ ԱՅԴ ՍԱՈՒՆԱՆԵՐՈՒՄ ՄԵԿ-ՄԵԿ ՆԱԵՎ ԼՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԷԼ» (Տեսանյութ)
Արխիվ 12-16Վարդան Այվազյան. «ԿՆԵՐԵՔ, ԲԱՅՑ ԱՅԴ ՍԱՈՒՆԱՆԵՐՈՒՄ ՄԵԿ-ՄԵԿ ՆԱԵՎ ԼՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԷԼ» (Տեսանյութ)
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆՆ ու Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ ջան ասում, ջան լսում էին` խոսելով նոր կառավարության սպասելիքների եւ հետեւանքների մասին: Ինչպես նշեց Ա.Բախշյանը. «Լինելով մանկավարժ` փորձով գիտեմ, ուսուցիչների ասած, ամենաանհուսալի աշակերտին կարողանում էի դարձի բերել, որովհետեւ ես անընդհատ ասում էի` դու լավն ես, դու չգիտես, որ լավն ես, դու կարող ես սա անել եւ ավելի լավ անել: Եվ բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ այդ տղան այսօր շատ պիտանի մարդ է դարձել մեր երկրում: Հետեւաբար, այս «պրիոմը» օգտագործում եմ մեր կառավարությանը թասիբի գցելու համար, որ դուք կարող եք»: Ապա հակադարձեց ինքն իրեն. «Չէ, դեռ լավը չեք բոլորովին, բայց կարող եք, դրա համար եմ թասիբի գցում, որ դառնաք»: Եվ, իհարկե, հարազատ մնալով իր կուսակցության վարած քաղաքականությանը` տիկին Բախշյանը սկսեց մեկ առ մեկ վերհիշել նոր նախարարների հասցեին գրված բոլոր վատ հրապարակումները մամուլում:
Վ. Այվազյանը երկար չընդմիջելուց հետո տիկին Բախշյանին ասաց. «Ես մոտավորապես 20 տարի է քաղաքականության մեջ եմ եւ մի բան եմ ուզում արձանագրել, որ, ցավոք սրտի, մենք հասել ենք մի վիճակի, որ ամենավարկաբեկված, ամենախոցելի եւ, այսպես ասած, ամենավատը դարձել են քաղաքական գործիչները: Եվ ցանկացած իշխանական ձեւավորում կախված նրանից թե՛ կլինի ընդդիմությունից, թե՛
իշխանությունից, դատապարտված է»: Շարունակելով պատասխանել Անահիտ Բախշյանին` Վ.Այվազյանը հիշեցրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ կապված մի դեպք. «Հիշո՞ւմ եք, որ մենք քննարկում էինք «Հաստատագրված վճարումների մասին» օրենքը, որտեղ հարցեր էին շոշափվում բաղնիքներից սկսած ամեն ինչի մասին: Եվ ձեր ընկերուհին ելույթ էր ունենում ու ասում` բա այդ սաունաները… Ես էլ ասացի` կներեք, բայց այդ սաունաներում մեկ-մեկ նաեւ լողանում են էլ: Այսինքն` երբ մենք սաունայի վրա գին էինք դնում, դնում էինք, որովհետեւ այնտեղ լողանալու տեղ է, ոչ թե ուրիշ բանի տեղ: Հիմա կառավարությունը եկել է ու պետք է իր առջեւ դնենք աշխատալու խնդիր, ոչ թե ի սկզբանե ասենք, որ դուք ձախողված եք: Ընդհանրապես աշխարհում գոյություն ունի ժամկետ, 100 օր եկեք համբերենք, տեսնենք ինչ կանեն: Ինձ օրինակ հույս ներշնչում է, որ այս կառավարությունը ավելի շատ բան կանի, քան որեւէ մեկը»:
Իսկ թե ինչ են մտածում պարտադիր կուտակային կենսաթոշակի եւ ԱԺ նախագահի ընտրությունների մասին Վարդան Այվազյանն ու Անահիտ Բախշյանը, ծանոթացեք Iravunk.com-ի տեսանյութում.
Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

