ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻ. ՙԱՅՍ ԱՆԳԱՄ ԿՀԱՍՑՆԵՄ ՇՐՋԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՚
Արխիվ 12-16ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻ. ՙԱՅՍ ԱՆԳԱՄ ԿՀԱՍՑՆԵՄ ՇՐՋԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ՚
Օրերս Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Իտալացի արվեստագետի աշխատանքների ցուցահանդեսն ընթանում է ՀՀ նախագահի բարձր հովանու, ինչպես նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո: Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում` իտալացի արվեստագետը ներկայացնում է իր բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք: Ինչ խոսք, այն հայ արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռում` ծանոթանալու իտալական արդի արվեստին:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում անվանի արվեստագետը դժվարացավ իր համար առանձնացնել ցուցադրված 100 գործերից մեկը. ՙ Դժվար է առանձնացնել ինչ-որ կոնկրետ նկար: Բոլորն էլ իրենց առանձնահատկությունն ունեն՚:
Սա Բ. Բրունի երկրորդ այցն է Հայաստան, առաջին անգամ Հայաստան է եկել 2 ամիս առաջ` մեկ օրով եւ չի հասցրել շրջել Հայաստանով, բայց շեշտեց. ՙԱյս անգամ մի քանի օր ունեմ եւ կհասցնեմ շրջել Հայաստանով՚:
Արվեստագետը նաեւ նշեց, որ ինքն անձամբ շատ բան է սովորել իտալացի հին վարպետներից ու հավելեց. ՙԱյնպիսի գործեր պիտի ստեղծես, որ անհատը նայի քո գործին ու իր համար ընկալելի լինի այն: Այ, ես նախընտրում եմ նման աշխատանքներ ներկայացնել՚:
Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, ՙԱնտիկյան՚ ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆՆ ՙԻրավունքի՚ հետ զրույցում պատմեց, որ այս ցուցահանդեսն ունի իր նախապատմությունը:
- Երկու տարի առաջ Պեզարո քաղաքում կազմակերպեցինք հայ ժամանակակից արվեստագետների` Թենի Վարդանյանի, Արարատ Սարգսյանի, Արա Ալեքյանի, Սարգիս Համալբաշյանի եւ Սամվել Սաղաթելյանի աշխատանքների ցուցահանդես` ՙՈրտեղ փնտրել դրախտը՚ խորագրով: Այնտեղ մեծ ոգեւորությամբ ընդունեցին մեր հայկական ժամանակակից արվեստը: Հետաքրքիր մոտեցում էր` 2 քրիստոնեական հնագույն երկրներ, իրենց հնագույն մշակութային ավանդույթներով հանդերձ, եւ այսօր զրուցում են ժամանակակից արվեստի լեզվով: Այս ցուցահանդեսն էլ շարունակությունն էր այդ նախաձեռնության, քանի որ դրանից հետո մենք հյուրընկալվեցինք Բրունո Բրունիին, որն ի դեպ, ծնունդով հենց Պեզարո քաղաքից է: Արվեստագետների փոխանակությունը ստեղծում է ամենալավ հիմքը` մշակույթների երկխոսության համար:
- Իսկ հեշտ եղավ նրան Երեւան հրավիրելը, քանի որ, սովորաբար այդպիսի բացառիկ արվեստագետների դեպքում բարդություններ լինում են:
- Բարեբախտաբար հեշտ եղավ, քանի որ նման դեպքերում մարդկային գործոնը շատ կարեւոր է:
- Բրունո Բրունին ասաց, որ այս անգամ շատ ժամանակ ունի Հայաստանով շրջելու եւ հայ արվեստագետների գործերին ծանոթանալու համար:
- Այո, մի քանի արվեստանոցներ պիտի այցելենք: Շատ է ուզում ծանոթանալ հայ ժամանակակից քանդակագործների, նկարիչների հետ: Նախորդ այցին ժամանակը սուղ էր, եւ ընդամենը երկու մշակութային կենտրոն կարողացանք այցելել, այն ավելի շատ գործնական հանդիպում էր: Իսկ այս անգամ մի քանի օր ունենք ու անպայման կշրջենք:
Հ.Գ. Ի դեպ, ցուցահանդեսը հայ արվեստասեր հասարակության համար կգործի մինչեւ հունիսի 2-ը: Այդ օրը` Իտալիայի ազգային տոնին, կփակվի ցուցահանդեսը` Բրունո Բրունիի հայաստանյան օրերի մասին ֆիլմի ցուցադրությամբ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

