ՙՕԵԿ-Ի ՏԵՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԴԵՌ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ` ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙՕԵԿ-Ի ՏԵՂԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԴԵՌ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ` ՀԱՏԿԱՊԵՍ ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ՚
Վերջին շրջանում, ներքաղաքական կյանքում կտրուկ շրջադարձեր տեղի ունեցան` կապված ԱԺ նախագահի ընտրությունների հետ, ըստ որի` Ազգային ժողովում գտնվող խմբակցություններն իրենց քվեներով ցույց տվեցին իրենց հստակ դիրքորոշումներն ու քաղաքական կեցվածքը քաղաքական դաշտում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:-Պարոն Ալեքսանյան, չե±ք կարծում, որ նոր կառավարությունը ոչ պաշտոնապես, բայց կոալիցիոն է, քանի որ այնտեղ կան նախարարներ, ովքեր եղել են այլ կուսակցականներ:
- Ես այդպես չեմ կարծում, նրանք հիմա որեւէ կուսակցության չեն պատկանում` կամ ՀՀԿ-ից են, կամ` անկուսակցական: Ուրիշ բան, որ կուսակցականորեն ավելի մեղմ մարդիկ են եւ խիստ կուսակցական գործունեություն չեն վարել, բայց կոալիցիոն չի կարելի անվանել:
- Մայիսի 12-ին կառավարությունը ԱԺ-ի դատին կհանձնի իր ծրագիրը: Ի±նչ եք կարծում, ինչպե±ս այն կընդունի ՙհրաշալի քառյակը՚:
- Հիմա արդեն քառյակ չէ, այլ ՕԵԿ-ը եւս ընդդիմադիր դարձավ: Եվ հիմա դժվար է ասել, թե ինչպես կլինի, բայց քաղաքական առումով դիրքորոշումը ընդդիմադիր կլինի: Իսկ թե որ հարցի շուրջ ինչպիսին կլինեն դիրքորոշումները, ինչ կընդունեն, չեն ընդունի` ապագան ցույց կտա:
- Եթե հաշվի առնենք ԱԺ նախագահի ընտրությունները, ապա չե±ք կարծում, որ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի քայլերը ընդդիմադիր չէին:
- Նայած` ինչ հարցում: Ես կարծում եմ, որ ԱԺ նախագահի ընտրության հարցում սկզբնական կեցվածքն էր սխալ, իսկ վերջնականը` ոչ, քանի որ, այսպես թե այնպես, պետք է ընտրվեր ԱԺ նախագահ, եւ ոչ մի տրամաբանության չէր ենթարկվում այն, որ ասում էին, թե հաշվիչ հանձնաժողովում իրենց անդամները բոյկոտելու են: Այսինքն, այս հարցում ընդունվեց ավելի կառուցողական, այլ ոչ թե կոալիցիոն որոշում, ինչը դրական եմ գնահատում:
ՙՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԳՏՆԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ՚
-Այդ պարագայում ՀԱԿ-ի կեցվածքն ինչպիսի±ն էր, իրենց խմբակցությունից թեկնածու է առաջադրվում, անգամ դրան չեն մասնակցում եւ չեն արձագանքում:
- Ինչ խոսք, ընդդիմադիրները պետք է նախ ճշտեն իրենց դիրքորոշումները, հետո նոր հանդես գան: Իսկ մեր ընդդիմադիրները, առհասարակ անգամ քաղաքական ընդդիմադիր դաշտում ամուր չեն եւ իրենց տեղը չեն գտել: Անտրամաբանական բաներ շատ կան, եւ համաձայն եմ Ձեր այն դիտարկման հետ, որ խմբակցությունը պետք է միասնական որոշումներ կայացնի, հետո նոր հանդես գա: Իսկ եթե այն չի կայացվում միասնական, ապա դա տրամաբանական գործողություններից դուրս է, սա նշանակում է, որ ինչ-որ բան այնպես չէ:
- ԲՀԿ-ն ԱԺ նախագահի ընտրություններին մասնակցեց, եւ միայն երկու օր անց խմբակցության մի քանի պատգամավորներ հայտարարեցին, որ նրանք քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին: Ի±նչ էր սա, հերթական խա±ղ:
- Ես խաղ չէի անվանի, այլ` դիրքորոշման փոփոխություն: Իսկ խաղը պետք է իր նպատակն ունենա: Եթե ընդդիմադիրի կամ այլընտրանքի նպատակն էր ԱԺ նախագահ չընտրելը, ապա չէին մասնակցի, իսկ դա բացառվում էր, քանի որ դա կամ ճգնաժամի էր բերելու, կամ պետք է նախագահն ընտրվեր: Պարզապես, այս պարագայում ամեն մեկն իր կեցվածքը հստակեցնելու կարիք ունի:
- Բայց օրեր անց են հայտարարել, թե ում են ընտրել, սա ինչ է նշանակում:
- Դե, ինչ կարող եմ ասել, դա անտրամաբանական է:
- Ձեր կարծիքով` ՕԵԿ-ի կեցվածքը հստակեցված էր, քանի որ ընդամենը ընտրությունից մեկ օր առաջ հայտարարել էին, որ այլեւս ընդդիմադիր են, բայց խմբակցությունը քվեարկեց Գալուստ Սահակյանի օգտին:
- Անկեղծ ասած, բավական դժվարությամբ եմ ՕԵԿ-ին պատկերացնում ընդդիմադիր: Մեր քաղաքական դաշտում կա ընդդիմություն, այլընտրանք, բայց ՕԵԿ-ի տեղը այնտեղ դեռ չեմ տեսնում` հատկապես այս կառավարության պարագայում: Չէ± որ կառավարության ծրագրերը չեն փոխվել, որովհետեւ դրանք ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերն են: Իսկ այս պարագայում, երբ ՕԵԿ-ը այդ ծրագրերի ինչ-որ մասին արդեն մասնակից է եղել, հիմա ինչ է, պետք է ընդդիմադի±ր լինի: Դրա համար ՕԵԿ-ը խիստ արմատական ընդդիմադիր կեցվածքում դժվարանում եմ պատկերացնել:
- Չեք կարծում, որ Դուք պատասխանեցիք իմ այն հարցին, որ այնուամենայնիվ այս կառավարությունը կոալիցիոն է: Ըստ էության, ՕԵԿ-ը ունեցել է երեք նախարար, որից երկուսը շարունակում են պաշտոնավարել:
- Այո, ինչ-որ առումով ճիշտ է, բայց հիմա խիստ կուսակցականացված չեն նրանք, ինչը դրական եմ համարում, որովհետեւ կառավարությունը որքան զերծ լինի քաղաքականությունից, այնքան իշխանությունների համար դրական կլինի: Կա ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունը` կապված Սպորտի եւ երիտասարդության նախարարի հետ, որ այդ նախարարը պետք է զերծ լինի քաղաքականությունից:
- Վերլուծություններում շատ ենք հանդիպում, որ այս կառավարության ներսում կան այնպիսիք, ովքեր աշխատել են նաեւ ՀՀ 2-րդ նախագահի օրոք եւ նրա կադրերն են:
- Ես չեմ ընդունում այդ տեսակետը, նախկին մարդիկ, նախկին կադրեր, որովհետեւ մարդը աշխատել է նախկին ու ներկա նախագահների օրոք: Եթե ասեք հին կադրեր` դա կընդունեմ, բայց որ Քոչարյանի մարդիկ են, այդպես չեմ ընդունում:
- Բայց նրանցից ոմանք ընկալվում են որպես Քոչարյանի մարդիկ:
- Իսկ ես այդպես չեմ ընկալում, այլ նրանք կառավարության անդամներ են, այլ ոչ թե նրա հորեղբոր տղաները: Նրանք աշխատել են, գնահատվել կամ չեն գնահատվել: Նրանք քաղաքական գործիչներ ու կուսակցականներ չեն, այլ ընդամենը կառավարության ներկայացուցիչներ: Իսկ այն ժամանակ Քոչարյանը կուսակցություն չի ունեցել, այլ նրան աջակցել է ՀՀԿ-ն, եւ նրա ղեկավարության տարիներին եղել են ե°ւ դաշնակցականներ, ե°ւ ՀՀԿ-ականներ, եւ չի բացառվում, որ այդ մարդիկ հիմա եւս լինեն:
- Դուք 2,5 տարի անց կրկին ԱԺ-ում եք: Ինչ տարբերություններ եք նկատում 4-րդ եւ 5-րդ գումարման Ազգային ժողովի միջեւ:
- Ես դեռ նոր փորձում եմ հասկանալ եւ ընկալել իրավիճակը: Դե, ՀՀԿ-ի պարագայում փոփոխություն չեմ տեսնում, իսկ մնացած խմբակցությունների հետ հարաբերությունները ուսումնասիրում եմ: Բայց ինձ համար զարմանալի էր ՕԵԿ-ի դուրս գալը, որը չէի սպասում, քանի որ այն որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Իսկ մնացածների հետ հարաբերությունները հեղհեղուկ են:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

