ՙՌուսական ԶԼՄ-ները հեղեղված են հաղորդագրությամբ, որ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ...
Արխիվ 12-16
Ռուսական ԶԼՄ-ները հեղեղված են հաղորդագրությամբ, որ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ոչ պաշտոնական հրամանագրով առավել քան 300 լրագրողի պարգեւատրել է շքանշաններով եւ մեդալներով` Ղրիմի վերամիավորման գործընթացի ժամանակահատվածում իրենց գործը լավ կատարելու համար: Անշուշտ, դա զարմանալիորեն վկայում է որ Ռուսաստանում լավ են հասկանում, թե 21-րդ դարի պայմաններում տեղեկատվական հոսքերը ոչ պակաս կարեւոր զենք են, քան ռեալ զորքն ու սպառազինությունը, ու այդ պատճառով ըստ արժանվույն գնահատում են նրանց, ովքեր հաղթանակներ են տանում տեղեկատվական ճակատում: Պատահական չէ, որ անձամբ Օբաման էր գանգատվել ռուսական տեղեկատվական հոսքերից: Դե, ինչու չպետք է գանգատվի, չէ որ ռուսական հեռուստաալիքների ու ինտերնետի ամեն օր ցույց տված կադրերը Հարավ-արեւելյան Ուկրաինայի ապստամբ քաղաքներից շատ են խանգարում, որպեսզի ապստամբների հարցը լուծվի ճիշտ այնպես, ինչպես օրինակ, լուծվում էր Իրաքում կամ Լիբիայում:
Որովհետեւ, եթե այդ ամենօրյա կադրերը չլինեին, ապա Կիեւի խամաճիկ վարչախումբը վաղուց այդ քաղաքները ավիառումբերով ու ՙԳրադ՚ կայանքների համազարկերով կհավասարեցներ հողին` ստեղծելով իդեալական պայմաններ, որ այդտեղ էլ տեր ու տիրականը դառնան ամերիկացիք: Ինչեւէ, հուսանք, որ մեզանում էլ տեղեկատվական ճակատը նույնքան կգնահատվի, իսկ դա մեր երկրին շատ է պետք:Իսկ, այ, օրինակ, ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ վերջերս մեզ շարունակաբար զարմացնում է: Հնագույն քաղաքական գործիչներից մեկը, ով համարվում է անկախության սիմվոլ, պետք է որ ցանկացած ակցիայի ժամանակ այլ դրոշ չկրեր, բացի հայոց եռագույնից: Բայց արի ու տես, որ զարմանալիորեն ցույցից ցույց, միկրոհանրահավաքից միկրոհանրահավաք այդտեղ հայտնվում են աստղավոր կապույտ լաթերը, որ կոչվում են Եվրամիության դրոշ: Զարմանալի է, անգամ ամենաարեւմտամետ քաղաքական ուժերը այդ կապույտ լաթերը հետները չեն բերում, իսկ Հայրիկյանի թիմակիցները բերում են: Հիմա էլ, էլ ավելի զարմանալի բան` ՙանկախության սիմվոլը՚ դարձել է այն ակցիայի կազմակերպիչներից մեկը, որը սպասվում է առաջիկայում եւ կոչվում է ՙոչ պուտինիզմին՚: Ախր, անկախության ջատագովը, անկախության համար պայքարի դասականը ի±նչ գործ ունի այլ պետությունների ղեկավարների հետ: Իրեն պիտի որ բացարձակ չհետաքրքրեր` լավն է Պուտինը, թե վատն է: Բայց արի ու տես, հետաքրքրում է: Թե չէ, ինչպե±ս կլիներ` մայիսի 18-ին Ռուսաստանով մեկ լիբերաստները Պուտինի դեմ ցույցերի են դուրս գալիս, իսկ Երեւանում հանկարծ նման ցույց չլիներ:
Ամբողջ համացանցով մեկ տարածվել էր այն լուրը, որ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ մասին պատմող ռեպորտաժում հեռուստաընկերություններից մեկում վարչապետի անունը տիտրերով գնացել էր տառասխալով, հետո էլ տարածվեց լրատվությունը, որ դրա համար լրագրողին ու մոնտաժողին ազատել են աշխատանքից: Անշուշտ, շատ տգեղ էր, որ որոշ լրագրողներ զբաղվել են, կոպիտ ասած, իրենց գործընկերոջ վրա հրապարակավ ՙգործ տալով՚` անվերջ տիրաժավորելով տառասխալը, սակայն մեզ հաճելիորեն զարմացրեց Հովիկ Աբրահամյանը` շատ արագ հրապարակավ արձագանքելով. ՙՀեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ՚: Վերջում նա հորդորում է ՙՀեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը՚: Դե ինչ, դրանով վարչապետը միանգամից տեղը դրեց բոլոր նրանց, ովքեր խառնված էին այդ պատմության մեջ` եւ տիրաժավորողների ու դրանով գործընկերոջը հարվածի տակ դնողների, եւ նրանց, ում մտքով կարող էր անցնել, թե վարչապետը կարող է այդպիսի մանրիկ ծառայության կարիք ունենալ: Ինչեւէ, դրական եւ այլ պաշտոնյաների կողմից ընդօրինակման ենթակա մոտեցում է:
Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը: Ով ասես արտահայտեց իր կարծիքը սահմանադրական փոփոխությունների մասին, ոմանք ողջունում են եւ մասնակացում աշխատանքներին, ոմանք էլ` անընդունելի համարում: Եվ ահա զարմանքով հայտնաբերեցինք, որ հարցի մասին կարծիք է հայտնել գրպանում կուսակցական կնիք ունեցող ՙՓարաքարափակիչ՚ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Նա ոչ ավել- ոչ պակաս հայտարարեց, որ ըստ կուսակցության ակտիվի ժողովի ՙՀայաստանում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, իսկ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը` ազգային դավաճանությանը համազոր հետընթաց՚: Բայց զարմանալի է, մի±թե այդ վաղուց մոռացված քաղաքական ՙծիպլիծատուրին՚ թվում է, թե իր կարծիքն առհասարակ հետաքրքիր է որեւէ մեկին: Դե բայց, քանի որ ժամանակին շատ էր սիրում հեքիաթներ պատմել, իբր Կրեմլում կամ Սպիտակ տանն իրեն շատ բարձր մակարդակով տեղեկատվություն են տալիս ու կարծիքի հետ հաշվի նստում, հիմա էլ իներցիայով որոշել է զարմանալիորեն ոտք գցել ՀԱԿ-ի եւ անգամ ԲՀԿ-ի հետ: Ինչպես կասեր հայտնի գուսանը` խելքի աշեցեք:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

